Հայ-լեհական առեւտրատնտեսական կապերը էապես զիջում են այլ ոլորտներում առկա հարաբերությունների մակարդակին. Սերժ Սարգսյանի օրակարգը
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/3277_b_1372179085.jpg)
Նախագահ Սերժ Սարգսյանը Լեհաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում ԼՀ Նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ այսօր Վարշավայում մասնակցել է հայ-լեհական գործարար համաժողովի փակման արարողությանը:
Սերժ Սարգսյանը ողջունել է գործարար համաժողովի կազմակերպիչներին եւ մասնակիցներին, անդրադարձել դարերի խորքից եկող հայ-լեհական բարեկամությանը, երկու երկրների միջեւ տարբեր ոլորտներում փոխգործակցությանն ու հայ-լեհական առեւտրատնտեսական կապերին, ինչպես նաեւ հակիրճ ներկայացրել ժամանակակից Հայաստանի գործարար միջավայրը, տնտեսության զարգացման միտումներն ու ներդրումային հնարավորությունները:
Ողջույնի խոսքում Նախագահը դրվատանքով է խոսել նաեւ Լեհաստանի իշխանությունների՝ ի դեմս Նախագահ Կոմորովսկու եւ լեհ գործարարների մասին, ովքեր, Նախագահ Սերժ Սարգսյանի համոզմամբ, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի դժվարին պայմաններում մեծ հաջողությունների են հասել եւ հզորացրել երկիրն իրենց ամենօրյա աշխատանքով:
«Հայ-լեհական բարեկամությունը գալիս է դարերի խորքից, եւ շուտով մենք կնշենք Լեհաստանում հայկական առաջին բնակավայրերի հիմնադրման հազարամյակը: Դարերի ընթացքում ամրապնդվելով` հայ-լեհական կապերն ընդգրկել են փոխգործակցության բոլոր ոլորտները: Հայերը պայքարել են ոչ միայն հանուն Լեհաստանի անկախության, այլեւ կարեւոր ներդրում են ունեցել Լեհաստանի զարգացման գործում: Պատահական չէ, որ առեւտուրն ու արհեստները զարգացնելու նպատակով Լեհաստանի թագավորներն ու իշխանները հրավիրել են հայերին հաստատվել այս երկրի տարբեր բնակավայրերում` տալով նրանց բազմաթիվ արտոնություններ եւ իրավունքներ:
Այսօր մեր քաղաքական հարաբերություններում առկա բարձր մակարդակն ու տարբեր ոլորտներում առկա ձեռքբերումները սերում են դարերի ընթացքում ձեւավորված հոգեւոր եւ մշակութային ընդհանրություններից, բարեկամությունից եւ երկկողմ համակրանքից:
Ցավոք, այսօր հայ-լեհական առեւտրատնտեսական կապերը էապես զիջում են այլ ոլորտներում առկա հարաբերությունների մակարդակին: Հենց այս բացը լրացնելու նպատակով է, որ մենք` երկու նախագահներս հանգեցինք գործարար համաժողովներ անցկացնելու գաղափարին` երկու տարի առաջ Երեւանում եւ այսօր այստեղ` Վարշավայում: Պետք է նշեմ, որ արդեն իսկ գրանցել ենք որոշակի արդյունքներ` հատկապես Հայաստանում լեհական ընկերությունների ներկայության եւ հայաստանյան տարբեր նախագծերում նրանց մասնակցության առումով: Բայց եղածը շատ քիչ է, եւ ես ձեզ կոչ եմ անում լինել շատ ավելի ակտիվ:
Հարգարժա՛ն գործարարներ,
Կցանկանայի երկու բառով անդրադառնալ ժամանակակից Հայաստանի գործարար միջավայրին, տնտեսության զարգացման միտումներին, ինչպես նաեւ ներդրումային հնարավորություններին:
Գործարար եւ ներդրումային միջավայրի շարունակական բարելավումը մեր տնտեսական զարգացման գլխավոր նախադրյալներից է: Այդ իսկ նպատակով վերջին տարիներին մենք նախաձեռնել ենք լայնամասշտաբ տնտեսական բարեփոխումներ` մասնավորապես Հայաստանում ընկերության հիմնադրման, շինարարական թույլտվությունների ստացման, սեփականության գրանցման, վարկերի ստացման, ներդրողների պաշտպանության, հարկերի վճարման եւ մի շարք այլ ոլորտներում:
Գրանցված արդյունքներն իրենց արտացոլումն են գտել նաեւ միջազգային վարկանիշային զեկույցներում, մասնավորապես` Համաշխարհային բանկի եւ Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից հրապարակված «Դուինգ Բիզնես-2012» տարեկան զեկույցում, որի համաձայն Հայաստանը նախորդ տարվա համեմատ բարելավել է իր դիրքերը 18 կետով` 185 երկրների շարքում գրավելով 32-րդ տեղը: Թույլ տվեք նկատել, որ դրանով Հայաստանի գործարար միջավայրը լավագույնն է ամբողջ ԱՊՀ տարածաշրջանում:
Այդուհանդերձ, մենք չենք համարում, որ այսքանով ավարտել ենք ներդրումային դաշտն ու գործարարության մթնոլորտը ազատականացնելու եւ առհասարակ պետական կառավարման համակարգի կատարելագործման մեր ջանքերը: Դեռեւս ճանապարհ ունենք անցնելու եւ անցնում ենք այդ ճանապարհը մասնավորապես մեր եվրոպացի գործընկերների աջակցությամբ:
Այս համատեքստում տեղին է անդրադառնալ ԵՄ-ի հետ կնքվելիք Ասոցացման համաձայնագրին եւ դրա մաս կազմող Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի պայմանագրին: Այն որակապես նոր եւ առավել ընդգրկուն հիմքերի վրա կդնի ԵՄ անդամ պետությունների, այդ թվում նաեւ Լեհաստանի հետ մեր երկրի համագործակցությունը:
ԵՄ-ի հետ նախորդ տարվա դեկտեմբերին ստորագրեցինք մուտքի արտոնագրերի ռեժիմի դյուրացման պայմանագիրը, որին անմիջապես հաջորդեց Հայաստանի կողմից ԵՄ քաղաքացիների համար մուտքի արտոնագրի վերացումը: Հաշվի առնելով նաեւ լեհական «ԼՈՏ» ավիաուղիների շաբաթը 5-անգամյա թռիչքները դեպի Երեւան, կարծում եմ, որ վերացված են մեր երկիր այցելելու եւ ստեղծված հնարավորություններին ինքնուրույն ծանոթանալու բոլոր խոչընդոտները:
Այս ամենին զուգահեռ, կարծում եմ, որ լեհ գործարարների համար հետաքրքրական է իմանալ նաեւ, որ Հայաստանը, հանդիսանալով ԱՊՀ Ազատ առեւտրի գոտու մասին պայմանագրի անդամ եւ սերտ համագործակցություն ունենալով Մաքսային միության հետ, մրցակցային առավելություն ունի ԱՊՀ տարածաշրջանում: Սա միանշանակ լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում Հայաստանում ներդրված կապիտալով առավել բարենպաստ պայմաններով ԱՊՀ շուկա դուրս գալու համար:
Քայլեր ենք իրականացնում նաեւ ենթակառուցվածքների բարելավման եւ առկա հնարավորությունների լիարժեք օգտագործման ուղղությամբ, ինչը հնարավորություն կտա իջեցնել տրանսպորտային բաղադրիչի արժեքը:
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Ուզում եմ առանձնացնել մի շարք ոլորտներ, որոնք, իմ կարծիքով, կարող են ներուժ ունենալ են հայ-լեհական համագործակցության հետագա զարգացման առումով:
Հայաստանում կտրուկ վերելք է ապրում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը: Այն ապահովում է բարձր եկամտաբերություն եւ իսկապես գրավիչ է խոշորածավալ օտարերկրյա ներդրումների համար: Այդ մասին են վկայում Հայաստանի ՏՏ ոլորտում գործող ավելի քան 360 ընկերությունները, որոնցից 151-ը արտասահմանյան ընկերությունների մասնաճյուղեր են: Հայաստանում ներկայացված են միջազգային խոշոր կազմակերպություններ, դրանցից են` «Սինոփսիսը», «Նեյշնլ Ինսթրումենթսը», «Մայքրոսոֆթը», «Դ-Լինկը», «Մենթոր Գրաֆիկսը» եւ այլն:
Արվում է ամեն ինչ ոլորտի որակյալ կադրեր պատրաստելու եւ, իհարկե, վերապատրաստելու ուղղությամբ: Իրականացվում է «Հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիաների» ստեղծման ծրագիրը, վերապատրաստման ծրագրեր են մեկնարկել «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում», «Մոբայլ լուծումների» տարածաշրջանային լաբորատորիայում:
2011 թվականից Երեւանում գործում է ստեղծարար տեխնոլոգիաների գերժամանակակից «Թումո» կենտրոնը 12-18 տարեկան երեխաների համար, եւ այժմ ծրագրում ենք ընդլայնել կենտրոնի գործունեությունը նաեւ հանրապետության մարզերում:
Ավանդական եւ հայերին համաշխարհային համբավ բերած ոլորտներից են ոսկերչությունն ու ադամանդագործությունը: Հայկական ոսկեգործական իրերը սպառվում են աշխարհի բազմաթիվ երկրներում, այդ թվում նաեւ` Լեհաստանում: Այժմ լուրջ ծրագրեր ունենք Հայաստանը վերածելու ոսկերչության տարածաշրջանային հարթակի եւ ինչու չէ, նաեւ միջազգային կենտրոնի` ոսկերչության ազատ տնտեսական գոտու ստեղծման ճանապարհով:
Հայաստանը կարեւորում է ազատ տնտեսական գոտիների ստեղծումը, որպես ուղղակի օտարերկրյա ներդրումների ներգրավման, առաջադեմ տեխնոլոգիաների ներդրման եւ նորարական մոտեցումների կիրառման, ինչպես նաեւ նոր աշխատատեղերի ստեղծան մեծ խթան:
Առաջիկա տարիներին մտադիր ենք մեծ ներդրումներ իրականացնել գյուղատնտեսության ոլորտում` տեխնիկական վերազինման եւ արդյունավետության բարձրացման, ինչպես նաեւ վերամշակող կարողությունների արդիականացման միջոցով:
Կցանկանայինք տեսնել լեհական կապիտալի աճ նաեւ զբոսաշրջության, հանքարդյունաբերության, առողջապահության ոլորտներում, որոնք արդիականացվող, զարգացման մեծ ներուժ ունեցող եւ պետության կողմից գերակա համարվող ճյուղերից են:
Հարգարժա՛ն գործարարներ,
Լիահույս եմ, որ այսօր կայացած համաժողովը նպաստելու է մեր գործարարների միջեւ երկարաժամկետ եւ տնտեսապես փոխշահավետ համագործակցության հաստատմանն ու ընդլայնմանը` ի շահ հայ եւ լեհ ժողովուրդների բարեկեցության:
Մաղթում եմ բոլորիդ հաջողություն եւ հույս ունեմ շուտով լսել Հայաստանում լեհ գործարարների մեծ հաջողությունների մասին”,-հայ-լեհական համաժողովի մասնակիցներին ուղղված իր ողջույնի խոսքում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը: