26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Պիտի ամոքի Տերն իմ վերքերը

Սիրեցի՜ Քեզ, Տե՜ր, զորությո՛ւն իմ և Հաստատի՛չ իմ, ապավե՛ն իմ, Փրկի՛չ իմ Աստված: Աստվա՜ծ է օգնակա՛նն իմ, հո՛ւյսն իմ, ապավե՛նն իմ, և եղջյո՛ւրն իմ փրկության, իմ ընդունելի՛ն: Օրհնա՜նք ասելով՝ իմ աղոթքները կարդացի առ Տեր, թշնամիներիս մե՛ջ էլ Նա Եկավ, ապրեցրե՜ց ինձ: Շուրջս հավաքվեցին նրանք, ովքեր որ՝ մա՛հս էին խորհում, և անօրենության հեղեղներն ելա՜ն՝ ինձ խռովեցի՛ն: Դժոխքից ելնող վշտե՛րը եկան- ի՛նձ պաշարեցին, վրաս ժամանեց թակա՛րդը մահվան: Իմ նեղության մեջ ես Տիրո՛ջս առջև աղոթք կարդացի, աղաղակեցի՛ իմ Փրկիչ Աստծուն, կանչեցի՛ Նրան, և սուրբ տաճարից իմ աղոթքների ձայնը լսե՛ց Նա, և աղաղակս լսելի՛ եղավ Նրա ականջին:

Այդժամ երկիրը խռովե՛ց- դողա՛ց, և սասանվեցի՛ն հիմքերը լերանց, զի Աստված նրանց վրա բարկացավ: Եվ բարկությունից ծո՛ւխ առաջացավ և երեսներից հո՛ւր ելավ Նրա, Նրանից շանթե՛ր փայլատակեցին: Նա խոնարհեցրեց երկինքն ու իջա՛վ, և մառախո՜ւղ էր Նրա ոտքի տակ: Քերովբեների՛ վրա Նա սուրաց և թռչո՛ւմ էր Նա հողմի թևերով: Խավարը Իրեն ծածկույթ դարձրեց, բնակավայրերն Իր՝ հարկերն երկնքի, շո՛ւրջն էին Նրա, և խավարային ջրերը մինչև ամպե՜րը հասան:

Թշնամիներիս վրա Տիրոջից փայլակնե՜ր ելան, ամպերից կարկո՛ւտ, կայծա՛կ ու կրա՛կ: Որոտա՜ց Տերը երկնքից երկիր և Նրա ձայնից կրկի՛ն ու կրկին խիստ կարկուտ տեղաց, հրե՛ կայծակներ: Նա Իր նետե՛րը ուղարկեց երկիր ու ցրե՛ց բոլոր թշնամիներիս, Իր փայլակներով երևա՛ց նրանց, խռովեցրե՛ց նրանց՝ ամենքին:

Երևան եկան և ակունքնե՛րը բոլոր ջրերի, աշխարհի հիմքերն ի դերև՜ ելան Նրա սաստերից: Առաքեց Տերն ինձ Իր բարձունքներից ա՛յն օգնությունը, որ խնդրել էի, և հորդ ջրերի խուժումից առաջ՝ հանե՛ց- փրկե՜ց ինձ, և պիտի փրկի՛ թշնամիներիցս էլ հզորահզոր՝ բոլո՛ր տեսակի ինձ ատողներից, քանի որ նրանք առավե՛լ էին ինձանից հզոր, քան թե էի ե՛ս: Եվ չարչարանաց դառնադառն օրերն ինձ բաժին ընկան, բայց զորացրե՛ց Տերը ինձ կրկին ու դո՛ւրս բերեց ինձ անդորրության մեջ. և փրկե՛ց Նա ինձ, որովհետև որ՝ Նա ինձ կամեցա՛վ:

Պիտի ամոքի՜ Տերն իմ վերքերը՝ իմ արդարության համաձայն պիտի Նա ամոքի՜ ինձ: Որովհետև որ՝ ես պահպանեցի՛ ճամփեքը Տիրոջ և չամբարշտացա՛ իմ Աստծու հանդեպ: Նրա առջև են իմ բոլո՜ր- բոլոր իրավունքները և ըստ այդմ էլ՝ արդարությո՛ւնն Իր չհեռացրեց, չզատե՛ց ինձնից: Ես պիտի անբի՛ծ լինեմ Նրա հետ, և զգուշանա՛մ անօրենն անել:

Եվ պիտի Տերը ինձ վարձատրի՛, ըստ արդարությա՛ն, որ ունե՛մ իմ մեջ, ըստ իմ ձեռքերի սրբության՝ նույնչա՛փ, և իմ աչքերի՛ առջև պիտի ինձ օգնության հասնի: Դու սրբերի հետ միշտ սո՛ւրբ Ես, Աստվա՜ծ, անբիծների հետ` անբի՜ծ Ես վարվում և հարաբերվում Ես ընտրյալներին ընտրյա՜լ մոտեցմամբ, սակայն թյուրերի՛ն պիտի կործանես: Քո ժողովրդին այդ Դո՛ւ Ես միայն դարձնում խոնարհ, ամբարտավանների աչքերը Դո՛ւ Ես վար խոնարհեցնում: Իմ ճրագն Ի՜նքդ Ես պայծառացնում, Տե՛ր, և խավարի մեջ լուսավորում Ես ճանապարհը իմ: Քեզնո՛վ փրկվեցի փորձություններից, իմ Աստծո՛վ անցա պարիսպները մեծ արգելանքների:

Աստվա՛ծ, անբի՜ծ են ճամփաները Քո և ընտրյալներից ընտրա՛լ են բոլոր Խոսքերը Տիրոջ. ամե՛ն մեկին է ապավեն դառնում, ով հուսա՛ Իրեն: Որովհետև որ՝ էլ ո՞վ է Աստված` Տիրոջից բացի, կամ ո՞վ է Աստված, բացի մեր Աստծուց: Աստվա՛ծ, զորությո՛ւն հագցրեցիր ինձ և ճանապարհն իմ առաջնորդեցիր անբծությա՛ն մեջ:

Իմ ոտքերն իբրև ոտքերն եղջերվի՝ այդ Քեզանո՛վ էր, որ բարձունքներում աներե՛ր եղան: Վարժեցրի՛ր ձեռքն իմ պատերազմների՛, բազուկըս Ի՛նքդ վերակերտեցիր՝ որպես հա՛ստ աղեղ, և Քո՛ փրկության պաշտպանությունը դարձրիր ինձ ասպար: Եվ ինձ հովանի եղավ Ա՛ջը Քո, և Քո խրատն ինձ կենդանացրե՛ց, լիացրե՛ց ինձ Քո ուսուցչությամբ: Ընդարձակեցի՛ր ընթացքները իմ ինձանի՛ց ներքև և շավիղներն իմ չտկարացա՛ն: Պիտի հալածե՛մ թշնամիներիս և հասնե՛մ նրանց. և ետ չդարձա՛ նրանցից, մինչև իսպա՛ռ վայր չընկան: Նեղեցի՛ նրանց այնքա՛ն, որ ոտքի չկարողացա՛ն այլևս մնալ, մինչ անհետացա՛ն իմ ոտքերի տակ:

Տե՛ր, հագցրի՛ր ինձ զորությունը Քո պատերազմելու և ոտքերի՛ս տակ դրեցիր նրանց՝ ովքեր համախումբ ելա՛ն ինձ վրա: Եվ հալածակա՛ն դարձրիր բոլոր թշնամիներիս, ատելիներիս սատակեցրի՛ր: Աղաղակեցի՛ն նրանք, և սակայն մե՛կ հոգի չեղավ, որ նրանց փրկեր, դիմեցին նրանք Տիրոջը, բայց Նա չունկընդրե՛ց նրանց: Ես պիտի ահա մասնատե՛մ նրանց, և պիտի լինեն նրանք՝ ինչպես որ փոշի՛ն է թռչում հողմի առջևից: Եվ ինչպես կավը մարդու ոտքի տակ՝ ես այդպե՛ս պիտի կոխկըրճեմ նրանց:

Եվ Տերն ինձ պիտի զորությամբ փրկի՛ հակառակության ամե՛ն տեսակից, որ ժողովրդի միջից ի հայտ գան, պիտի վե՛ր հանի և կանգնեցնի՛ ինձ որպես առաջնո՛րդ հեթանոսներին: Այն ժողովրդին, որ չգիտեի` նա՛ ինձ ծառայեց և ձայնս հազիվ լսած` ելա՛վ և եղավ ունկընդի՛ր: Իսկ օտարների որդիներն եկան ու ստեցի՛ն ինձ, սակայն մաշվեցի՛ն և կա՛ղ տվեցին իրենց ստամած արահետներում:

Կենդանի՛ է Տերը, օրհնյա՜լ է Աստված, Նա իմ փրկության համար մշտապե՛ս բա՜րձր է կանգնած, Աստվա՛ծն- Աստվա՛ծն իմ: Նա որոնում է իմ վրեժները լիարժե՛ք լուծել, հնազանդեցնե՛լ ժողովուրդներին ի՛մ կամքի ներքո: Հանիրավի տեղ վրաս բարկացած թշնամիներից ազատո՛ւմ է Նա, բա՜րձր է դարձնում ինձ իմ վրա ելած հակառակներից և փրկում ձեռքից անիրա՛վ մարդու: Եվ այս ամենի համար, Աստվա՛ծ իմ, հեթանոսների առաջ Քո գործե՛րն եմ խոստովանում, և Անվանը Քո նվիրաբանված՝ երգո՜ւմ սաղմոսնե՛ր: Եվ սքանչելի՜ դարձրիր, Դո՛ւ, Տե՛ր, փրկությունը և Քո՛ Թագավորի, Քո Օծյալի հետ Դու ողորմությա՛ն արժանացրու նաև Քո՛ Դավթին, նրա Զավակին` սերընդե՜- սերունդ:

Գրաբարից փոխադրությունը` Մաքսիմ Անդրանիկի Ոսկանյանի

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ