Ազգային ժողովի պատվիրակությունը Ջավախքում էր /վիդեո/
Երեկ Սամցխե-Ջավախքում Ասպինձայի շրջանի հայաբնակ Դամալա գյուղի տոնի շրջանակներում հանդիպել են ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եւ Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Զվիադ Ձիձիգուրին։ Վերջիններից բացի տոնական միջոցառմանը մասնակցել եւ ոչ պաշտոնական շփումներ են ունեցել նաեւ երկու երկրների խորհրդարանների պատգամավորներ։
ՀՀ Ազգային ժողովից, մասնավորապես, ներկա են եղել նաեւ պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանը, Արթուր Գեւորգյանը, Վահե Հակոբյանը, Հովհաննես Սահակյանը, Արծվիկ Մինասյանը, Էդմոն Մարուքյանը եւ Արման Սահակյանը։ Հենց վերջինիս հրավերով էլ պատգամավորները այցելել են Ջավախք։ Բացի պատգամավորները, Ջավախք է մեկնել նաեւ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը։
Դամալա գյուղի տոնը նշվում է արդեն վեցերորդ տարին: Նախաձեռնողը արմատներով դամալացի գործարար–բարերար Սոս Սահակյանն է, ով ԱԺ պատգամավոր Արման Սահակյանի հայրն է:
Սոս Սահակյանի նախաձեռնությամբ տոնական միջոցառման սկիզբը դրվել է Դամալա գյուղին օժանդակության համար գումարի հանգանակության մարաթոնով, ինչի արդյունքում հիմնականում արտերկրում բնակվող դամալացիների հանգանակության շնորհիվ հավաքվել է շուրջ 80 000 հազար ԱՄՆ դոլար:
Ինչպես միջոցառմանը Սոս Սահակյանը շնորհակալություն հայտնելով ներկաներին, ինչպես նաեւ հանգանակության մասնակիցներին՝ նշել է, որ Դամալա գյուղի օժանդակության ծրագիրը ավելի մեծ հնարավորություններ ունի:
Henaran.am-ի հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ Ջավախքում էին ԱԺ պատգամավոր Արման Սահակյանի հրավերով՝ մասնակցելու պատմական գյուղ Դամալայի տոնին, որի շրջանակներում հանդիպել են վրաց գործընկերների հետ՝ քննարկել Ջավախքի խնդիրները: “Հիմնադրամը նախաձեռնել է բարեգործ Սոս Սահակյանը: Մեծ տոնակատարություն տեղի ունեցավ: Մշակութային միջոցառմանը մասնակցեցին վրաց եւ հայ խորհրդարանի պատգամավորները՝ նշելով 1918թ.-ի հայերի փառավոր հաղթանակը թուրքական կանոնավոր բանակի դեմ”,- ասաց նա։
Շարմազանովը նաեւ հայտնեց, որ միջոցառումից հետո տեղի է ունեցել հանդիպում վրացի պատգամավորների հետ, ինչպես նաեւ ինքը եւ Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Զվիադ Ձիձիգուրին առանձին զրույցում կարեւորել են նման միջոցառումների դերը հայ-վրացական հարաբերությունների զարգացման գործում: Նաեւ խոսել են քաղաքական, տնտեսական, սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարների մասին:
Ըստ ՀՀ ԱԺ փոխնախագահի, պայմանավորվածություն է ձեռք բերվել գործնական քայլեր կատարել գյուղի ճանապարհաշինության, դպրոցի վերանորոգման համար, որին կօժանդակի նաեւ Սահակյան ընտանիքը:
Էդուարդ Շարմազանովը ավելացրեց, որ ամսվա վերջին պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպել նաեւ Վրաստանի մայրաքաղաքում: