25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հովիկ Աբրահամյան. «վոժդից»` նահատակություն. Ժամանակ

Հովիկ Աբրահամյանի մտերիմներն ու «թիմակիցներըե իրար հետևից լքում են ՀՀԿ շարքերը: Մի կողմից այս երևույթը լիովին բնորոշ է հայաստանյան իշխանական և քաղաքական իրականությանը, որտեղ «թայֆայականության» սկզբունքը գերակա է գործնականում բոլոր որոշումներում և գործընթացներում, մյուս կողմից, իհարկե, տեղի է ունենում ներիշխանական, ներհամակարգային վերադասավորումների գործընթացի ուշագրավ շարունակություն, որ պարունակում է մի քանի շերտեր և ասպեկտներ:

Հովիկ Աբրահամյանի հայտարարությունից հետո, թե հեռանում է ՀՀԿ-ից, մամուլում տեղեկություններ եղան, որ նրա հետևից կուսակցությունը թողնելու են այլ մի շարք հնչեղ անուններ, օլիգարխիկ շրջանակների օդիոզ ներկայացուցիչներ: Աբրահամյանն ինքն էլ հանդես գալով հեռանալու մասին ֆեյսբուքյան գրառումով, փաստացի արեց իրեն հետևելու կոչ՝ զգուշացնելով, որ այն, ինչ կատարվում է իր հետ, վերաբերում է բոլորին, այսպես ասած՝ «հներին»:

Սակայն, անցել են օրեր, իսկ Հովիկ Աբրահամյանից հետո ՀՀԿ-ն լքող աղմկոտ անուն կարծես թե չկա: Աբրահամյանը կարծես թե մնում է մենակ, և եթե ՀՀԿ-ից հեռանալով նա ակնկալում էր շրխկացնել դուռը՝ իր հետևից տանելով մի շարք օդիոզ դեմքերի, ապա այժմ ստացվում է, որ նա հեռանում է լիովին մնալով մենակ: Այդ իրավիճակում, միջին շարքերի «թիմակիցներինե ՀՀԿ-ն լքելու գործընթացի մեջ ներգրավելը Հովիկ Աբրահամյանի համար դառնում է «եղանակ ստեղծելու» փոքր մխիթարություն, գոնե առայժմ, քանի դեռ չկա հեռացող այլ հնչեղ անուն:

Մյուս կողմից, բացառված չէ, որ այդ հնչեղ անունները Հովիկ Աբրահամյանին հորդորել են մինչև իրենց հեռանալու ակնարկներ անելը և սպասելը, սկսել իրենից, այսինքն՝ իր հարազատներից: Աբրահամյանը իրենից սկսելու մասին հայտարարեց վարչապետ նշանակվելուց հետո, իհարկե նկատի ունենալով ստվերի դեմ պայքարն իրենից սկսելը, հավասար մրցակցային կանոնների հաստատումն իրենից սկսելը: Սակայն, դրանից հետո եղավ ընդամենը այն, որ Աբրահամյանը սկսեց իր յուրայիններին նշանակել կարևոր պետական պաշտոնների:

Ունենալով այդ փորձը, զարմանալի չի լինի, որ ՀՀԿ տարբեր օդիոզ շրջանակներ մինչ իրեն միանալու կոչին հետևելը, պահանջեն սկսել իրենից, այս անգամ արդեն իր մտերիմներին տարբեր պաշտոններից հետ քաշելուց, ՀՀԿ-ից հեռացնելուց: Թեև, դժվար է ասել, որ դա կլինի համոզիչ քայլ, որ պետք է գնալ ու միանալ Աբրահամյանին, որովհետև կա հետևանքների խնդիրը:

Ի վերջո, ինչպես միանալ, ում միանալ, եթե նա չի ասել իր հետագա ճակատագրի վերաբերյալ որևէ կոնկրետ բան և նրան միացողները կարող են ավելի շատ կորցնել եղածը, այդպես էլ ձեռք չբերելով ոչինչ՝ Սերժ Սարգսյանի հետ վատ հարաբերությունից բացի: Առավել ևս, երբ որևէ մեկի համար վերջնականապես պարզ չէ Սերժ Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի հարաբերության խնդիրը: Նրանք, իհարկե, բավական կոշտ բանավեճի մեջ մտան գետերի և ոռոգումների թեմայով, սակայն բանավեճն ընդհատված է, դրա փոխարեն սկսված է մի գործընթաց, որի տողատակում բավականին նշմարելի է Հովիկ Աբրահամյանից հալածյալի կերպար ստանալու միտումը:

Անկասկած Աբրահամյանը հանդիսացել է իշխող համակարգի այն ֆիգուրը, որի պարագայում այդպիսի «լուսապսակի» կերտումը չափազանց ծանր և բարդ գործ է, առաջին հայացքից նույնիսկ անհնարին, սակայն պետք չէ մոռանալ, որ Հայաստանում հանրության տիպը ոչ թե քաղաքացիականն է, այլ զգայականը, զգացմունքայինը, էմոցիոնալը, որն առաջնորդվում է ավելի շատ պատկերային, խորհրդանշական, զգացմունքային ելակետերով, քան իրավա-քաղաքացիական արժեքներով և օրենսդրական չափանիշներով:

Այդպիսի հասարակությունն առավելագույնս ենթակա է տեղեկատվա-քարոզչական մանիպուլյացիաների և այդ հասարակության մոտ գուցե տարբեր աստիճանի դժվարություն ներկայացնող, սակայն ամենևին անհնարին բան չէ, եթե բավականին կոշտ և ծայրահեղ բնութագրենք՝ դահճից զոհ ստանալը, հանցագործից նահատակ ստանալը: Վերջին հաշվով, հենց այդ հանգամանքի վրա է հիմնված Հայաստանի իշխող համակարգի երկարակեցությունը, կենսականության գաղտնիքը:

Այդ տեսանկյունից, Հովիկ Աբրահամյանի հալածյալի կերպարի կերտումը նկատելի գործընթաց է, հատկապես, երբ դեռ պարզ չէ, թե արդյո՞ք այդ գործընթացը «ջրամատակարարմանե որոշակիորեն ինքնահոս համակարգ է, թե՞ կառավարելի:

Ըստ այդմ, որևէ մեկն առայժմ չի համարձակվի ինքնուրույն որևէ դիրքորոշում և առավել ևս դիրքավորում որդեգրել, և առավել ևս դրսևորել Հովիկ Աբրահամյանի հանդեպ ֆալստարտ չտալու համար: Իհարկե բավականաչափ նկատելի է, որ Հովիկ Աբրահամյանի շուրջ ձևավորվում է Հայաստանի իշխող համակարգի ծանրության նոր կենտրոն, կամ ավելի շուտ հավասարակշռության, հակակշիռների նոր կենտրոն, սակայն դեռևս պարզ չէ, թե որն է այդ կենտրոնի թիրախը՝ արդյո՞ք այն լինելու է Սերժ Սարգսյանը, թե՞ Սերժ Սարգսյանը կորոշի ով է լինելու Հովիկ Աբրահամյանի թիրախը:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ