Արայիկ Բուդաղյանը շոկի մեջ է. եղբայրները բացառում են գորիսյան վենդետան /վիդեո/
Զինվորական հոսպիտալում բուժում ստացող գնդապետ Արտակ Բուդաղյանի մորաքրոջ տղաները` Աշոտ և Ալիկ Սիմոնյանները, Henaran.am-ի հետ զրույցում ասացին, որ իրենք չեն պատրաստվում վրեժխնդիր լինել, և հերքեցին այն տարածված տեղեկությունները, որ այսօր երեկոյան Գորիսում Բուդաղյանների երրորդ եղբայրը` Արայիկ Բուդաղյանը, հավաք է կազմակերպում, որպեսզի քննարկեն Սյունիքի արդեն նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի դեմ որևէ գործողություն անելու ծրագիրը:
”Ռուսաստանից եկած եղբայրը դեռ շոկի մեջ է: Չի հասկանում, թե ինչպես և ինչու կատարվեց, և ոչ միայն նա, բոլորն են այդ հարցը միմյանց տալիս”,-պատմեց Աշոտ Սիմոնյանը:
Վերջինս հերքեց նաև այն տեղեկությունը, որ Բուդաղյանների հայրը ուղեղի կաթված է ստացել: ”Ես այսօր գիշերն եմ վերադարձել Գորիսից, ինքը ողջ-առողջ է և սգի մեջ է”,-: Ալիկ Սիմոնյանն էլ իր հերթին նշեց, որ Արայիկ Բուդաղյանին օդանավակայում դիմավորել է Արտակ Բուդաղյանի վարորդը:
”Ոստիկանապետը չի դիմավորել, նա չի հանդիպել Արայիկ Բուդաղյանին և որևէ հարց չի քննարկվել”,-շեշտեց նա` հերքելով այսօր մամուլում հայտնված տեղեկությունները, թե Վլադիմիր Գասպարյանն է դիմավորել Արայիկ Բուդաղյանին:
Եղբայրները տարբեր վարկածներ են լսել պատահածի մասին, բայց ստույգ ոչինչ չեն կարող ասել: ”Վարկածներ են, փառք Աստծո, Արտակ Բուդաղյանը դեպի լավն է գնում և համոզված եմ, որ նա կտա բոլորի հարցերի պատասխանը”,-նշեց Աշոտ Սիմոնյանը:
Ինչ վերաբերում է Բուդաղյաններ-Սուրեն Խաչատրյան դարավոր թշնամանքին, ապա ըստ Աշոտ Սիմոնյանի` թշնամանք չի եղել, նունիսկ բարեկամական հարաբերություններ են ունեցել:
Հիշեցնենք, որ այսօր կառավարության նիստում որոշվեց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին ազատել զբաղեցրած պաշտոնից` իր իսկ դիմումի հիման վրա:
Հունիսի 2-ին, կեսգիշերն անց Գորիսում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյան տան մոտ կրակոցներ են հնչել:Մարզպետի տան բակում սպանվել է “Վարարակն” ԲԲԸ փոխտնօրեն Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայրը` Արտակ Բուդաղյանը հարզենային վնասվածք է ստացել: Վերջինիս վիճակը գնահատվում է կայուն ծանր:
Այս դեպքերից հետո Սուրեն Խաչատրյանը հայտարարել էր, թե ժամանակավորապես վայր է դնում իր լիազորությունները, մինչև նախաքննությունը կավարտվի:
Զրույցի մանրամասները տեսանյութում: