Ցուցադրեք իմ կնճիռները. դրանք անչափ թանկ են նստել ինձ վրա”.. . Իրատես de facto
Հարցազրույց “Իրատես de facto” թերթի քաղաքական մեկնաբան ԿԱՐՄԵՆ ԴԱՎԹՅԱՆԻ հետ:
–Լրագրողն այն էր, ինչ դու պետք է դառնայի՞ր:
-Չէ՜: Ինձ միշտ կես քայլը չի հերիքել, որ դառնամ գրող, բանաստեղծ, պարուհի, հոգեւորական, կին, մայր… Հիմա այդ ամենից մի քիչ-մի քիչ է: Լրագրությունն ինձ հնարավորություն տվեց այդ բոլորը համատեղել մի կետում: Ես քանդեցի լրագրողի տաբուները այդով: Եղա գրող, եղա բանաստեղծ, եղա մայր… իսկ ամենավերջում հատուցեցի այդ ամենի դիմաց` դառնալով քաղաքական վերլուծաբան:
–Փոշմանե՞լ ես:
-Չէ, շնորհակալ եմ. ճամփին էնքան լավ բաներ եղան` թափված արցունքների կողքին էնքան լուսավոր մարդկանց հանդիպեցի: Մնացածն անկարեւոր է. կարեւորի մասին էլ ասել է Աննա Մանյանին` “Ցուցադրեք իմ կնճիռները. դրանք անչափ թանկ են նստել ինձ վրա”:
–Տիկին Դավթյան..
-Կարմեն` բոլորի համար, եւ միշտ` Կարմեն:
–Եվ այնուհանդերձ, լրագրողական ձեր սերունդն այլեւս եւ գրեթե ասպարեզում չէ. նրանք կամ թողել են լրագրությունը, կամ պաշտոնների են: Դու քեզ ծեր ու շատակեր չե՞ս զգում` այսքան երկար “քալելով բեմին վրա”:
-Մենք այն ենք, ինչ մտածում ենք: Երբեմն` հա, երբ հայտնվում եմ լրագրողական միջավայրում, ուր աղջկերքը խայտառակ երիտասարդ են, խոր շունչ եմ քաշում ու առաջ անցնում: Բայց դե` կարեւորը մտածողության տեսակն է. եթե այն կենդանի է, կապ չունեն բեմն էլ, քելքն էլ:
–Շա՞տ ես քայլել:
-Շա՜տ: Յոթ թերթով սեղան եմ նստել: Մեկը մեկից գունեղ, հետաքրքիր, շրխկան` “ՀՀ”, “Օրրան”, “Չորրորդ”, “Ժամանակ”, “Իրավունք”, “Հրապարակ”, եւ ինչպես տեսնում եք` “Իրատես de facto”: Ամենաթանկը ՀՀ-ն էր. թույլ տուր ասեմ` ես բախտավոր աստղի տակ ծնված լրագրող եմ. խմբագիրը, որի հետ սկսեցի իմ ճամփան` մարդեղության, տողի դողի, պետության զգացողության անափ տեսակ էր: Խոսքը Այդինի մասին է: Այդինն արդեն չկա. նա տեղափոխվեց երկինք։ Երեւի հոգնել էր, նուրբ էր կառուցված, լիքը սեր կար մեջը մարդու հանդեպ. էդ տեսակն աշխարհին վատ է հարմարվում, շուտ է մեռնում… Թե ես ինչի եմ էսքան ապրել… Հա, լավերը շուտ են գնում, ու Այդինը հավատարիմ մնաց թե՛ իր Հրանտին, թե՛ իր տեսակին ու շուտ գնաց. հիմա երկնքից մեզ է նայում:
Օդի մեջ է դեռ նրա բույրը: Այդ բույրով է հագեցած նաեւ մեր “Իրատեսը”. ոչ միայն, որ ճակատագրի բերումով այնտեղ հայտնվեցին մեր “էրեխեքը”, այլ իր ու հար նույն մարդեղենությամբ, հոգեւոր շնչով, սիրո դաշտերը պահելու` այսօր արդեն անհավատալի նույնականությամբ, բայց արդեն Փիրուզով:
–Էդպես ես ասում, որովհետեւ լրանում է “Իրատես de facto”-ի հինգ տարի՞ն:
-Էդպես եմ ասում, որովհետեւ էս թերթը անում է էն, ինչ չպիտի աներ: ՈՒմ է պետք վերլուծական, հոգեւոր, արժեհամակարգային խտությամբ ինտելեկտուալ այս հազարէջանոց “սեւեռումը”, երբ շուկան թակել, մտել է ամենուր, ուր թերթերն ունեն շատ քիչ աշխատողներ, ուր թերթերը բնականոն ձեւով վերածվել են բիզնեսի, ուր քաղաքականություն մտնելու լրագրողական մեծ “ապրոբացիաներ” են տեղի ունենում, էս թերթն ահա` դրել, չոբան-բայաթի է կանչում մարդու մասին, երկրի մասին, տարածաշրջանի մասին, հոգեւորի մասին` Վանու Չամբար շան հանգով` ցավի նյարդը կենդանի պահելով, ներսից իր, դրսից այլոց աչքը հանելով. որովհետեւ այստեղ ու դեռ մարդիկ աշխատում են, որովհետեւ չեն կարող չգրել, որովհետեւ շուկայից չեն հասկանում, ստանում “այլոցից ու այլուրեքից” հարվածներ ու հավատում, որ իրենց լռության մեջ մեծ սեր կա, որ պետք է փոխի նաեւ դիմացինին, չեն պատասխանում իրենց հարվածողներին, խաչ հանողներին, որովհետեւ այս թերթում հասկանում են, որ վերջիններս չգիտեն, թե ինչ են անում:
Հարցազրույցը ամբողջությամբ այսօրվա համարում: