Սպանված զինվորի հարազատները դին հողին կհանձնեն /վիդեո/
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ զրուցելուց հետո մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասում սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի ծնողները համաձայնվեցին Սեւանի ճանապարհից հետ տանել իրենց որդու դին:
Նախարարը սպանված զինվորի ծնողներին խոստացավ, որ գործի քննությունը կլինի հրապարակային. “Իրոք, տեղի է ունեցել հանցագործություն, եւ մեղավորը պետք է պատասխանատվություն կրի”,-հավաստիացրեց Օհանյանը՝ նաեւ լրագրողների հետ զրույցում ասելով, որ միջադեպի պատճառը նաեւ “մեր անհամբերությունն է, տաքարյունությունը”։
Հիշեցնենք, որ մայիսի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց է արձակել, ինչի արդյունքում պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Իշխանի Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վիրավորում: Վերջինս ընդունվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք:
Այսօր որոշում է կայացվել Դավիթ Խաչատրյանին ՀՀ քր. օր-ի 104 հոդ-ի 2-րդ մասի 6-րդ կետով եւ ՀՀ քր. օր-ի 112 հոդ-ի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, ինչպես նաեւ որոշում է կայացվել Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն դատարան ներկայացնելու մասին:
Սպանված զինվորի հարազատները չեն հավատում, որ իրենց Լյուքս Ստեփանյանը սպանվել է վիճաբանության արդյունքում եւ որպես բողոքի նշան դիակը բերում էին Հանրապետության հրապարակ:
Բացի պաշտպանության նախարարությունից, հարազատներին հանդիպլ են նաեւ
Հայաստանի ռազմական ոստիկանության պետ Սամվել Ղուկասյանն ու ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը: Բոլոր պաշտոնյանները Լյուքս Ստեփանյանի հարազատների հետ գնացին Մարտունու շրջանի Վերին Գետաշեն գյուղ` մասնակցելու սպանված զինվորի հուղարկավորությանը։
Լուսանկարը Ֆեյսբուքի օգտատեր Դիանա Բոստանջյանի: