Թրամփը կլսի Էրդողանին․ Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան
Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան Ջեյմս Ջեֆրին մեկնաբանել է, թե ինչպիսի ընթացք կստանան թուրք-ամերիկյան հարաբերությունները նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի նախագահության օրոք: Թուրքական «Yenisafak» թերթի կայքի փոխանցմամբ՝ դիվանագետը Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությունը պայմանավորել է 3 գործոնով. ԱՄՆ-ի՝ Իրանի, Ռուսաստանի հետ հարաբերություններով և «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարով:
Ըստ նրա՝ թուրք-ամերիկյան հարաբերությունների հարցում Թրամփի մոտեցումները հստակ չեն և դրանք պայմնավորված կլինեն, թե ովքեր կլինեն նոր նախագահի խորհրդականները և արդյոք Թրամփը կլսի նրանց:
Ըստ դիվանագետի կանխատեսումների՝ որքանով Թրամփը շարունակի ԱՄՆ-ի ավանդական դերակատարությունը որպես համաշխարհային ուժի կենտրոն, այնքանով Թուրքիայի հետ հարաբերությունները խորը և սերտ կլինեն, ինչպես եղել են նախկինում:
Ջեֆրին անդրադարձել է նաև Թուրքիայի համար կարևոր օրակարգային խնդրներից մեկին՝ գյուլենական շարժման առաջնորդ, իսլամի հայտնի քարոզիչ, ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձմանը:
Նշենք, որ վերջինս թուրքական իշխանությունների կողմից մեղադրվում է հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ:
Անկարայում ԱՄՆ նախկին դեսպանի խոսքերով Թրամփն այս հարցում կարող է այլ մոտեցում ցուցաբերել, քան նախագահ Բարաք Օբամայի վարչակարգը: Ջեֆրին հնարավոր է համարել, որ Թրամփը հակված կլինի լսել Գյուլենի մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեզերը: