Ընտրական ցուցակներում անճշտությունների մասին որևէ դիմում չի գրանցվել
ՀՀ դատական դեպարտամենտների ղեկավարի առաջին տեղակալ , դատարանների նախագահների խորհրդի քարտուղար Կարեն Փոլադյանը լրագրողներին ներկայացրեց դատական կարգով ընտրական իրավունքի վերականգնման և ընտրական վեճերի վերաբերյալ վիճակագրությունը:
ՀՀ դատական օրենսգրքի ընդունմամբ ընտողների ցուցակներում անճշտությունների վերացման քննությունը վերապահված է առաջին ատյանի դատարանններին:
Ըստ համակարգի ներկայացուցչի . “Օրենսդիրը ընտրական վեճերը բաժանել է երկու խմբի,առաջին խմբի վեճերը հնարավոր է լուծել առաջին ատյանի դատարանի միջոցով, մյուս խմբի վեճերը ենթակա են վարչական դատարանի քննությանը”:
Կարեն Փոլադյանը տեղեկացրեց, որ ընտրական իրավունքի խախտման երկու հայցադիմում է ստացվել, որոնք ընդունվել են վարույթ, երկուսն էլ ուղղված են եղել ԿԸՀ-ի դեմ: Մի դեպքում ավագանու թեկնածու Դանիել Իոաննիսյանը դիմել է, որ քարոզչության շրջանակներում՝ ապրիլի յոթին ՀՀԿ թեկնածու Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ ծաղիկներ են բաժանվել Երևանի փողոցներով քայլող կանանց և աղջիկներին: “Դիմումը հիմնավոր չի եղել, քանի որ ավագանու թեկնածու լինելով հանդերձ` Տարոն Մարգարյանը նաև գործող քաղաքապետ է և այդ պահին կարող էր նման գործառույթ իրականացնել”:
Երկրորդ դիմումատուն քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին է, որի դիմումը ուղղված էր նրան, որ ընտրատեղամասերից պետք է հեռացնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նկարները, ինչը ինչ-որ չափով կարող է ազդել ընտրողների կարծիքի վրա:
Այս դեպքում նորից վարչական դատարանը մերժել է հայցդիմումը, քանի որ “ՀՀ նախագահի կերպարը դպրոցներում բարոյադաստիարակչական նկատառումներով է տեղադրվում և նախագահի նկարը որևէ կերպ չի կարող ազդել ավագանու ընտրությունների վրա”:
Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին մասնակցող քաղաքացիների կողմից ցուցակների ճշտման հետ կապված առաջին ատյանի դատարաններում որևէ հայցադիմում չի ստացվել: