Քլիքի ու լայքի պատճառով կայքերը “դեղնում են”
Անզեն աչքով իսկ նկատելի է, որ մեր հասարակությունը, մասնավորապես առավել ակտիվ ու ամենօրյա տեղեկատվությանն առնչվող հատվածը դյուրագրգիռ է դարձել։ Ցանկացած տեղեկություն, անգամ եթե այն սենսացիոն ոչինչ չի պարունակում, ընկալվում է որպես ծայրահեղ մի բան։
Այս մասին գրում է “Հայոց աշխարհ”-ը: Բավական է որեւէ, անգամ չստուգված տեղեկություն տարածվի, վայրկենապես հետեւում է գնահատականը՝ հանցագործությո՜ւն է կատարվել կամ առնվազն կործանարար հետեւանքներ են լինելու կամ այդ կարգի էլի ինչ-որ բան։ Եվ այդ ամենի մեջ մեծ դեր ունեն ինչպես օրեցօր բազմացող “լրատվական կայքերը”, այնպես էլ՝ սոցցանցերը, որ գնալով ավելի ու ավելի են նմանվում համազգային բամբասանքի վիրտուալ “բեսեդկայի”:
Բուն խնդիրն այն է, որ, այսպես ասած, “լուրջ” համարում ունեցող լրատվական կայքերը ձգտում են հետ չմնալ։ “Սեղմումների” (“քլիք”), այցելուների որոշակի վիճակագրություն ապահովելու կամ ինչպես հեռուստաընկերությունների դեպքում է ասվում՝ “ռեյծինգ” հավաքելու համար այդ լրատվամիջոցները նույնպես սկսել են ավելի ու ավելի “դեղնել”։
Դեռ մի կողմ թողնենք տարբեր հանրահայտ դեմքերի բարեմասնությունների ցուցադրումն ու վերոհիշյալի կարգի “տեղեկությունները”, որոնք նույնպես հայտնվում են “լուրջ” լրատվամիջոցների էջերում։ Կպատահի։
Շատ ավելի մտահոգիչ են աստիճանաբար առավել ցայտուն դրսեւորվող ցինիզմն ու գորշությունը։ Կան կայքեր, որ կարծես հիվանդագին բավականություն են ստանում՝ նկարագրելով այս կամ այն հանցագործության, սահմռկեցնող եղելության մանրամասները։ Նկատելի է, որ հատուկ շեշտ է դրվում հնարավորինս բացասական ազդեցություն թողնող տեղեկատվության տիրաժավորման ու տարածման վրա։
Լինի դա ավտովթար, վրաերթ, սպանություն, ինքնասպանություն, հրդեհ կամ մեկ այլ դժբախտություն, գրեթե վայրկենապես հրամցվում է ամբողջ հանրությանը։ Առանց երկար-բարակ անելու եւ մի տեսակ՝ “շրթունքները ճպպացնելով”։
Առանց կոնկրետ լրատվամիջոցի անվանում նշելու եւ օրինակի ետեւից հեռու չգնալով, առանձնացնենք այսպիսի մի պատմություն։ Մի կին թաքուն ծննդաբերել է, ապա սպանել իր նորածին երեխային։ Սա արդեն ահավոր է։ Ու պարզ է, որ ողբերգություն է կատարվել։ Բայց ո՛չ, հայրենի ցանցային լրագրողներն իրենց պարտքն են համարել ամենայն մանրամասնությամբ, դրվագ առ դրվագ նկարագրել, թե հատկապես ոնց է կատարվել սպանությունը։ Մի խոսքով, այդ ամբողջ դաժանությունը, որ գերազանցապես ու բացառապես քրեագիտական հետաքրքրություն է ներկայացնում, լցվում է ընթերցասեր հանրության վրա։
Ինչո՞ւ։ Ո՞րն է դրա իմաստն ու նպատակը։ Ի՞նչ խնդիր է լուծվում դրանով։ Այսպես ասած՝ “լա՞յք” են հավաքում։ Այդ գնո՞վ։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: