Եվ վարորդներին են հոգսից թեթևացնում, և վարչապետի հանձնարարականը՝ կատարում
Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Վարչական իրավախախտումների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է վերացնել ճանապարհային երթևեկության ոլորտում թույլ տրվող իրավախախտումների համար նշանակվող տուգանքները սահմանված ժամկետներում չվճարելու դեպքում դրանց նկատմամբ 25 և 50 տոկոս տույժեր կիրառելու ինստիտուտը: Henaran.am-ի հետ զրույցում, խոսելով այս նախագծից, փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը նշեց, որ այդուհանդերձ քաղաքացիները եթե 10 օրվա ժամկետ ունեին ներկայացնելու դիմում, թե ինչ-ինչ պատճառներով չեն վճարել, հիմա այդ ժամկետը դարձել է 30 օր:
Հիշեցնենք, որ Կառավարության նախորդ նիստի ժամանակ այս հարցի հետ կապված հետաքրքիր զրույց էր եղել վարչապետի ու փոխոստիականապետի միջև: «Նվազեցնո՞ւմ ենք, թե հանում ենք տուգանքները», հարցրել էր վարչապետը: Իսկ Վարդան Եղիազարյանն էլ կրկնեց, որ նվազեցնում են: «Հա, հանում ենք, պարոն վարչապետ»:«Ոնց որ սրտով չեք հանում, ոնց որ ցանկանալով չեք հանում: Պարոն Եղիազարյան, ոնց որ ընենց զոռով եք էս բանը բերել»,- նրան պատասխանել էր Կարեն Կարապետյանը:
Մեր հարցին, թե նման կերպ վարչապետի հանձնարարականն են կատարում, նա պատասխանեց. «Այո, այս օրենքով վարչապետի հանձնարականն ամբողջությամբ կատարվել է»: Վարդն Եղիազարյանն ընդգծեց, որ օրենքով նախատեսում է՝ վարորդները, որքան էլ ուշացնեն տուգանքը, դրա համար ստիպված չեն լինի լրացուցիչ վճարել:
Նշենք, որ օրենքը կներկայացվի քննարկման նաև երրորդ ընթեցման: