Տիգրան Սարգսյանը զարմացած է որոշ պաշտոնյաների վրա
Այսօր՝ հունիսի 14-ին Երևանում կայացավ “Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան” առաջին միջազգային համաժողովը: Համաժողովի ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը:
ՀՀ Կառավարության և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից իրականացվող այս համաժողովին ՀՀ կառավարությունը ներկայացրեց ԲԿԳ հայաստանյան գործողությունների ծրագիրը և ծրագրով ստանձնած ՀՀ հանձնառությունների իրականացման ընթացքը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորելով այս նախաձեռնությունը` նշեց այն երկու հիմնական պատճառները, որոնք որոշիչ և կարևոր են իշխանության աշխատանքի համար:
Առաջին նկատառումը ըստ վարչապետի, որ ցանկացած պետություն և իշխանություն ունի պարտադրանքի գործիք և որպեսզի հասարակությունը համոզված լինի, որ այդ պարտադրանքի գործիքը իշխանության կողմից չի օգտագրծվում ի վնաս հանրության, պիտի լինի վերահսկելի և միշտ դրվի կասկածի տակ:
“Ես զարմանում եմ, երբ որոշակի պաշտոնատար անձինք նեղվում են, երբ իրենց գործնեությունը հանրությունը կասկածի տակ է առնում, դա այդպես էլ պետք է լինի: Թափանցիկությունը պետք է լինի բոլոր մակարդակներում և եթե հարկ կա ինչ-որ բան գաղտնի պահելու, ապա այդ գաղտնիության մասին հասարակությանը պետք է տրվի տրամաբանական բացատրություն”,-նշեց վարչապետը:
Տիգրան Սարգսյանի երկրորդ դիտարկումն այն է, որ հասարակությունը պետք է ներգրաված լինի իշխանության կողմից իրականացվող որոշումների կայացման գործին, որպեսզի կարողանա իր առաջարկություններն ու դիտողություններն անի և իրավամբ համոզված լինի, որ իր ձայնը լսելի է:
ԶԼՄ-ների ինֆորմացիոն ազատության և կարևորն ու անկարևորը միաժամանակ ներկայացնելու մասին Տիգրան Սարգսյանը նկատեց.
“Այս պահին տեղեկատվության թափանցիկության առումով առաջարկն ավելի մեծ է, քան պահանջարկը, կառավարական կայքերում կա հարուստ տեղեկատվություն, որ հասարակությունը և լրագրողները գրեթե չեն օգտագործում”,-ասել է վարչապետը: