Վախ եւ հետեւանքներ
Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ վախը: Ինչպե՞ս հաղթահարել այն:
Վախը վտանգից զգուշացնելու դրական հատկությունից զատ բավականին բացասական կարող է լինել, երբ այն տևական է դառնում: Վախի շնորհիվ նահանջում ենք սպառնալիքի առջև, որպեսզի չվնասվենք: Բայց երբ այդ վախը տևական է դառնում, բերում է անգործության, երկչոտության, և վտանգի անհետանալուց հետո մարդը դադարում է վախի պատճառով ընդհատած իր քայլը կամ գործունեությունը կատարելուց:
Ավետարաններից մենք կարող ենք հիշել Քրիստոսի և առաքյալների մասին պատմող այն դրվագը, երբ Քրիստոս, ծովի վրա քայլելով, իր աշակերտներին էր մոտենում (Մատթ. 14.26, Մարկ. 6.49, Հովհ. 6.19): Նախ` առաքյալները վախ են զգում, որովհետև անծանոթ իրավիճակի, տարօրինակ իրողության առջև էին գտնվում` կարծելով, թե իրենց մոտեցողն ուրվական է: Այնուհետ Պետրոս առաքյալը ցանկանում է Քրիստոսի պես քայլել ջրերի վրայով, բայց վախենում է և սկսում սուզվել: Քրիստոս հանդիմանում է` ասելով. «Թերահավա՛տ, ինչո՞ւ երկմտեցիր» (Մատթ. 14.28-31):
Հովսեփը վախենում էր Սուրբ Հոգու ազդեցությամբ հղիացած Մարիամին իրեն կին առնել (Մատթ. 1.20): Սա սոցիալական վախի դրսևորումներից է, երբ մարդը վախենում է հասարակության կարծիքից կամ ավելի ճիշտ հասարակության մեջ իր դիրքի, հեղինակության կորստից: Հովսեփն ու Մարիամը մանուկ Հիսուսին Հերովդեսի կողմից սպառնացող վտանգից ազատելու համար փախան Եգիպտոս:
Եվ երբ վերադարձան, ու Հովսեփն իմացավ, որ Հերովդեսի փոխարեն թագավորել է նրա որդի Արքեղայոսը, կրկին վախեցավ, որ նա նույնպես կարող է Հիսուս մանկանը վնաս հասցնել, դրա համար էլ նրանք գնացին և ապաստանեցին Նազարեթում (Մատթ. 2.14, 22-23):
Մենք տեսնում ենք, որ աստվածաշնչյան սրբերը ևս վախեցել են արտասովոր իրավիճակներում գտնվելիս կամ վտանգի մեջ լինելիս, սակայն սպառնալիքները հաղթահարելով կամ դրանց անցնելուց հետո շարունակել են իրենց գործունեությունը և առաքելությունը:
Վախի հակառակն է համարվում համարձակությունը, որին անդրադառնալով` Արիստոտելն ասում է, որ համարձակությունը վախի բացակայությունը չէ, այլ դրա հաղթահարումը: Անտիկ փիլիսոփայության մեջ զգացումների երեք մակարդակ են պատկերացնում, որոնց ստորին և վերին կողմերը ծայրահեղություններ են, իսկ միջինները` ընդունելի, ինչպես որ համարձակության ծայրահեղ կողմը հանդգնությունն է, իսկ ստորին կողմը` վախկոտությունը: Սրանցում միջին տեղում է համարձակությունը, որը ճիշտ և ընդունելի է:
Հոգեբանության մեջ անհաղթահարելի վախերը ֆոբիաներ են համարվում, հունարեն «ֆոբոս` φόβος – վախ» բառից: Դրանց բուժման համար օգտագործվում է վարքային թերապիան կամ ճանաչողական` կոգնիտիվ վարքային թերապիան: Դրանով խնդիր ունեցող մարդուն տրվում են բացատրություններ իր հոգեվիճակի ու վախի առարկայի կամ երևույթի վերաբերյալ, և համապատասխան միջավայրում փորձ է արվում փոխել մարդու ընկալումը և վերացնել ֆոբիայի զգացումը:
Նմանատիպ վախերը վերացնելու համար քրիստոնեական տեսակետով առավել շեշտվում է Աստծո նախախնամությունն ու սերը մարդու հանդեպ, երկնայինի զորակցությունը և դրա շնորհիվ մարդու վախի վերացումը, ինչպես նաև սաղմոսների ընթերցանությունը, որոնք խաղաղեցնում են հոգեվիճակը, հատկապես սաղմոսներից` «Տերն իմ հովիվն է» բառերով սկսվողը.
«Տերն իմ հովիվն է, և ինձ ոչինչ չի պակասի: Դալար վայրերում Նա ինձ բնակեցրեց և հանդարտ ջրերի մոտ ինձ սնուցեց… Եթե նույնիսկ անցնեմ մահվան ստվերների միջով, չեմ վախենա չարից, քանզի Դու, Տե՛ր, ինձ հետ ես» (Սաղմ. 22.15):
Աղբյուրը` christianity4all.com