Ադրբեջանը կրկին սրում է իրավիճակը
Քաղաքական մեկնաբան Տիգրան Աբրահամյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.
”Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ղարաբաղյան խնդիրն ունի կարգավորման երկու տարբերակ՝ ռազմական կամ խաղաղ. ”Մենք երկու տարբերակին էլ պատրաստ ենք և երբեք չենք բացառում խնդրի կարգավորման ռազմական ճանապարհը”:
Այն, որ Ադրբեջանում հոկտեմբերին սպասվող նախագահական ընտրություններին ընդառաջ Ադրբեջանի նախագահի հռետորաբանությունը կտրուկ կոշտանալու էր, սպասելի էր: Սակայն մյուս կողմից տարօրինակ իրավիճակ է ստեղծվում, քանզի ընդամենը օր առաջ Ադրբեջանի ԱԳՆ-ն, տարբեր ձևաչափերով հանդիպումների ժամանակ, ընդգծում էր իր երկրի նվիրվածությունը խնդրի խաղաղ կարգավորմանը:
Վերջին ժամանակներս Ադրբեջանը ԱԳ նախարարի մակարդակով առիթ է ունեցել հայտարարելու, թե պատրաստ է Խաղաղության մեծ համաձայնագրի մշակման աշխատանքների մեկնարկին՝ ”մոռացության տալով” բանակցությունների առաջին փուլի՝ հիմնարար սկզբունքների համաձայնեցման բանակցություններում դրսևորած իր մոտեցումը: Դեռ 2011 թվականին, Կազանում կայացած հանդիպման ժամանակ թվում էր, թե կողմերը մոտ են Հիմնարար սկզբունքների փաստաթղթի հարցում համաձայնությանը, երբ Ադրբեջանը բոլորի համար անսպասելի հանդես եկավ 10 նոր առաջարկներով՝ տապալելով հանդիպումը:
Չնայած այն հանգամանքին, որ և՛ համանախագահ երկրների ղեկավարները, և՛ միջազգային շահագրգիռ կառույցներն իրենց հայտարարություններում մշտապես շեշտում են ԼՂ հինախնդրի կարգավորման խաղաղ ճանապարհը և կոչ անում կողմերին զերծ մնալ այնպիսի քայլերից կամ հռետորաբանությունից, ինչը կարող է սրել տարածաշրջանում առանց այդ էլ լարված իրավիճակը, Ադրբեջանի նախագահը բավականին կտրուկ հայտարարություն է անում՝ շեշտելով, որ իրենք ”երբեք չենք բացառում խնդրի կարգավորման ռազմական ճանապարհը” ”: