Երեխաների նկատմամբ ընտանեկան բռնությունները պետք է պատժվեն
« Մենք ճշգրիտ տվյալներ չունենք, թե քանի երեխա է ընտանեկան բռնության ենթարկվում: Մենք բոլորս հասկանում ենք, որ լինում են բազմաթիվ դեպքեր, որոնք չեն բացահայտվում և դառնում են լուռ ողբերգություններ ընտանեկան պատերց ներս»,-այսօր՝ դեկտեմբերի 21-ին «Անչափահասների նկատմամբ բռնությունները Հայաստանում և ընտանեկան բռնության դեմ օրենք» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց «Երեխաների պաշտպանության ցանց»-ի խորհրդի նախագահ Միրա Անտոնյանը:
Բանախոսի փոխանցմամբ ՝ հասարակության ակտիվությունն ու վերաբերմունքը շատ կարևոր է ընտանեկան բռնությունների դեմ պայքարելու համար. «Շատ է քննարկվում, արդյո՞ք երեխաներին ֆիզիկական վնասվածք հասցրած հայրը պետք է տուգանվի 30000 դրամով, թե պետք է ազատազրկվի: Սա աղմկահարույց դեպք էր, սակայն միակ դեպքը չէ: Սոցիալական աշխատողի միջոցով ընտանեկան բռնությունների դեպքերը խաղաղ ավարտի հասցնելը շատ ավելի համոզիչ է և արդյունավետ: Պետք է այսպիսի համակարգ ներդրվի: Եթե այս սենսացիոն դեպքերը չլինեն, գուցե շատերը չխոսեին նման դեպքերի մասին»ընդգծեց Անտոնյանը
«Երեխաների պաշտպանության ցանց»-ի անդամ Նունե Գեղամյանն էլ նշում է, որ հարկավոր է խնդրի լուծման մոտեցումները համակարգվեն պետության կողմից:
«Մենք ունենք փաստեր, որ բռնությունը հաճախ կիրառվում է , որպես նորմ ընտանեկան դաստիարակության մեջ: Պետք է փոխվեն մոտեցումները տարբեր հարթակներում: Կիրառելի տարբերակ է, որ բռնություն գործադրողը հեռացվի ընտանիքից, գոնե ժամանակավորապես: Շատ պարագաներում սխալ է երեխային հեռացնել ընտանիքից, քանի որ դա նրա զարգացման կարևոր միջավայր է: Կարիք կա, որ պետությունը բռնություն ենթարկողին և ենթարկվողին վերականգնողական ծառայություններ մատուցի»,-ընդգծեց Նունե Գեղամյանը:
«Երեխաների պաշտպանության ցանց»-ի անդամ Արշակ Գասպարյանն էլ նկատում է, որ ստեղծվել է մի իրավիճակ , երբ կարիք է առաջացել մարդկանց բացատրել՝ ինչ է ընտանիքը, ինչ է սերը: «Մենք այսօր կորցնում ենք արժեքներ, միարժեքություններ, և դրա պատճառով է, որ կարիք է առաջացել բացատրել, որ ընտանիքը սեր է, և դա բռնություն պետք է չենթադրի»: