Սոցիալական ԶԼՄ-ների «լավագույն ընկերը» դարձել է սադրանքը
Արդի հասարակության շրջանում սոցիալական ցանցերի դերն ավելի է մեծանում, քանի որ դրանց կարևոր յուրահատկություններից է ինտերակտիվությունն ու իշխանության լծակներից զատ ազատ խոսքի իրավունքի հարթակի տրամադրումը: Սոցիալական ԶԼՄ-ներին հետևյալ հատկանիշներն են դարձնում ակտուալ՝ հնարավորություն է ընձեռվում իրականացնել սոցիալական, քաղաքական և քարոզչական գործունեություն, որը պարունակում է հետադարձ կապի մեխանիզմ, հնարավորություն արագ արձագանքելու քաղաքացիների հարցերին: Սոցիալական ԶԼՄ-ների միջոցով կարելի է ազդել քաղաքական և սոցիալական գործընթացների վրա:
Աշխարհի մի շարք պետությունների նախկին իշխանությունների կարևորագույն խնդիրներից էր մեկուսացված լինելը: Դրանք հասարակության հետ կապ չէին պահում, բացակայում էր իշխանություն-հասարակություն երկխոսությունը, չկար հետադարձ կապ: Նման դեպքում հասարակությանն ավելի շատ էր համակում թյուրիմացության և անվստահության զգացումը:
Սոցիալական ԶԼՄ-ները տեղեկատվության այնպիսի աղբյուր են, որտեղ քննարկվում են կարևորագույն թեմաներ, յուրաքանչյուր ոք յուրովի մեկնաբանում է տեղեկատվությունը:
Սոցիալական ԶԼՄ-ների դերի մասին խոսել է նաև ՌԴ նախագահը, ով հայտարարել է, որ սոցիալական ցանցերը վեածվել են քաղաքական արդյունավետ գործիքի և հաճախ օգտագործվում են հասարակական կարծիքը մանիպուլյացիայի ենթարկելու և անմիջականորեն ինքիշխան պետությունների ներքին գործերին միջամտելու համար:
Սակայն սոցիալական ԶԼՄ-ների դերը կարող է լինել և դրական, և բացասական: Դրական կարելի է համարել այն հանգամանքը, որ գնալով ավելի շատ երիտասարդներ են ներգրավվում քաղաքականության մեջ և տարատեսակ գաղափարներով հանդես գալիս այս հարթակում: Սոցիալական ԶԼՄ-ների շնորհիվ լուրերն արագ են տարածվում, քաջալերվում է բազմակարծություն, յուրաքանչյուր քաղաքական գործիչ հնարավորություն է ստանում ավելի մեծ մասնակցություն ունենալ գործընթացներին ևև կրել դրանց պատասխանատվությունը:
Իշխանությունները կարող են Facebook-ը և Twitter-ը և այլն արդյունավետ օգտագործել ընտրական քարոզարշավի ժամանակ:
Իսկ սոցիալական ԶԼՄ-ների բացասական ազդեցություն կարելի է համարել խեղաթյուրված տեղեկատվության տարածումը, որի միջոցով կարելի է մանիպուլյացիայի ենթարկել բնակչությանը, ապակողմնորոշել ու մոլորեցնել նրան:
Անպատասխանտու և անտեղի նյութը կարող է նաև ընթերցողին քաղաքական ճահիճ ներքաշել: Այս միտումը գնալով ավելի է տարածվում:
Եվրահանձնաժողովը Facebook-ին, Twitter-ին, YouTube-ին, և այլ տեխնոլոգիական ընկերությունների կոչ է արել շուտափույթ միջոցներ ձեռնարկել «թշնամանքի լեզվի» դեմ: Հակառակ դեպքում Եվրահանձնաժողովը սպառնացել է ընդունել համապատասխան օրենքներ։
Ընկերություններն ինքնակամ ստորագրել են վարքի կոդեքս և համաձայնել են անհրաժեշտության դեպքում ջնջել կոնտենտը կամ փակել դրա հասանելիությունը, ինչպես նաև սերտորեն համագործակցել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ։
Սակայն Եվրահանձնաժողովում կարծում են, որ ընկերությունները պատշաճ կերպով չեն հետևում կոդեքսին։
Ներկայումս Twitter-ը, Facebook-ը և YouTube-ը վճռորոշ դեր են խաղում քաղաքական գործընթացներում և քաղաքական գործիչների գաղափարախոսության համար մարտադաշտ ծառայում: Ու ամենակարևորն այն է, որ սոցիալական քննարկումների վրա ազդելու համար պետք չէ փաստերին ապավինել, այլ բավական է հրահրել: Սոցիալական ԶԼՄ-ներում սադրանքը քննարկման, մեկնաբանության և երկխոսության լավագույն ընկերն է դարձել:
Հրաչուհի Հայրապետյան