3 հայ պատգամավոր՝ Վրաստանի խորհրդարանում
Վրաստանում օրերս տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում թեեւ կային որոշ խախտումներ, որոնք արձանագրել են թե միջազգային դիտորդական խմբերը, թե Վրաստանի ԿԸՀ-ն, բայց դրանք այն խախտումները չեն, որոնք կարող են կասկածի տակ դնել ընտրությունների արդար եւ թափանցիկ լինելը:
Այս մասին այսօր լրագրողների հետ տեղի ունեցած զրույցում ասաց վրացագետ Ջոնի Մելիքյանը։ Նա նշել է, որ այս ընտրությունները կարևոր էին նրանով, որ 4 տարի առաջ ժողովրդավարական ճանապարհով իշխանափոխություն իրականացված Վրաստանում այսօր ևս ընտրություններն անցկացվում են ժողովրդավարական չափանիշներին համապատասխան:
«Չնայած կային որոշ խախտումներ, եղան ծեծկռտուքներ, ամեն դեպքում շատ միջազգային կազմակերպություններ նշում են, որ դրանք ոչ մի ազդեցություն չեն ունեցել ընդհանուր արդյունքի վրա: Այս ընտրություններով իշխող կուսակցությունն ապացուցեց, որ բարեփոխումները շարունակելու հնարավորություն ունի»,-ասաց Ջոնի Մելիքյանը:
Ասուլիսի մյուս բանախոս, վրացագետ Ալիկ Էրոյանցն էլ նշեց, որ Վրաստանի նոր ձևավորված խորհրդարանում կլինեն 3 հայ պատգամավոր` Հենզել Մկոյանը, Ռուսլան Պողոսյանը, Սամվել Մանուկյանը: Երկուսն ընտրվել են համամասնական, մեկը` մեծամասնական կարգով:
«Փորձը ցույց է տալիս, որ ավելի շատ մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորները հնարավորություն ունեն որոշ հարցերի լուծում տալու: Կուսակցություններով խորհրդարան անցած հայ պատգամավորները, կարծում եմ, այդքան մեծ հնարավորութուններ չունեն, թեպետ, ջանքեր գործադրում են»,- ասաց նա։