Մի հետաձգեք. Հռոմի Պապը` երիտասարդներին
Ներկայացնում ենք Սրբազան Քահանայապետի նամակն ուղղված երիտասարդներին՝ Եպիսկոպոսների Սինոդի 15-րդ հերթական ընդհանուր համագումարի նախապատրաստական փաստաթղթի ներկայացման կապակցությամբ: «Սիրելի՛ երիտասարդներ, ուրախ եմ տեղեկացնել, որ 2018թ. հոկտեմբերին Եպիսկոպոսների Սինոդը տեղի կունենա հետևյալ թեմայով. «Երիտասարդներ, հավատք և կոչման ընկալում»:
Ես ցանկացա, որ դուք լինեք ուշադրության կենտրոնում, քանի որ դուք իմ սրտում եք: Այսօր ներկայացվելու է նախապատրաստական փաստաթուղթը, մի փաստաթուղթ, որը ևս հանձնում եմ ձեզ՝ որպես «ուղեցույց»՝ այս սինոդական ճամփորդության համար: Ես հիշում եմ այն խոսքերը, որոնք Աստված ասաց Աբրահամին. «Հեռացի՛ր քո երկրից, քո ցեղից ու քո հոր տնից եւ գնա՛ այն երկիրը, որ ցույց կտամ քեզ» (Ծննդ. 12:1): Այս խոսքերն այսօր ուղղվում է նաև ձեզ:
Սրանք այն Հոր խոսքերն են, Ով կոչ է անում ձեզ «գնալ», կերտել ձեր ապագան, որն անորոշ է, սակայն, այն մեկն է, որը կատարվելու է, ապագա, դեպի որը Նա Ինքն է ուղեկցում ձեզ: Ես կոչ եմ անում ձեզ լսել Աստծո ձայնը, որը Սուրբ Հոգու շնչով հնչում է ձեր սրտում:
Երբ Աստված ասաց Աբրահամին «գնա՛», դրանով ի՞նչ էր Նա ուզում ասել: Նա, անշուշտ, չպատվիրեց հեռանալ ինքն իրենից, ընտանիքից կամ աշխարհից: Աբրահամը ստացավ մի լուրջ հրավեր, մարտահրավեր. թողնել ամեն ինչ և գնալ մի նոր երկիր:
Ո՞րն է այսօր մեզ համար այս «նոր երկիրը», եթե ոչ այն ավելի արդար և բարեկամական հասարակությունը, որը դու՛ք՝ երիտասարդներդ, խորապես կամենում և ցանկանում եք կառուցել մինչև աշխարհի ծայրերը: Սակայն, ցավոք, այսօր «գնա՛» բառն ունի նաև այլ նշանակություն, մասնավորապես, իշխանության, անարդարության և պատերազմի չարաշահման իմաստ: Ձեզանից շատերն այսօր ենթարկվում են բռնության և իրենց երկրից ստիպողաբար փախչելու իրական վտանգին:
Նրանց աղաղակը հասնում է Աստծուն, ինչպես Իսրայելի դեպքում էր, երբ ժողովուրդը ստրկացվեց և ենթարկվեց փարավոնի ճնշմանը (Ելք, 2:23): Ես նաև հիշեցնում եմ ձեզ այն խոսքերը, որոնք Հիսուս մի անգամ ասաց իր աշակերտներին, ովքեր հարցրեցին նրան. «Վարդապե՛տ, ո՞ւր է քո օթեւանը»: Նա պատասխանեց. «Եկե՛ք եւ տեսե՛ք» (Հովհ. 1:38): Հիսուս նայում է ձեզ և կոչ է անում գնալ Նրա հետ: Սիրելի՛ երիտասարդներ, արդյո՞ք դուք նկատել եք այդ հայացքը՝ ուղղված դեպի ձեզ: Արդյո՞ք լսել եք այդ ձայնը: Արդյո՞ք զգացել եք այս ճամփորդությունը ձեռնարկելու անհրաժեշտությունը:
Համոզված եմ, որ, չնայած աղմուկին և շփոթությանը, որը, կարծես, տարածված է աշխարհում, այս կոչը շարունակում է արձագանքել ձեր սրտի խորքերում, որպեսզի այն բացի կատարյալ ուրախության առջև: Սա հնարավոր կլինի այն աստիճան, որ նույնիսկ արհեստավարժ ուղեկցորդների հետ դուք կսովորեք, թե ինչպես ձեռնարկել ճամփորդությունը՝ ընկալելու և բացահայտելու Աստծո ծրագիրը ձեր կյանքում: Նույնիսկ այն ժամանակ, երբ ճամփորդությունը անորոշ է և դուք ընկնում եք, Աստված, Ով հարուստ է ողորմությամբ, իր ձեռքը կմեկնի, որպեսզի ձեզ վեր բարձրացնի: Կրակովում անցյալ ԵՀՕ-ի բացման ժամանակ, ես մի քանի անգամ հարցրեցի ձեզ.
«Մենք կարո՞ղ ենք ինչ-որ բաներ փոխել» և դուք բարձրաձայն գոչեցիք. «այո՛»: Այդ գոչյունը գալիս էր ձեր պատանի և երիտասարդ սրտերից, որոնք չեն հանդուրժում անարդարությունը և չեն կարող խոնարհվել «դեն նետելու մշակույթի» առջև, և ոչ էլ հանձնվել անտարբերության համընդհանուր տարածմանը: Լսեցե՛ք ձեր ներսից բխող աղաղակը: Նույնիսկ այն ժամանակ, երբ դուք Երեմիա մարգարեի նման զգում եք երիտասարդության անփորձություն, Աստված քաջալերում է ձեզ գնալ այնտեղ, որտեղ Նա ուղարկում է ձեզ. «Մի՛ վախեցիր, քանզի ես քեզ հետ եմ՝ քեզ փրկելու համար» (Երմ. 1:8): Ավելի լավ աշխարհ կարելի է կառուցել նաև ձեր ջանքերի, աշխարհը փոխելու ձեր ցանկության և ձեր առատաձեռնության միջոցով:
Մի՛ վախեցեք լսել այն Հոգուն, ով առաջարկում է համարձակ ընտրություններ: Մի՛ հետաձգեք, երբ ձեր խիղճը խնդրում է ձեզ Տիրոջը հետևելիս ռիսկի դիմել: Եկեղեցին նույնպես ցանկանում է լսել ձեր ձայնը, ձեր զգացողությունները և ձեր հավատքը, նույնիսկ ձեր կասկածներն ու քննադատությունները: Լսելի դարձրե՛ք ձեր ձայնը, թողե՛ք որ այն արձագանքի համայնքներում և թո՛ղ, որ այն լսելի լինի ձեր հոգիների հովիվների կողմից: Սբ. Բենեդիկտոսը կոչ է արել վանականներին նախքան ինչ-որ կարևոր որոշում կայացնելը խորհրդակցել նույնիսկ երիտասարդների հետ, քանի որ «Տերը հաճախ ավելի երիտասարդներին է ցույց տալիս, թե որն է ամենալավը»:
Նույնն էլ այս Սինոդի ճամփորդության ժամանակ է: Իմ եպիսկոպոս եղբայրները և ես ցանկանում ենք էլ ավելի շատ «աշխատել ձեզ հետ՝ այս ուրախության համար» (2 Կոր. 1:24): Ես ձեզ վստահում եմ Մարիամ Նազովրեցուն, ձեզ նման մի երիտասարդի, ում Աստված նայեց սիրով, որպեսզի Մարիամը բռնի ձեր ձեռքից և ուղեկցի ձեզ դեպի ուրախությունը՝ լիարժեք կերպով և առատաձեռնորեն արձագանքելու Աստծո կոչին՝ հետևյալ բառերով. «Ես այստեղ եմ» (Ղկ. 1:38):
Ծնողական գորովանքով՝ Ֆրանցիսկոս
Աղբյուրը` armenianchurchco.com