Ձևեք Կառավարությունը ում վրա ոնց ուզում եք. խորհրդարանում դժգոհ են
Ազգային ժողովում մեկնարկել է Կառավարության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստը: Օրակարգում առկա 22 հարցերից է նաև «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը վարման կարգով ձայն խնդրեց և նշեց, որ Կառավարությունն այս արտահերթով ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ փոփոխությունների մասին խոսակցությունները դատարկություն են, և այս վարչապետը մյուսների նման ևս խորհրդարանը դիտակում է որպես կամակատար, դակիչ մարմին: «Եթե կար սահմանադրական պահանջ Կառավարության ձևավորման, կարելի էր արտահերթ նիստ հրավիրել միայն այդ հարցով, ոչ թե 22 օրենքը ճխտել այս արտահերթի մեջ, ինչը թույլ չի տալիս պատշաճ քննարկում, առավել ևս, որ հոկտեմբերի 2-ին առջևում ՏԻՄ ընտրություններ են նաև, Վանաձորում և Գյումրիում, և կուսակցությունները զբաղված են այդ ընտրարշավով: Իշխանավորնները ցույց են տալիս, որ հարգանք չունեն ժողովրդավարության հիմնարար սկզբունքների նկատմամբ:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, թե դա նրա կարծիքն է, իսկ խորհրդարանի մեծամասնությունը չի կիսում այդ կարծիքը: «Ավելի լավ կլիներ՝ նայեիք օրինագծերը և միանգամից չէիք տարածի 22 հարց, սա կարճ տևող արտահերթ է, ՏԻՄ-ի հետ կապել, չեմ կարծում, որ ճիշտ է»,-ասաց նա: Իսկ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զորաբյանն էլ իր հերթին հայտարարեց, թե միանում է Զուրաբյանի հայտարարությանը: «Եթե Կառավարությունը խնդիր ունի հերթական անգամ վերաձևելու կառավարության կազմը, ինչ-որ մեկին նախարար նշանակելու համար, ինչ-որ մեկի համար կոմիտե ստեղծելու համար, կարելի էր այդ նախաձեռնությունը մենակ բերել, հաշվի առնելով, որ ՏԻՄ ընտրություներին բոլոր խորհրդարանական քաղաքական ուժերն էլ և մենք էլ մասնակցում ենք, և տխրահռչակ Հարկային օրենսգիրքը քննարկել այն պայմաններում, երբ պատգամավորները ներկա կլինեին:
Սա անհարգալից վերաբերմունք է խորհրդարանի նկատմամբ: Ձևեք Կառավարությունը ում վրա, ոնց ուզում եք, բայց մի բերեք լրջագույն նախագծեր քննարկել այն պահին, երբ պատգամավորները զբաղված են ՏԻՄ քարոզարշավով»,-շեշտեց նա: Գալուստ Սահակյանը հակադարձեց, թե կանոնակարգ օրենքով է առաջնորդվել արտահերթ հրավիրելու համար և հիշեցրեց, որ Հարկային օրենքսգրքի մասին օրենքի քննարկմանն էլ այդքան երկար խոսելուց հետո մեծ մասը չի մասնակցել: «Եվ հետո ի՞նչ է նշանակում՝ ՏԻՄ ընտրություններ են գնում, ի՞նչ է, առաջին անգա՞մ է, խորհրարանը պետք է չաշխատի՞ , ինչ է՝ ՏԻՄ է»,-եզրափակեց նա: