«Աշխարհը հոգնել է նորաձև քահանաներից ու եպիսկոպոսներից»
Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Պապը՝ դիմելով նորանշանակ եպիսկոպոսների սեմինարի մասնակիցներին, հայտարարեց. «աշխարհը հոգնել է նորաձև քահանաներից ու եպիսկոպոսներից»: Սեմինարը կազմակերպել էր Արևելյան Եկեղեցիների և եպիսկոպոսների գործերով զբաղվող միաբանությունը:
Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ եպիսկոպոսները կոչված են բարեգթություն իրականացնելու իրենց հովվությամբ, Աստծո ողորմածությունը «հասանելի դարձնել այնպես, որ հնարավոր լինի շոշափել և հանդիպել Տիրոջ ողորմությանը», իսկ տեղական եկեղեցիները պետք է լինեն տներ, որտեղ ապրում են սրբությունը, ճշմարտությունն ու սերը»: Պետք է մարդկանց սեր տալ՝ «առանց սեփական անձի վրա ուշադրություն հրավիրելու»:
«Աշխարհը հոգնել է կեղծավոր հրաշագործներից», – ասաց Սրբազան Քահանայապետն ու նշեց, թե ինչից պետք է զգուշանան եպիսկոպոսները, քանի որ մարդիկ չեն ընդունում «նարցիսիստներին, ձեռնածուներին, շահամոլներին, անիմաստ խաչակրաց արշավանքների մունետիկներին»:
Հոգևոր հովիվները պետք է խուսափեն իրենց ծուլությունն արդարացնող դառը ելույթներից, որոնք սահմանափակվում ենք դատարկ բարոյախոսություններով:
«Եպիսկոպոսի բողոքը շատ վատ բան է»,- ընդգծեց Ֆրանցիսկոս Պապն ու կոչ արեց թույլ տալ Աստծուն «թափահարել ինքներս մեզ»՝ այնպես, որ եպիսկոպոսն այլևս մարդու նկատմամբ ուրիշ հայացք չունենա, բացի մարդու բացառիկ լինելը ճանաչելը, որպեսզի ջանքեր չխնայի մարդուն հասնելու ու նրան «վերադարձնելու» համար:
Այնուհետև Սրբազան Քահանայպետը հիշեցրեց կրթության ճգնաժամի ու «զգացմունքների տգիտության» մասին, որոնք պահանջում են «հովվի համառությունը, համբերությունն ու հետևողականությունը, հենց այդ հատկություններով է հովիվը տարբերվում վարձկաններից»:
Սրբազան Քահանայապետը խնդրեց եպիսկոպոսներին ավելի մեծ ուշադրություն դարձնել քահանայական կյանքի կոչմանն ու որակին, այլ՝ ոչ թե քանակին և ցուցաբերել խոհեմություն ու պատասխանատվություն՝ թեքնածուների ընտրության կամ իրենց թեմ երեցների ընդունման ժամանակ: Ֆրանցիսկոս Պապը հատուկ ուշադրություն դարձրեց տեղական Եկեղեցու և քահանաների միջև հարաբերություններին, հիշեցնելով, որ Եկեղեցին երբեք էլ լավ չի վերաբերվել «տեղից տեղ տեղափոխվող, թափառող հոգևորականությանը կամ էլ հոգևորականներին»: «Դա մեր ժամանակի հիվանդությունն է», – հայտարարեց Սրբազան Քահանայապետը:
Աղբյուրը` armenianchurchco.com
Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը