Ժողովուրդը կապստամբի՞,թե՞ կարտագաղթի. Առավոտ
Ժողովուրդը կապստամբի՞,թե՞ կարտագաղթի:
Այդ հարցը վերջերս շատ է հնչում: Իհարկե, անչափ ցանկալի է, որ չանի ոչ մեկը, ոչ մյուսը, որովհետեւ երկուսն էլ կործանարար են: Արտագաղթի տեմպերի պահպանումը կբերի մեր պաշտպանունակության աստիճանական կորստի, որից ինչ-որ մի պահի կօգտվի հակառակորդը: Իսկ ապստամբություն, սոցիալական “բունտ” անող ժողովուրդը չի ենթարկվում ոչ մեկին, ոչ ոքի չի լսում` ոչ իշխանությանը, ոչ ընդդիմությանը, ոչ էլ նույնիսկ նախախորհրդարանին` գնում է, ջարդում-փշրում է, թալանում է խանութները, հարուստների տները: Դա նշանակում է քաոս, եւ մեր հակառակորդը պարզապես հիմար պետք է լինի, եթե այդ քաոսից չօգտվի:
Բնականաբար, այդ երկու անցանկալի երեւույթների դեմն առնելու պարտականությունը նախեւաոաջ իշխանությանն է: Ինքնապահպանության պարզ բնազդը պետք է դրդեր նրան քայլեր անելու` սեփական ազդեցությունը փոքր-ինչ թուլացնելու եւ պետությունը փոքր-ինչ ուժեղացնելու ուղղությամբ: Ոչ մի սարսափելի բան չէր պատահի, օրինակ, եթե Երեւանի ավագանիում ՀՀԿ-ն մեծամասնություն չունենար: Չարժեր այս վերջին ընտրություններում այդքան “հուպ տալ”` ընտրակաշառքների վրա այդքան մեծ գումարներ ծախսելով եւ թաղի լակոտ-լուկուտին քաղաքացիների վրա “քսի տալով”:
Կամ` այս, մեղմ ասած, ոչ այնքան հաջողակ կառավարության վերանշանակումը նույնպես դիտվում է որպես մարտահրավեր հասարակությանը: Այդ երկու իրադարձությունների եւ շարունակվող արտագաղթի կամ հնարավոր “բունտի” պատճառահետեւանքային կապը, կարծում եմ, պետք չէ երկար բացատրել: Քաղաքականությունը հնարավորի արվեստ է, եւ խոսքը, հետեւաբար, ոչ թե իշխանությունը հանձնելու, այլ պարզապես ռացիոնալ վարքի` անհրաժեշտ, նվազագույն բարեփոխումների մասին է: Թե չէ` վատ կլինի բոլորի, այդ թվում` իշխանությունների համար: Բայց ես չեմ նսեմացնում նաեւ մեր պատասխանատվությունը: “Մեր” ասելով տվյալ դեպքում նկատի ունեմ բոլոր նրանց, ում խոսքը հասարակության համար ինչ-որ նշանակություն ունի` քաղաքական գործիչներին, հրապարակախոսներին, մեկնաբաններին, լրագրողներին եւ այլն: Մեր գործիքը միայն խոսքն է, բայց ո՞վ ասաց խոսքը կարեւոր չէ:
Եթե 20 տարի շարունակ մեզնից շատերը կրկնում են, որ Հայաստանը աշխարհի ամենավատ երկիրն է, որ այստեղ ապրում է կիսա-սոված, կիսավայրենի, ճնշված, խեղճուկրակ ժողովուրդ [“դե, ճիշտ են անում խեղճ մարդիկ, որ գնում են”], ապա գուցե ամբոխի աչքին չափազանց խիզախ եւ ճշմարտախոս ենք երեւում, բայց հաստատ որեւէ դրական ուղերձ հասարակությանը չենք հղում:
Հատկապես այս թեզերը սիրում են կրկնել այս 20 տարում Հայաստանից գնացածները` արդարացնելու համար իրենց բացակայությունը:Տագնապի, փախուստի, անհավատության տրամադրությունները սերմանելով` պետք չէ էժան դիվիդենդներ շահել` ոչ մի կործանում էլ հայ ժողովրդին չի սպառնում: Պետականությունը, այո, կարող ենք կորցնել, եթե այսպես շարունակենք` մենք բոլորս, ովքեր ապրում ենք Հայաստանի Հանրապետություն կոչվող պետությունում: Իսկ որպեսզի դա տեղի չունենա, եկեք սկզբի համար արձանագրենք` Հայաստանը մեզ համար աշխարհի ամենալավ երկիրն է, այստեղ ապրելը մեծ երջանկություն է: Ինձ համար, համենայնդեպս, այդպես է:
Արամ Աբրահամյան