Իսկական բարբարոսություն. Միայնակ կնոջը ուժի զոռով հոգեբուժարան են ուղարկել. Հայկական ժամանակ
Ըստ “Հայկական ժամանակ”-ի, արդեն մոտ 10 օր է` Երեւանի Կոմիտաս 56 հասցեի 115 բնակարանի բնակիչ, մոտ 70-ամյա Ամալյա Նազարեթյանը գտնվում է Ավանի հոգեբուժական կլինիկայում: Այն, ինչ տեղի է ունեցել Ամալյա Նազարեթյանի հետ, 37-թվի ստալինյան ռեպրեսիաները կամ ժամանակակից հոլիվուդյան Ֆիլմերի սարսափ սյուժեներն է հիշեցնում:
Նախօրեի երեկոյան թերթը ահազանգ ստացավ շենքի բնակիչներից մեկից, որ իրենց հարեւանուհուն ինտելիգենտ, նախկինում ուսուցչուհի, բոնի ուժով տեղափոխել են հոգեբուժարան: Զանգահարած երիտասարդ կինը խոսելու ընթացքում ծայրահեղ հուզված էր եւ օգնություն էր աղերսում:
Բանն այն է, որ Նազարեթյանի բնակարանը զբաղեցնում է նույն շենքի աոաջին հարկում գտնվող “Իդեալ” խանութի երկրորդ հարկը: Եվ ահա, ըստ հարեւանուհու, խանութի տերերը որոշել են շինարարական փոփոխություններ կատարել աոաջին եւ երկրորդ հարկերի միջեւ:
Ամալյա Նազարեթյանը որպես բնակիչ դեմ է եղել: Բավական երկար ժամանակ նրա եւ խանութի ներկայացուցիչների միջեւ լարված հարաբերություններ են եղել, քանի որ Նազարեթյանը խնդրով պարբերաբար դիմել է ոստիկանություն: Եվ ահա, օրերից մի օր այս հարեւանուհուն է մոտեցել թաղային ոստիկանը ձեռքին մի թուղթ եւ հորդորել ստորագրել այդ թղթի տակ առ այն, որ Ամալյա Նազարեթյանը հոգեկան խնդիրներ ունի: Հարեւանուհին հրաժարվել է ստորագրել, քանի որ այդ կինը հոգեկան խնդիրներ չի ունեցել:
Ըստ նրա տեղեկությունների, հարեւաններից որեւէ մեկը չի ստորագրել թղթի տակ: Իսկ արդեն մի քանի օր անց նրանք ականատես են եղել, թե ինչպես է մի մեծ մեքենա կանգնել շենքի բակի տաղավարի մոտ, վեճի ձայներ են լսվել, Ամալյա Նազարեթյանը տարածքում գտնվող շենքի հավաքարարուհուն խնդրել է ասել, որ ինքը հոգեկան հիվանդ չէ. ապա նրան բռնի ուժով դրել են մեքենան ու տարել: Ավելի ուշ հարեւանները պարզել են. որ նրան տեղափոխել են հոգեբուժարան:
“Իդեալ” խանութների ցանցը կապվում է Երեւանի արդեն նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի անվան հետ: Ամալյա Նազարեթյանը ամուսնացած չէ, նա երեխաներ չունի: Նա իհարկե դժբախտ է, որ ժամանակին չի ամուսնացել եւ Ներսես Նազարյանի նման մի զավակ էլ ինքը չի ծնել, քանի որ Նազարյանի եւ նրա նմանների մայրերի հետ նման բան չէր կարող պատահել: Սակայն խնդիրն այստեղ միայն Նազարյանը չէ, տասնյակ մարդիկ ոստիկաններ, բժիշկներ, դատավորներ մասնակցել են այս բարբարոսությանը եւ որեւէ մեկը չի ընդդիմացել:
Ոմանց ձեռքերը, Ամալյա Նազարեթյանի մասին խոսելիս, դողում են. սակայն համարձակություն չունեն ասել ճշմարտությունը: Հարեւաններն էլ նրա մասին խոսելիս օբյեկտիվորեն վախենում են, չէ որ նրանցից յուրաքանչյուրին կարող են տանել հոգեբուժարան:
Մենք նույնպես վախենում ենք. վախենում ենք առաջիկա ոչ աշխատանքային օրերի ընթացքում բորենիների ձեռքում հայտնված այդ կնոջը միայն իրենց հայտնի պրեպարատներ ներարկեն եւ իսկականից հոգեկան հիվանդ դարձնեն: Կասեք նման բան հնարավո՞ր չէ “Ապահով Հայաստանում”: Իսկ վերը նկարագրվածը հնարավո՞ր է:
Եթե այսօր նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը, առողջապահության նախարարը, ոստիկանների շեֆ Վլադիմիր Գասպարյանը, հանրապետության գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը, հարկադիր բուժման որոշում կայացրած դատավորը բոլորը միասին չգնան եւ Ամալյա Նազարեթյանի ձեռքից բռնած, իսկ ավելի ճիշտ սեփական ձեռքերում գրկած դուրս չհանեն այդ վայրից, հույս ունենք իրենց ծնած մայրերի աչքերին ամեն անգամ նայելիս կհիշեն իրենց համատեղ ջանքերով հոգեբուժարանում տառապող միայնակ, անզավակ Ամալյա Նազարեթյանին:
Մանրամասները թերթի համարում: