Արտակարգ իրավիճակ
Այսօր՝ մայիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում:
Ժամ 02:00-ի սահմաներում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգել են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որ խոշոր փլուզում է տեղի ունեցել Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում: Տեղեկացնում է shamshyan.com-ը:
Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին ժամանում են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները, ինչպես նաև՝ Վայոց Ձորի մարզի փրկարար վարչության հրշեջ-փրկարարները և ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը: Ժամանում են նաև Վայոց Ձորի մարզի ճանշինի պատասխանատուները:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հսկայական սարը փլուզվել է, ինչի հետևանքով նշված հատվածն ամբողջությամբ փակված է: Համապատասխան կառույցների աշխատակիցների գալուց հետո ճանապարհը բացելուն զուգահեռ կատարվելու են նաև որոնողական աշխատանքներ՝ պարզելու համար, թե արդյոք փլուզման տակ կան մարդիկ կամ ավտոմեքենաներ:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի