Վրաստանի խորհրդարանում Սաակաշվիլիի իմպիչմենտն են պատրաստում
Վրաստանի խորհրդարանի մեծամասնության ներկայացուցիչ Գիա Ժորժոլիանին հաջորդ շաբաթ ծրագրում է սկսել նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի իմպիչմենտի գործընթացը, գրում է “Интерфакс”-ը:
Ժորժոլիանիի խոսքով` ինքը, որպես խորհրդարանի անդամ, հունիսի 26-ի խորհրդարանի լիագումար նիստին համապատասխան քայլեր կձեռնարկի այդ գործընթացի իրականացման համար: Ընդ որում, պատգամավորը լիովին վստահ է, որ խորհրդարանի մեծամասնությունը կաջակցի իր նախաձեռնությանը: Նրա խոսքով` իմպիչմենտն անհրաժեշտ է, որպեսզի “հասարակությունը գիտակցի հանցավոր ռեժիմի` երկրի համար կործանիչ գործընթացները եւ առանձնացնի այն պատասխանատու դեմքին, ով այդ ռեժիմի ճարտարապետն է”:
Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանի նախագահ է դարձել 2004-ի հունվարի 25-ին, որից հետո եւս մեկ անգամ է ընտրվել: 2012-ի աշնանը կայացած խորհրդարանական ընտրություններում “Վրացական երազանք” ընդդիմադիր կոալիցիայի հաղթանակից հետո երկրում սկսեցին պարբերաբար ակցիաներն կազմակերպվել` Սաակաշվիլիի հրաժարականի կոչերով: Այս տարվա մարտին Վրաստանի խորհրդարանը սահամանփակեց նախագահի լիազորությունները` փոփոխություններ անելով սահմանադրության մեջ: