Հերիք եղավ, բոլ եղավ, էս խուլիգանությունը, բոսյակությունը …
՛՛Ես գտնում եմ, որ մրցույթը ժամանակավրեպ է ու անիմաստ, այդ ծրագիրը հրապարակի համար որևէ արդիկան ու հասունացած խնդիր չի լուծում՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ճարտարապետ Սաշուր Քալաշյանը՝ խոսելով Հանրապետության հրապարակի վերակառուցման համար քաղաքապետարանի կողմից հայտարարված մրցույթի վերաբերյալ:
Ճարտարապետը նշեց, որ ճարտարապետական հանձնաժողովում հրապարակի հարցը մանրամասն չի քննարկվել, սակայն պարզ է, որ քաղաքապետարանը մի շարք խախտումներ է անում: Երևանի համայնքի մասին օրենքում նրա քաղաքաշինական գործառույթների թվում գրված է, որ Երևանի քաղաքապետարանը նման մրցույթներ անկացնելու իրավունք ունի միայն այն հարցերում, որ ունեն տեղական քաղաքաշինական նշանակություն, սակայն Հանրապետության հրապարակը ճարտարապետի խոսքով` հայության խնդիրն է:
Բացի այդ քաղաքապետարանը միանձնյա իրավունք չունի այդ վերակառուցումն առաջարկել, քանի որ հրապարակը նաև պատմության և մշակույթի հանրապետական նշանակության հուշարձանախումբ է:
Ասուլիսին ներկա ”P-ARt” ասոցիացիայի տնօրեն Կարեն Քոչարյանը բավական զայրացած ներկայացրեց իր տեսակետը: Նա նշեց, որ ինքն այստեղ է որպես 46 տարվա երևանցի: ՛՛Հերիք եղավ, բոլ եղավ, էս խուլիգանությունը, բոսյակությունը…՛՛,-ասաց նա՝ հավելելով, որ տարբեր հանձնաժողովներն ու միությունները, որ փորձում են խանգարել այս գործընթացին, ֆիկցիա են: ՛՛Դրանք որ պահպանող լինեին, շուկան կպահպանեին, դրանք սաղ ֆիկցիա են, Նարեկ Սարգսյանն ինչ ուզում, անում է, քաղաքապետարանն էլ ոնց որ մեխի գլուխ լինի՛՛:
Նրանք ասացին, որ սա նպատակ է հետապնդում հրապարակի բոլոր շենքերի վրա հարկեր ավելացնել, ինչպես դա արվեց Կասկադի դեպքում, երբ լրացուցիչ հարկեր ավելացվեցին: ՛՛Պատկերասրահի փոխարեն եսիմ ինչ սարքենք… բոլոր խաղերը խաղացել ենք, մնում է սարի սմբուլը: Միակ հարցը, որ ուզում են անել, փող պիտի լվանան, ուրիշ բան չկա՛՛,-հավելեց Քալաշյանը:
Վերջինս դիմեց հանրությանը՝ խնդրելով օգնել իրենց չթողնել այդ վերակառուցումները կատարել, մեծ շարժում ծավալել: Հիշեցնենք, Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն ասել է, որ այս քննադատությունները հենց իր դեմ են ուղղված: Այս խոսքերին Քոչարյանն արձագանքեց. ՛՛Հա հենց իր դեմ է ուղղված, բա թողենք, քաղաքը մխտռվի՛՛: