27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Վերահաստատվել է ԼՂ հիմնախնդրի՝ բացառապես խաղաղ լուծման անհրաժեշտությունը. ՀՀ նախագահ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ավարտից հետո, Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հանդիպում են ունեցել ԶԼՄ ներկայացուցիչների հետ՝ ամփոփել երևանյան նստաշրջանի արդյունքները:


ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի արդյունքների վերաբերյալ

Հարգելի՛ զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Հենց նոր վերջացավ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը: Միանգամից նշեմ, որ այսօրվա գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել են մի շարք կարևոր փաստաթղթեր և որոշումներ՝ ուղղված Կազմակերպության ներուժի զգալի ամրապնդմանը, հավաքական անվտանգության և նրա աշխատանքային մարմինների մեխանիզմների կատարելագործմանը:

Նստաշրջանի գլխավոր արդյունքներից կընդգծեմ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության Ռազմավարության ընդունումը: Փաստաթղթի մշակման ուղղությամբ ավելի քան հինգ տարի տևած աշխատանքն ավարտված է, ինչպես և մենք նշել էինք ՀԱՊԿ-ում Հայաստանի առաջնահերթությունների մեջ:

ՀԱՊԿ երևանյան Ռազմավարությունը ամրագրում է Կազմակերպության գործունեության առաջնահերթությունները մինչև 2025թ., ամրապնդում է համագործակցության բոլոր հիմնական ուղղությունների հետագա զարգացման ուղենիշները: Անդամ պետությունները կրկին հաստատեցին միջազգային հանրության հետ հավասարության և անվտանգության անքակտելիության հիման վրա հարաբերություններ կառուցելու, միջազգային հարաբերություններում ուժի սպառնալիքից կամ դրա կիրառումից խուսափելու, և, միևնույն ժամանակ, առաջացող խնդիրների լուծման ընթացքում քաղաքական-դիվանագիտական մեթոդներին առաջնահերթություն տալու իրենց պատրաստակամությունը: Կարծում եմ՝ Ռազմավարության ընդունումը վկայեց ՀԱՊԿ-ում համակարգման նոր որակի մասին:

Անկասկած, դա, ինչպես նաև ավելի վաղ ձեռք բերված որոշումների ու նախագահության ընթացքում Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված առաջնահերթությունների կյանքի կոչումը հնարավոր դարձավ բոլոր մակարդակներում լուրջ, առարկայական և, ինչպես տեսնում եք, արդյունավետ աշխատանքի արդյունքում:

Հանդիպման արդյունքներով ընդունվել է միջազգային հիմնական արդի հարցերի շուրջ մեր մոտեցումներն արտացոլող հայտարարություն, տրված են գնահատականներ ներկայիս իրավիճակին` հաշվի առնելով, իհարկե, նոր սպառնալիքներն ու մարտահրավերները: Պետությունների ղեկավարների կողմից մեկ անգամ ևս հաստատվեց Կազմակերպության դերը՝ որպես խաղաղության, կայունության պահպանմանը նպաստող, և անդամ պետությունների անվտանգությունն ու ինքնիշխանությունն ապահովող կարևորագույն գործիք:

ՀԱՊԿ շրջանակներում գործընկերներն աջակցություն են հայտնել ընթացիկ տարում Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններին՝ ուղղված հակամարտության գոտում իրավիճակի լարվածության աճի կանխարգելմանը, իրադրության կայունացմանը և խաղաղ գործընթացի առաջմղման համար պայմանների ստեղծմանը: Նստաշրջանում վերահաստատվել է ԼՂ հիմնախնդրի՝ բացառապես խաղաղ լուծման անհրաժեշտությունը, աջակցություն է հայտնվել հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, որոնք հիմնված են միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի, մասնավորապես, ուժի չկիրառմանը կամ ուժի կիրառման սպառնալիքին, պետությունների տարածքային ամբողջականությանը, իրավահավասարությանը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքին վերաբերող դրույթների վրա:

Քննարկվել են շատ այլ կարևոր հարցեր: Մենք ամփոփել ենք Կազմակերպության գործունեության կատարելագործման, նրա ռազմական բաղադրիչի ամրապնդման և գործառնական հնարավորությունների զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունքները: Որոշում է ընդունվել ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման կենտրոնի ստեղծման վերաբերյալ, որի վրա դրվում են կանոնադրական մարմինների կողմից համապատասխան որոշումների ընդունման տեղեկատվական-վերլուծական և կազմակերպչական-տեխնիկական, ինչպես նաև իրական ժամանակի ռեժիմում տեղեկատվության փոխանակման ապահովման գործառույթները:

Ստորագրվել են զինվորական կադրերի համատեղ պատրաստման համակարգի զարգացման հայեցակարգի, ինչպես նաև ՀԱՊԿ շրջանակներում սպառազինության և ռազմական տեխնիկայի ստանդարտացման վերաբերյալ որոշումներ: Այդ փաստաթղթերի նպատակն է՝ ավելի բովանդակալից դարձնել ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը, ներդնել այսօրվա պահանջներին հարմարեցված աշխատանքի ձևաչափեր, ինչը նույնպես շատ կարևոր է:

Փաստաթղթեր են ստորագրվել նաև միջազգային ահաբեկչությանը հակազդեցության ոլորտի հետ կապված: «ՀԱՊԿ ձևաչափում ահաբեկչական ճանաչված կազմակերպությունների միասնական ցանկի ձևավորման մասին կանոնակարգի վերաբերյալ որոշումը» կարևոր փաստաթուղթ է:

Ցանկանում եմ ընդգծել նաև ՀԱՊԿ միասնական շտաբի գործունեությունը կանոնակարգող դրույթների վերաբերյալ որոշումները, որոնք շտաբի կառուցվածքի, զինծառայողների քանակի և քվոտային պաշտոնների բաշխման վերաբերյալ ընդունված փաստաթղթին համապատասխան ուղղված են նշված մարմինների արդյունավետության բարձրացմանը: Ցանկանում եմ նաև տեղեկացնել, որ սեղմ կազմով հանդիպման ժամանակ մենք օրակարգից հանել ենք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը, որը մենք կքննարկենք տարվա վերջին՝ Սանկտ Պետերբուրգում:

Նախագահությունը Կազմակերպությունում անցել է մեր բելառուս բարեկամներին: Անկեղծորեն մաղթում եմ հաջողություններ Ալեքսանդր Գրիգորիի Լուկաշենկոյին և Բելառուսին ընդհանրապես՝ երևանյան գագաթնաժողովի ընթացքում ընդունված որոշումների իրականացման գործում, այդ թվում նաև 2017 թվականին կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 25-ամյակին և ՀԱՊԿ 15-ամյակին նվիրված միջոցառումների մասով:

Իհարկե, պատրաստ ենք ցուցաբերել համակողմանի օժանդակություն:

Շնորհակալություն ուշադրության համար:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ