Ողբերգական ավտովթար Սյունիքում. գյուղապետը տեղում մահացել է
Հոկտեմբերի 12-ին, ժամը 18.53-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ներքին Խոտանան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ինչպես հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ «Mercedes ML» մակնիշի 34 UM 715 պետհամարանիշով (վարորդ՝ 1972 թ. ծնված Գ. Կ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 50 մ):
Փրկարարները վարորդի՝ Վարդանանք գյուղի գյուղապետ Գարեգին Կոստանդյանի դին դուրս են բերել ձորից և տեղափոխել Կապանի ԲԿ, իսկ ուղևոր 1977 թ. ծնված Ա. Հ.-ին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային:
Ա. Հ.-ն հոսպիտալացվել է Կապանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: