28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Խիղճդ ո՞ւր է

«Ի՞նչ օգուտ է մարդուն, եթե աշխարհը շահի, բայց իր անձը կորցնի…․» (Ղուկ․9։25-26)։

Այս խոսքը ես վերցրել եմ Ղուկաս Ավետարանչի 9-րդ գլխի 25 համարից։

Հիսուս ասում է․ «Ով սիրում է իր անձը պիտի կորցնի այն, իսկ ով այս աշխարհում իր անձն ատում է, այն կպահի հավիտենական կյանքի համար» (Հովհ 12։25): Ըստ մեր Տիրոջ, ով որ մտածում է միայն իր անձի մասին, մեկ է մի օր պիտի մեռնի ու հեռանա այս կյանքից, ի՞նչ օգուտ է, եթե նա ապրել է անիմաստ կյանքով։ Ո՞վ պիտի հիշի նրան կամ ինչպե՞ս պիտի հիշեն։ Իսկ նրանք, ովքեր չեմ մտածում իրենց անձի մասին, այն պիտի պահեն հավիտենական կյանքի համար։ Երբ մենք մշտապես հիշում ենք նրան, իբրև Աստծու ճանապարհով ապրած մարդու, որը կարողացել է բարի ու արդար գործեր կատարել, ապա նա մեր հիշողության մեջ մնում է հավիտենապես։ Երբեք չենք մոռանում նրան։

Հիսուս շարունակում է Իր խոսքը․ «Եթե մեկը կամենում է իմ հետևից գալ, թող ուրանա իր անձը և իր խաչը մշտապես վերցնի և գա իմ հետևից. որովհետև, ով որ կամենա իր անձը փրկել, այն պիտի կորցնի, իսկ ով որ իր անձը ինձ համար կորցնի, այն պիտի փրկի: Ի՞նչ օգուտ է մարդուն, եթե աշխարհը շահի, բայց իր անձը կորցնի ու տուժի․․․» (Ղուկ․ 9:23-25)։

Երիտասարդներից մեկը նպատակ էր դրել հարստանալ։ Եվ տարիներ շարունակ գիշեր ցերեկ աշխատելով առանց հանգստի, տիրացել էր մեծ հարստության․ քաղաքներից մեկի սարերի վրա ամենաթանկանոց բնակարաններից մեկն էր ձեռք բերել իր բոլոր հարմարություններով։ Ուրախացել էր, որ հարուստ էր, քանի որ երկար տարիներ այդ նպատակով էր չարչարվել։

Սակայն որոշ ժամանակ անց նրա մոտ հայտնաբերվում է անբուժելի հիվանդություն։ Հիսուսի խոսքն է․ «Ի՞նչ օգուտ է մարդուն, եթե աշխարհը շահի, բայց իր անձը կորցնի…․»։ Ի՞նչ եք կարծում, այս մարդու համար ի՞նչ օգուտ էր, որ հսկա հարստություն ուներ, ի՞նչ պիտի կարողանար անել այդ հիվանդության դեմ, որը բուժել անհնար էր։ Փորձենք ոչ միայն հարստանալ, այլ նաև նրա միջոցով բարիք գործել։ Հիսուս ոչ թե հանդիմանում կամ քննադատում է հարուստներին, այլ նրանց հորդորում է, որ այն օգտագործեն բարի գործեր կատարելու համար։

Հակոբոս առաքյալն ասում է․ «Ով որ գիտե, թե ինչ է բարին, և չի անում, նրա համար այդ մեղք է» (Հակ․ 4։17)։ Այո, իրապես մեղք է, երբ կարող ես բարի գործ անել և չես կատարում։ Իսկ խիղճդ ո՞ւր է, խիղճ, որը Աստծուց է։

Երբեմն զարմանում եմ, որ օր առ օր մենք մեզ ստիպում ենք երկրային բարիքներ կուտակել ու հավաքել, սակայն նույնիսկ մեր րոպե իսկ չենք նվիրում երկնքում գանձեր կուտակելուն։ Խոսքով ասում ենք՝ հավատում ենք Աստծուն, սակայն մեր գործերով ցույց ենք տալիս, որ այլ չաստվածների ենք հետևում՝ ինչպես՝ դրամ, հարստություն, մեր անձի ու եսի մեծարանք և պատիվ, բայց ի՞նչ օգուտ է սրանցից, քանի որ այն ինչ նյութական է, կորստյան ենթակա է։

Այս պատմությունը հետաքրքիր է և ուսանելի․

«Փոքրիկ տղան ոտաբոբիկ կանգնած էր կոշիկի խանութի ցուցափեղկի մոտ և առանց աչքը թարթելու նայում էր ապակու մեջ դրված մի զույգ տաք, կաշվե և հավանաբար շատ հարմար աշնանային կոշիկների: Այդ պահին տեսնելով փոքրիկին նրան է մոտենում գեղեցիկ և լավ հագնված մի կին ու քնքշորեն հարցնում.

Փոքրիկ, ի՞նչին ես այդպես անընդհատ նայում, ինչ-որ բանի մասի՞ն ես մտածում:

Ես խնդրում եմ Աստծուն, մորաքույր, որպեսզի նա ինձ մի զույգ տաք կոշիկներ տա, – պատասխանում է տղան:

Առանց որևէ մի խոսք ասելու, կինը զգուշությամբ բռնում է տղայի ձեռքը և մտնում կոշիկի խանութ: Նա խնդրում է վաճառողին բերել վեց զույգ մանկական գուլպաներ և եթե հնարավոր էր՝ տաք ջուր, օճառ ու սրբիչ: Երբ աշխատակիցը բերում է այն ամենը, ինչ որ խնդրել էր կինը, նա երեխայի հետ գնում է մի անկյուն, հանում իր ձեռնոցները և սկսում լվանալ երեխայի ոտքերը, ապա չորացնում սրբիչով: Հետո նրանք սկսում են փորձել մի քանի զույգ կոշիկներ, այդ թվում նաև այն աշնանային կոշիկները, որոնց տղան նայում էր դրսից: Դրանք ճիշտ տղայի ոտքով էին:

Այդ բարի կինը գնում է բոլոր կոշիկները և նաև մի քանի զույգ գուլպաներ: Մեկը նա հագցնում է տղային, իսկ մնացածը դնում է տոպրակի մեջ ու տալիս նրան: Հետո նա շոյում է տղայի գլուխն ու ասում.

Ինձ թվում է հիմա դու քեզ ավելի լավ ես զգում: Նա արդեն շրջվել էր, որպեսզի գնա, բայց տղան բռնում է նրա ձեռքն ու արցունքոտ աչքերով հարցնում.

Մորաքույր, Դուք Աստծու կի՞նն եք»:

Ահա բարության, ողորմության ամենամեծ օրինակը։ Օգնել կարիքավորին, տկարին ու անկարին, նշանակում է այդ բարիքը Հիսուսին անել։

Եկեք այնպես ապրենք մեր կյանքը, ինչպես վերևում փոքրիկին իր օգնությունը ցուցաբերած մորաքույրը։ Եթե ոչ՝ ի՞նչ օգուտ է․․․։ Օգնենք ու սիրենք։ Հիսուս եղավ մեզ համար մեծագույն օրինակը՝ օգնեց, բուժեց ու սիրով Իր կյանքը զոհաբերեց խաչի վրա մեր փրկության համար։ Մեզ մնում է հետևել Նրա օրինակին ու դառնալ Նրա Սիրո Թագավորության մշտական բնակիչները։ Ամեն։

Տեր Հովսեփ քահանա Հակոբյանի քարոզը

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ