27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ես աղոթում եմ ձեզ համար. Սերգեյ Փարաջանով

«Կինոյի տաճարում կան կերպարներ, լույս և իրականություն, իսկ Սերգեյ Փարաջանովն այդ տաճարի վարպետն է»: Ժան-Լյուք Գոդար Մարդ, որը հայ է, ծնվել է Թբիլիսիում, ռուսական բանտ է նստել ուկրաինական ազգայնական կոչերի համար-ահա այսպես էին երբեմն բնութագրում 20-րդ դարի խոշորագույն կինոռեժիսորներից մեկին` Սերգեյ Փարաջանովին: Փարաջանովը ծնվել է 1924 թվականին Թիֆլիսում` հայազգի Հովսեփ Փարաջանովի և Սիրան Բեժանովայի ընտանիքում: Ապագա ռեժիսորն ուսանել է Թիֆլիսի Կոնսերվատորիայի վոկալ ու ջութակի բաժիններում, (որոշ կենսագիրներ տեղեկացնում են, որ այդ ընթացքում Փարաջանովը պարի դասեր է վերցրել Օպերայի թատրոնին կից պարարվեստի ստուդիայում), ինչպես նաև ընդունվել Թբիլիսիի երկաթուղային տրանսպորտի ինժեներների ինստիտուտի շինարարական ֆակուլտետը` կես տարի սովորելուց հետո թողնելով այն, բացի այդ ավարտել է Կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը: Աշխատել է` որպես ռեժիսորի օգնական Կիևի կինոստուդիայում, այնուհետև` Հայֆիլմ և Վրաստան-Ֆիլմ ստուդիաներում: Կինոմատոգրաֆիայում իր առաջին քայլը կարելի է համարել «Անդրիեշ» խորագիրը կրող ֆիլմը, որից հետովարպետը հեղինակում է գեղարվեստական, փաստավավերագրական ու գիտական բովանդակությամբ ֆիլմեր: Առաջին մեծ հաջողությունը կարելի է համարել «Մոռացված նախնիների ստվերները» (1964) ֆիլմը, որի գլխավոր հերոսը գուցուլ Իվանն է: Գեղջկական միջավայրի ինքնատիպ ներկայացման շնորհիվ այս աշխատանքը բազում մրցանակների արժանացավ: Որպես փարաջանովյան գեղարվեստական լեզվի և լոկ իրեն հատուկ նորարարական ոճի դրսևորում, որը հռչակ բերեց հայ կինոռեժիսորին` «Նռան գույնը» (1968) ֆիլմն է, որը խորհրդանիշների հետաքրքիր մեկնաբանություններով պատկերում է Սայաթ-Նովայի կյանքը: Փարաջանովի ստեղծագործական գործունեությունն ընդհատվում է 1973 թվականի դեկտեմբերի 17-ին, երբ նրան դատապարտում են 5 տարի ազատազրկման՝ մեղադրելով արվամոլության մեջ: Միայն 4 տարի անց ֆրանսիացի հայտնի սյուրռեալիստ, Դալիի մտերիմ ընկեր Լուի Արագոնի միջամտության շնորհիվ` նրան ազատ են արձակում: Կյանքի վերջին տարիներին Փարաջանովը նկարում էր ինքնակենսագրական «Խոստովանանք» ֆիլմը, որն անավարտ մնաց և հետագայում ամբողջությամբ օգտագործվեց Միքայել Վարդանովի «Փարաջանով.Վերջին Գարուն» (1992) վավերագրական ֆիլմում: Հարկ է նշել, որ Փարաջանովի փորձարարական ջիղը, անսպառ երևակայությունն ու բնատուր շնորհքը լավագույնս դսևորում են գտել նաև վերջինիս ստեղծած կոլաժներում, որոնք ինքնին նորույթ էին մոդերնիստական արվեստում: Նա լայնորեն կիրառել է ապակի, ճենապակի, չորացրած բույսեր, կտորներ, թավիշ, լաթեր, տիկնիկներ, ժանյակներ, մեխանիզմներ ու երկաթե իրեր, ինքնատիպ կերպով մեկնաբանել է Մոնա Լիզայի կերպարը: Այս բոլոր աշխատանքները, որոնք կարելի է տեսնել Երևանում գտնվող Փարաջանովի թանգարանում, կարող են մրցել աշխարհահռչակ սյուրռեալիստների գործերի հետ: Կարևոր է ասել, որ համացանցում տհաճ մի միտում նկատեցի. Վարպետին նվիրված ռուսալեզու և անգլալեզու մի շարք կայքեր նրան հիշատակում են` որպես ազգությամբ վրացի կամ հրեա, իսկ դրա փոխարեն հայկական ֆորումներն ու բլոգները, Փարաջանովի հայկական ինքնության ու հայ լինելու մասին խոսելու փոխարեն, քննարկում են վերջինիս կյանքի ինտիմ մանրամասներն ու արվամոլ լինել-չլինելու հարցը: Սիրելի՛ հայեր, վեր եղեք այդ սին բամբասանքներից և մի նվաստացրեք հայ արվեստագետին: Փարաջանովն է, որ հայ ֆիլմը դարձրեց համամարդկային նշանակության` բարձր հարթակին դնելով այն:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ