17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Բարեգործողը Դո՛ւ ես միմիայն, արդա՛ր Թագավոր

Արդ, Դու ամենքի՛ն վերցրեցիր Քե՛զ, Քո՛նն են բոլորն էլ, և ամենքին էլ Դո՛ւ Ես ողորմում, Միա՛յն բարեգութ, որովհետև որ, թե մեղք էլ գործեն՝ Քո՛նն են, քանի որ հաշվի մե՛ջ են Քո, քանի որ գիտե՛ն Քո զորությունը, ըստ առակողի մաղթանքի խոսքի: Եվ այդ մաղթանքին կցորդ եմ ես էլ՝ իմ թշվա՛ռ խոսքով, և թեպետև հանցավորությամբ՝ ա՛յս եմ վկայում, թե երբ որ մեկը Քեզ գովեստ կարդա՝ ծանոթացնելով, որ Կա՛ս, Ծածկատե՛ս, և թե յոթ հեղ էլ վարակված լինի՝ կրկնակի ծանր պատժապարտությամբ, այս օրինակի կիրթ ձեռնարկությամբ՝ Քե՛զ վկայելով, ինչպե՞ս պիտի նա հավիտյան կորչի:

Ինչպես սևաթույր ագռավների մեջ պատահում է, որ՝ սպիտականիշ աղավնիների բնույթի նման երամ ենք տեսնում, և կամ տաքարյուն, խրոխտ ձիերի արդեն անմաքուր երամակի մեջ՝ լինում են ձիեր, որ որոճում են հանդարտաբարո, կամ գազան կտրած շների թվում՝ նվիրյալ գառներ, և կամ հեզություն՝ խստություններում, կատարելություն՝ թերություններում, կամ խոնարհություն՝ անբարեհաճի վարք ու շարժումում, կամ ճշմարտություն՝ ստախոսության անդաստաններում, միամտությունը՝ խորամանկության, անբծությունը՝ այլամտության վիճակագրում, բարերարություն՝ չարության վարքում, կամ պարկեշտություն՝ լկտիության մեջ, անգթության մեջ՝ ողորմածություն, անհուսության մեջ՝ ապաշխարություն, կամ բարկության մեջ՝ քաղցրության համ, թշնամության մեջ՝ հաշտարարություն, խածնողության մեջ՝ անոխ բնություն, լլկվածությամբ ընկած վիճակում՝ քաջալերություն, և կամ օրհնություն՝ նետաձգության տարափների տակ:

Բաներ, որոնցով չկարողացա՛ երբևէ դատել ճշգրիտ կերպով, թե երկրածին սրանցից ովքե՞ր ժառանգությունդ պիտի ստանան, երբ կշտամբում Ես՝ անաչառորեն, իրավունքներով ու արդարությամբ՝ մաքուրին անգամ՝ անբարշտության իր վարմունքի մեջ, նաև պոռնիկին, որ զղջացել է ու եկել է Քեզ: Այս ամենքին էլ Բարեգործողը Դո՛ւ Ես միմիայն, Արդա՛ր Թագավոր, Դո՛ւ, որ օրհնյա՛լ Ես բարձունքների մեջ՝ հավիտենության ո՜ղջ սահմաններում: Ամէ՛ն:

Նարեկացի Բան Դ

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ