Մեծախոսություն թող չլսվի ձեր բերանից
Սիրտս ամրացավ իմ Տիրոջ շնորհիվ, գլուխս բարձր եմ պահում Տիրոջ շնորհիվ, բերանս լայն բացվեց իմ թշնամիների դեմ, ուրախ եղա, որ փրկեցիր ինձ:
Տիրոջ նման սուրբ չկա, մեր Աստծու նման արդար չկա, եւ քեզանից բացի սուրբ չկա: Մի պարծենաք ու մի խոսեք ամբարտավան բաներ, մեծախոսություն թող չլսվի ձեր բերանից, քանզի Աստված իմացությունների Տերն է, եւ Նա է պատրաստում իր զարմանահրաշ գործերը:
Հզորների աղեղները տկարացան, իսկ տկարները զորություն ստացան: Հացով կշտացածները հյուծվեցին, իսկ քաղցածները երկրում բնակվեցին, ամուլը յոթը որդի ծնեց, իսկ բազմածինը դադարեց որդի ունենալուց:
Տերն է սպանում եւ ապրեցնում, իջեցնում գերեզման եւ դուրս բերում այնտեղից: Տերն է աղքատացնում ու հարստացնում, ստորացնում ու բարձրացնում: Գետնից բարձրացնում է տնանկին, աղքատին հանում աղբանոցից, որ նրանց նստեցնի ժողովրդի իշխանների հետ ու փառքի գահին բազմեցնի նրանց:
Նա ուխտավորի ուխտն է կատարում, արդարների տարիներն է օրհնում: Ուժեղն իր շնորհքով չէ, որ հզոր է: Տերը տկարացնում է իր հակառակորդներին:
Տերը սուրբ է: Ոչ իմաստունը թող պարծենա իր իմաստությամբ, ոչ հզորն իր զորությամբ, ոչ էլ մեծատունն իր հարստությամբ: Պարծեցողը պետք է պարծենա նրանով, որ իմանում ու ճանաչում է Տիրոջը, երկրում իրավունք ու արդարություն է գործադրում:
Տերը երկինք ելավ ու որոտաց, ինքն է որ արդար է դատելու երկիրն իր չորս ծագերով, զորություն տալու մեր թագավորներին եւ զորավիգ լինելու իր օծյալին:
Թագավորություններ Ա 2-1:11