‘Հարսնաքարը’ պայթեցնելու փորձ կատարողին 4 ամիս ազատազրկում ու տուգանք
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր վճռեց ‘Հարսնաքար’ ռեստորանային համալիրը պայթեցնելու փորձ կատարած ՀՀ պաշտպանության նախարարության փոխգնդապետ Վարդան Սամվելյանին դատապարտել 4 ամսվա ազատազրկման։ Ազատազրկումից բացի Վարդան Սամվելյանը պետք է 200 հազ. դրամի չափով տուգանք վճարի:
Հուլիսի 1-ից Վարդան Սամվելյանին նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր կալանքը: Նա անազատության մեջ է գտնվում շուրջ 3 ամիս: 1 ամիս հետո վերջինս ազատության մեջ կլինի:
Հիշեցնենք, որ ‘Հարսնաքար’ ռեստորանային համալիրում ռազմական բժիշկ Վահե Ավետյանի՝ ծեծի հետևանքով մահանալուց հետո, հուլիսի 1–ին, գիշերը ժամը 02.15–ի սահմաններում, ճամպրուկը ձեռքին մտնելով ‘Հարսնաքար” ռեստորանային համալիր, Վարդան Սամվելյանը սպառնացել էր պայթեցնել ռեստորանը: Վարդան Սամվելյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՔՕ-ի 235 հոդվածի 1-ին (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը ) և 4-րդ մասերով (Ապօրինի կերպով գազային, սառը կամ նետողական զենք կրելը):