Առանց Քրիստոսի կյանք չկա
Այսօր շատ ճանապարհներ կան, որոնք խոստանում են մարդուն տանել դեպի հավիտենական կյանք. տարբեր կրոններ տարբեր ճանապարհներ են ցույց տալիս: Երբ Քրիստոսը եկավ, Նա չասաց, թե որ ճանապարհն է ճիշտ կամ սխալ, այլ հայտարարեց. «Ես եմ Ճանապարհը»:
Ոմանք իրենց կյանքի ընթացքում շատ բարի գործեր են կատարել եւ կարծում են, թե իրենց բարի գործերի պատճառով փրկված կլինեն: Ոմանք չեն ընդունում Հիսուսին, որովհետեւ ուրիշ հավատք ունեն և համոզված են, որ դա է փրկության ճանապարհը: Սակայն Աստվածաշունչն ասում է, որ ընդամենը մեկ ճանապարհ կա, որը տանում է Հոր մոտ, եւ այդ ճանապարհը Հիսուս Քրիստոսն է: Եթե չընդունենք Նրան, երկինք գնալու ճանապարհ չենք ունենա:
Հիսուսը ոչ միայն ասաց. «Ես եմ ճանապարհը», այլեւ ասաց. «Ես եմ ճշմարտությունը»: Այս աշխարհում յուրաքանչյուր ոք փնտրում է ճշմարտությունը, փորձում հասկանալ, թե ով է ճիշտ եւ ով է սխալ, որ պետությունը կամ քաղաքական գործիչն է ճիշտ, եւ որը` սխալ: Ոմանք արտագաղթում են իրենց երկրից եւ բնակություն հաստատում մեկ այլ երկրում` կարծելով, թե այնտեղ կգտնեն ճշմարտությունը, սակայն հասկանում են, որ ոչ մի տեղ էլ ճշմարտություն չկա: Ճշմարտությունը Հիսուսն է. ով գտնում է Նրան, գտնում է ճշմարտությունը:
Եվ երրորդը` Հիսուսն ասաց. «Ես եմ կյանքը»: Բոլորը ցանկանում են ապրել, բայց առանց Քրիստոսի կյանք չկա: Եթե ինչ-որ մեկը Քրիստոսին չունի, ապա պարզապես գոյատեւում է, ոչ թե վայելում կյանքը: Քրիստոսը եկավ, որպեսզի մենք հավիտյան կյանք եւ ուրախություն ունենանք, ոչ թե ապրենք ժամանակավոր կյանքով եւ հաճույքներով:
Ընդունեք Հիսուսին, եւ կլցվեք կյանքով: Նա է ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը: Ամեն:
Շողեր Շախոյան