Պարտադի՞ր է, որ օրենքին համապատասխան գործելը հատուկ գրգռվածություն առաջացնի. Պռոշյանում լարված են
Այսօր Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը հայտնեց, որ հուլիսի 14-ին Պռոշյան գյուղում գյուղապետի ընտրություններ են կայանալու: Վարդանյանը նշեց, որ համբերատար հետևում են իրավապահ մարմինների աշխատանքին, որոնք ուղղված են` բացահայտելու նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունը:
Պատգամավորի խոսքով՝ գյուղում իրավիճակը սրված է, և շատ ավելի է սրվել, երբ գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ավագանու անդամ, ՀՀԿ-ական Արմենուհի Մելիքյանը: Նշենք, որ գյուղացիները դժգոհ են այս ընտրությունից: Ըստ այդմ էլ ՀՅԴ-ական պատգամավորը հարցրեց, թե ինչու է հենց այս կինը նշանակվել որպես պաշտոնակատար:
՛՛Մարզպետը գործել է օրենքի սահմաններում և այս պարագայում մարզպետը կարող է նշանակել համայնքի ղեկավարի պաշտոնակատար, վերջինս տրամաբանությամբ պետք է լիներ ղեկավարի տեղակալը, ով ըստ էության հանդիսանում է ընտրությունների թեկանծուներից մեկը: Հաշվի առնելով այդ հանգամանքը, որ պաշտոնակատարը չի կարող լինել թեկնածու, մարզպետն ընդառաջել է՛՛,-արձագանքեց տարածքային կառավարման նախարար, փոխվարչաապետ Արմեն Գևորգյանը:
՛՛Այս մասին ես խոսել եմ մարզպետի հետ, ինքը գտնում է, որ ճիշտ ընտրություն է կատարել, պետք չէ էմոցիաներով ու ցանկություններով առաջնորդվել, այլ օրենքի տարրին համապտասխան՛՛: Պարտադի՞ր է, որ օրենքի տարրին համապատասխան գործելը հատուկ գրգռվածություն առաջացնի: Նշանակվել է մի կին, ով 57 ձայն է հավաքել գյուղում ընտրությունների ժամանակ՛՛,-երափակեց ԱԺ պատգամավորը: