Մամուլի ազատությունը` լուսանկարներում /ֆոտո/

Այսօր` մայիսի 3-ը մամուլի ազատության միջազգային օրն է: Այդ օրը նշանավորելու նպատակով Ինֆորմացիայի ազատության կենտրոնը` Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության , ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության և ԵԱՀԿ Երևանի գրասենյակի հետ համատեղ արդեն 3-րդ տարին կազմակերպում է “ Մամուլի ազատություն, տեղեկատվություն ստանալու իրավունք” խորագրով ֆոտոցուցահանդես:
Այս տարի ցուցահանդեսը բացվել է Նկարիչների Միությունում:
Ցուցահանդեսին 4 լուսանկարով մասնակցող ֆոտոլրագրող Գայանե Առաքելյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ այս կենտրոնը շատ կարևոր գործառույթ է իրականացնում. “Պարբերաբար կազմակերպելով տարբեր միջցառումներ` կենտրոնը նպատակ ունի իրազեկելու հասարակությանը թե ինչ իրավունքներ ունեն նրանք:Հասարակությունը հնարավորություն է ստանում նաև ցուցահանդեսի միջոցով տեղեկանալու թե լրագրողը ինչերի միջով է անցնում այդ ինֆորմացիան փոխանցելու ճանապարհին”:
Ցուցահանդեսում ցուցադրված աշխատանքները ի ցույց են դնում լրագրողի դժվարին աշխատանքից դրվագներ:
Գայանե Առաքելյանը իր լուսանկարներում անդրադարձել է նաև հեռավոր գյուղերում ինֆորմացիայի փոխանակման խնդրին. “ Գյուղացիները հավաքվել էին գյուղամեջում, որ մեկը ընթերցի ձեռքն ընկած թերթը ու մնացածները ուշադրությամբ ունկնդրում էին”:
Ֆոտոլրագրողի ֆիքսած կադրերը դուրս են եկել նաև հայաստանյան իրականությունից.” Դրեզդեն քաղաքում ասենք մարդը օրվա լույս տեսած թերթը բացած էջերով տեղադրում է իր խանութի ապակիների վրա, հաջորդ օրը փոխում և նոր համարն է դնում: Այսպես թերթ չգնող անցորդները հնարավորություն են ունենում կարդալ նորություններ”:
Գայանե Առաքեյանը Փարիզում մեկ այլ իրավիճակ է ֆիքսել.” Մարդիկ արկղերով տանում և թափում էին գրքեր: Իմ կարծիքով որ թվին էլ լույս տեսած լինի` գիրքը արդեն իսկ հանդիսանում է ինֆորմացիայի աղբյուր “:
Ի դեպ, “Ֆրիդըմ Հաուս” ամերիկյան իրավապաշտպան կազմակերպության վերջին զեկույցում, աշխարհի 193 երկրներից 11-ը՝ այդ թվում Հայաստանը “ոչ ազատ” կատեգորիայում է, թեեւ մի քանի կետով բարելավել է դիրքերը:
Զեկույցում հայաստանյան մամուլի ազատության վրա ազդող գործոններ են դիտվում քաղաքական ազդեցությունը, փոքր-ինչ պակաս՝ օրենսդրական դաշտը: Ազդող գործոն են դիտվել նաեւ տնտեսական ճնշումները: