ԵԽԽՎ-ն սահմանում է տվել “քաղբանտարկյալ” եզրույթին
ԵԽԽՎ-ն սահմանել է “քաղաքական բանտարկյալ” եզրույթը, որը դատական գործընթացների ընթացքում պետք է հաշվի առնեն Եվրախորհրդի երկրները: Գերմանացի խորհրդարանական Քրիստոֆեր Շտրեսերի պատրաստած զեկույցը, որում տրվում է եզրույթի սահմանումը, մշակել են փորձագետները, հաղորդում է “РИА Новости”-ն:
Քաղաքական բանտարկյալ են համարվում այն մարդիկ, ովքեր զրկված են ազատությունից, եթե ազատությունից զրկելը կիրառվել է հիմնական իրավունքներից մեկի խախտման դեպքում, որոնք երաշխավորված են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով եւ դրան կից արձանագրություններով: Նման իրավունքների թվին են դասվում խղճի, մտքի, կրոնի, խոսքի, հավաքների եւ միությունների իրավունքները:
Բացի այդ, քաղբանտարկյալ են համարվում նրանք, ում ազատությունից զրկել են “ակնհայտ քաղաքական պատճառներով` առանց որեւէ իրավական խախտման հետ կապ ունենալու”: Քաղբանտարկյալների թվին են պատկանում նաեւ այն մարդիկ, ովքեր ազատությունից զրկվել են “մյուսների հետ համեմատած խտրականության հիմքի վրա”: Ընդ որում, ահաբեկչության համար դատապարտվածները քաղբանտարկյալ չեն համարվում, եթե դատական գործընթացն ընթացել է ազգային օրենսդրությանը եւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային համապատասխան:
Եզրույթի սահմանումից հետո ԵԽԽՎ-ն կոչ է արել Եվրախորհրդի բոլոր երկրներին վերանայել այն դատական գործերը, որոնցում կարող է խոսք լինել քաղբանտարկյալների մասին, եւ, անկախ արդյունքներից, ազատ արձակել նրանց կամ վերանայել դատական գործը:
ԵԽԽՎ անդամները քաղբանտարկյալների թվին են դասել Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին: