17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Ռոսնեֆտ»-ի սեփականաշնորհմամբ Պուտինը ցույց տվեց իր անպարտելիությունը

2016թ-ի «Տարվա գործարք» անվանումը ստացավ ՌԴ նավթային «Ռոսնեֆտ» ընկերության 19,5% բաժնետոմսերի սեփականաշնորհումը:

Ընկերության բաժնետոմսերը ձեռք բերեցին շվեյցարական «Glencore» և «Qatar Investment Authority» ընկերությունները:

«Ռոսնեֆտ» ընկերության նախագահ Իգոր Սեչինը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է, որ «Ռոսնեֆտ» ընկերությունը ձեռք բերած կոնսորցիումը ստեղծվել է Կատարի սուվերեն հիմնադրամի և Glencore թրեյդերային ընկերության կողմից: Կոնսորցիումի մասնակիցներն ունեն գնվող բաժնետոմսերի հավասար մասնաբաժին՝ 50%:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գործարքը հաջողված է համարել՝ հավելելով, որ այն 2016թ-ին նավթագազային ոլորտում աշխարհում իրականացված ամենախոշոր նմանօրինակ գործարքն է: Պուտինը նաև շեշտել է, որ չնայած «Ռոսնեֆտ»-ի 19,5%-ի սեփականաշնորհմանը, ընկերության վերահսկիչ փաթեթի՝ 50 և ավելի տոկոսը, մնում է ՌԴ ձեռքում:

«Glencore» ընկերության կողմից տարածված հայտարարության մեջ նշվում է, որ  «Ռոսնեֆտի» 19,5% բաժնեմասերը ձեռք է բերվել €10,2 մլրդ-ով:

ՌԴ նախագահն ավելի վաղ հայտնել է, որ ընկերությունը վաճառվել է €10,5 մլրդ-ով, ուստի «Glencore» ընկերության հայտարության մեջ նշվում է, որ  €300 մլն-ը վճարվելու է «Glencore»-ի կապիտալով: «Glencore»-ը նաև 5 տարի շարունակ՝ օրեկան 220,000 բարելի չափով, վաճառելու է  «Ռոսնեֆտ» ընկերության նավթը:

«Ռոսնեֆտ»-ի բաժնետոմսերի սեփականաշնորհումից հետո ընկերության արժեթղթերը աճել են 5%-ով՝ հասնելով պատմական առավելագույնի: Գործարքից հետո Glencore ընկերության բաժնետոմսերը ևս սկսել են աճել: Ընկերության բաժնետոմսերի սեփականաշնորհումից հետո ռուսական ռուբլին ևս կայունացել է:

Այդ առնչությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ «Ռոսնեֆտ»-ի սեփականաշնորհման հետևանքով պետք է խուսափել  արժույթների փոխարժեքների տատանումներից: Չնայած նրան, որ գործարք իրականացվել է եվրոյով, ՌԴ պետբյուջե մուտքը պետք է  իրականացվի ռուբլով:

«Ռոսնեֆտ» ընկերության կողմից տարածված հայտարարության մեջ նշվում է, որ գործարքի բարեհաջող իրականացման արդյունքում ՌԴ պետբյուջե մուտք կգործի 710,8 մլրդ ռուբլի:

Ուշագրավ է, որ ընկերության սեփականաշնորհումն իր ազդեցությունն ունեցավ ոչ միայն ՌԴ արժութային շուկայի վրա, այլև «ցնցեց» միազգային հանրությանը:

Հեղինակավոր Financial Times պարբերականը «Ռոսնեֆտ»-ի սեփականաշնորհումը  ՌԴ նախագահ Պուտինի անձնական հաղթանակ է որակել:

The New York Times պարբերականը գրել է. «Չնայած ՌԴ նկատմամբ կիրառվող պատժամիջոցներին, ՌԴ-ին հաջողվեց ընկերության գնորդ գտնել»:

Ֆրանսիական առաջատար Les Echos  պարբերականը «Ռոսնեֆտ»-ի սեփականաշնորհման պայմանները սենսացիոն է որակել: Նշվում է, որ ՌԴ-ն նման կերպ ապացուցեց, որ Մոսկվան կարող է գործարքներ կնքել արտասահմանյան խոշորագույն ներդրողների հետ, առանց հաշվի առնելու Արևմուտքի պատժամիջոցները:

Իսկ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի խորհրդական Կարտեր Փեյջը հայտնել է, որ «Ռոսնեֆտ»-ի գործարքը ցույց է տալիս, որ Արևմուտքի պատժամիջոցները առավել վնասեցին ոչ թե ռուսական ընկերությանը, այլ արևմուտքի գործարար ոլորտին:

Նարինե Մեհրաբյան

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ