Նախարարը խոստացավ հետամուտ լինել Գյումրու ավտոկայարանի խնդիրների լուծմանը
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը այցելեց Գյումրու ավտոկայարան։ Նախարարը շրջեց ավտոկայարանի տարածքով, ծանոթացավ պայմաններին, տոմսարկղի ու բուժկետի աշխատանքին։
Նախարարի այցը Գյումրու ավտոկայարան պայմանավորված էր այնտեղ կուտակված խնդիրները տեղում քննարկելու և լուծումներ գտնելու մտահոգությամբ։ Նաև՝ Գյումրու բնակչության և պատգամավոր Մարտուն Գրիգորյանի խնդրանքով։
«Շիրակի մարզը սոցիալապես ամենաանապահով մարզերից է, ավտոկայարանն էլ անմասն չէ մի շարք խնդիրներից: Պատգամավորի հետ բազմիցս քննարկել ենք ավտոկայարանի վիճակը»,- նշեց նախարարը:
Առաջին խորհրդակցությունն անցկացվեց ներմարզային փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Նախարարը առաջարկեց ներկայացնել իրենց խնդիրներն ու մտահոգությունները:
Ուղևորահոսքի պակաս և անբարեկարգ համայնքային ճանապարհներ։ Սրանք հիմնական խնդիրներն են: «Ուղևորները գերադասում են մեկ ուղետոմսի արժեքով աշխատող տաքսիները, քանի որ կանոնավոր փոխադրում իրականացնող միկրոավտոբուսները երթուղուց շեղվել չեն կարող, իսկ տաքսիները ամեն մեկին մինչև տուն են հասցնում»,- իրավիճակը ներկայացրեց փոխադրող ընկերություններից մեկի ղեկավար Ռուդիկ Բաղդասարյանը:
Նախարարը Տրանսպորտային տեսչությանը հանձնարարեց փոխադրողների հետ քննարկել հարցի մանրամասները և համատեղ առաջարկություններ ներկայացնել, թե ի՞նչ քայլեր կարելի է ձեռնարկել իրավիճակը կարգավորելու համար:
Վահան Մարտիրոսյանն ընդգծեց, որ միջհամայնքային տրանսպորտային փոխադրումների խնդիրը վարչապետի անմիջական հսկողության ներքո է, և նախարարությունն էլ քայլեր է ձեռնարկում այս ոլորտում առկա իրավիճակը բարեփոխելու ուղղությամբ:
Պատգամավոր Մարտուն Գրիգորյանը հավելեց, որ երթուղիները սպասարկող մեքենաները շատ հին են. «Այս պայմաններում անիրականանալի մի բան է նոր մեքենաներ գնել և ներդնել ներհամայնքային երթուղիներում»:
Համայնքային անբարեկարգ ճանապարհներն առանց այդ էլ մաշված մեքենաների տեխնիկական վիճակն էլ ավելի են վատթարացնում: Նախարարը խոստացավ ուշադրության կենտրոնում պահել նաև այդ հարցը:
Այնուհետև Վահան Մարտիրոսյանը հանդիպեց ավտոկայարանի աշխատակազմին։ Բոլորն էլ գրեթե երկու տասնամյակ աշխատափորձ ունեն և մշտապես նվազագույն աշխատավարձ են ստացել։ Նրանք նախարարին խնդրեցին միջնորդել բարձրացնել աշխատավարձերը:
Վահան Մարտիրոսյանը խոստացավ քննարկել հարցը և հնարավորության դեպքում վերանայել:
Գյումրին` որպես արհեստների և արվեստների կենտրոն, դարձնել զբոսաշրջային ուղղություն. կառավարության գերակայություններից է, իսկ հարմարավետ տրանսպորտային համակարգը դրա բաղկացուցիչներից: Նախարարը վստահեցրեց, որ քննարկումներն անհետևանք չեն մնա, և հնարավորության սահմանում հետամուտ կլինի բարձրացված հարցերի լուծմանը: