Վրաստանի ԱԳՆ-ը բողոքի նոտա կներկայացնի ՌԴ-ին
Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն հայտարարել է, որ Վրաստանի ԱԳՆ-ը` Շվեյցարիայի դեսպանության օգնությամբ, բողոքի նոտա կներկայացնի Ռուսաստանին: Նախարարը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ արտաքին քաղաքական գերատեսչությունը վրդովմունք է հայտնել այսպես կոչված վարչական սահմանի ինքնակամ տեղափոխման կապակցությամբ, ինչն էլ հաստատել է Ներքին գործերի նախարարությունը, գրում է “Грузия-Online”-ը:
Փանջիկիձեն նշել է նաեւ, որ այդ հարցը քննարկման կդրվի նաեւ Ժնեւյան բանակցությունների ժամանակ, իսկ ինքն անձամբ այդ թեմայի շուրջ կխոսի Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
Նախարարի խոսքով` սահմանի տեղափոխումը միակողմանի որոշում էր, որը բարդացնում է հումանիտար դրությունը: Նա ընդգծել է, որ այդ արարքը միջազգային նորմերի խախտում է: “Մենք պահանջում ենք վերականգնել այն դրությունը, որը կար մինչեւ հիմա”,-հայտարարել է Փանջիկիձեն:
Հիշեցնենք, որ ռուս սահմանապահները Գորիի շրջանի Դիցի գյուղում պայմանական սահմանը տեղափոխել են դեպի Վրաստան 300 մետրով: