24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

… Հանկարծ երկինքը բացվեց. Սահակ Պարթեւի տեսիլքը

ՍՈՒՐԲ ՍԱՀԱԿ ՊԱՐԹԵՎԻ ՏԵՍԻԼՔԸ

Բայց չեմ կարող քահանա լինել տիրանենգ, տիրասպան ու մատնիչ բնակչության վրա, քանզի Սուրբ Հոգին, որ մեզ վերստին ծնեց սուրբ ավազանով` Քրիստոսին ժառանգակից լինելու, նույնն ասաց երկնաքաղաքացի Պողոսի բերանով, թե «Մի՛ դատեք, որ չդատապարտվեք», եւ թե «Կարողություն ունեցողներդ տկարների տկարությունը վերացրեք», եւ դարձյալ ասում է, թե «Իմն են վրեժխնդրությունները, եւ ես կհատուցեմ, ասում է տերը»։

Ուրեմն. դո՛ւք ձեր մասին մտածեցեք։ Ձեր թագավորի գործերին վրեժխնդիր եղաք եւ նրա վրա զայրացած` մեր եկեղեցու սուրբ հավատը մատնեցիք, ծաղր ու ծանակի տվիք անօրեններին։ Աշխատում եք ինչո՞վ ինձ մխիթարել կամ ինձ թախանձում եք` ո՞ւմ վրա լինել քահանա, երբ Քրիստոսի հոտի վիրավոր ոչխարին տեսնում եմ ո՛չ թե փաթաթած, վերքերը ձեթով ու գինով օծված, գրաստի վրա դրված եւ պանդոկը տարված, այլ անխնա հոշոտված. նետած գիշատիչ գազանների դեմ, որպեսզի պատառոտեն։ Հեռացե՛ք ինձնից եւ թողեք, որ ողբամ ընդհանուր կորուստն աշխարհիս Հայոց, որ Աստծո զորության ազդեցությամբ մտքիս աչքերով եմ տեսնում։

Մի՛ ստիպեք, որ ես մխիթարվեմ իմ Ժողովրդի կործանման վրա, որովհետեւ այս աղետի անցքերը. դեռեւս եպիսկոպոսության կոչվելուց առաջ, ինձ ցույց էր տվել Վերին կանխագիտությունը, անրջային այն գիտությունը, որ, մարգարեական տեսիլքի օրինակով, երեւաց սուրբ նահատակ Գրիգորին` հասկացնելով այն իրողությունները, որ ապագայում էին լինելու։ Եվ ես ստիպված եմ սրտի ցավով պատմել այսօր ու անզգամ երեւալ, ինչպես Աստծո սուրբ առաքյալը` Պողոսը, որ սուտ առաքյալների եւ անօրեն մշակների պատճառով պարծենալով կորնթացիներին, գրեց իր ճգնության չարչարանքները։ Արդ, ունկնդիր եղեք ինձ հոժարակամ, ժողովրդյան ամբողջ բազմություն, եւ ես ձեզ կպատմեմ։

«Շատ տարիներ առաջ անմխիթարական մտորումները տանջում էին ինձ` անդադար հիշեցնելով եւ Բարձրյալին աղաչելով` արու զավակ շնորհել ինձ, ինչպես իմ նախնիներին, որոնք ինձնից առաջ ամուսնանում էին որդի ունենալու համար։ Եվ այժմ, որովհետեւ Աստված յուրաքանչյուր մարդու մատակարարում է առավել արդարությամբ ու բանիմացությամբ, քան մեր իմացածն ու խորհածն է, ուստի Մեծ պահոց հինգշաբթի օրը հաղորդվելով երեկոյան արարողության ժամին Քրիստոսի սուրբ ու մեղսաքավիչ խորհրդին, բնական ոչինչ չճաշակեցի, բացի հացից, ջրից ու աղից` Համաձայն Նիկիայում երեք հարյուր տասնութի գումարած մեծ ու սուրբ ժողովի կանոնների, որոնք Սուրբ Հոգին էլ կնքելով հաստատեց: Երկար սաղմոսերգության կանոնը վերջացնելուց հետո, պաշտոնյաները նստելիս, բազում տքնությունների սաստկությունից, կիսամեռ եղածների նման խոր քուն մտան։

Նրանք քառասնորդական օրերը խիստ պասով եւ գիշեր ու ցերեկ անհանգիստ աղոթելով էին կատարել, մանավանդ Ավագ հինգշաբթում շտապեցին իրենց չարչարանքներն առավել սաստկացնել, հուսալով ուրախալից վաստակով արժանանալ վարձերի հատուցմանը։ Ճրագների եւ կանթեղների բորբոքուն լույսը տոչորում էր։ Եվ կարդացողը կամովին երկարում էր ընթերցանությունը` մի քիչ շունչ առնելու եւ պաշտոնյաների համար սահմանված կանոնին հասնելու համար։

Ըստ սովորության սպասում էին ժողովրդական բազմության հավաքվելուն` գիշերվա արարողության համար, քանզի յուրաքանչյուր մարդ, տղամարդ թե կին, հորդորալից ու ինքնակամ փափագում էր արթնությամբ արժանանալ իր անձի փրկությանը։ Եվ ես նստած էի Աստծո սեղանի մոտ, Վաղարշապատ քաղաքի սուրբ եկեղեցում։

«Եվ ահա հանկարծակի բացվեց երկինքը, որից առատ լույս ծագեց եւ լցրեց ամբողջ երկիրը։ Եվ երկրի վրա կանգնելով` ինձ երեւաց քառակուսի բեմ մի ամպեղեն, որի բարձրությունը հասնում էր մինչեւ երկինք եւ լայնությունը տարածվելով լցնում էր ամբողջ երկիրը։ Եվ բեմի վրա երեւում էր ազնիվ ոսկուց խորանարդ հենարան՝ Աստծո սպասավորությանն արժանի, ծածկված հույժ բարակ, սպիտակափայլ կտավով։ Եվ խորանարդաձեւ ծածկոցի վրա պարզ երեւում էր տերունական խաչի նշանը, որի երեւույթը նյութեղեն չէր, այլ լուսեղեն։ Հանկարծ խաղաղասյուք օդը շարժվեց եւ բացվեց կտավե ծածկույթի մի փեղկը։

Այն կողմը նայելով տեսա. բեմի վրա կար քառակողմ, ականակապ սեղան` բազմագույն ու պատվական ակներով ընդելուզված։ Եվ սեղանի վրա կար մի սուրբ հաց եւ մի ողկույզ խաղող` երկնավոր փրկության պատվական խորհրդի համաձայն։ Եվ սուրբ խորհրդին մոտիկ երեւում էր ձիթենի մի ծառ` սաղարթաշատ, հույժ պտղալից։ Հայացքով չէի կարողանում ընդգրկել նրա բարձրությունն ու լայնությունը։ Պտուղները շատ էին ու լիքլեցուն, տեսքն ու գեղեցկությունը` անպատում եւ սքանչելի։

Ձիթենու չորս ոստերը բաժանվելով, խոնարհված էին երկրի կողմը։ Նրանցից երեք ոստերը հավասարաչափ ու հասարակ պտուղներով էին երեւում, իսկ չորրորդը` կիսաբաժին եւ նվազապտուղ էր։ Եվ այս չորս ոստերի պտուղները բնավ էլ նման չէին ձիթենու մյուս պտուղներին. ո՛չ նրանց պես փարթամ էին, ո՛չ գեղեցիկ, այլ թվով առավել նվազ եւ ավելի վտիտ էին, ասես թորշոմած լինեին։

«Եվ բեմի ձախ կողմում տեսա քառակողմ ու բարձր մի աթոռ` ծավի ու սառնակերպ, ծածկված թխորակ թանձր կտավով։ Ինչոր տեղից փչող անուշ օդից կտավը վերացավ, եւ ահա աթոռի վրա հայտնվեց արծաթե մի մեծ սկուտեղ։ Սկուտեղի վրա ծալծալ դրված էր բեհեզյա մի նափորտ եւ նրա մոտ` ոսկե մի գունդ ու քառակուսի կտրված մի մագաղաթ՝ սկզբից մի քիչ, որպես ճարտար գրչի ձեռքով գրված ոսկեգեղմ գրով սքանչելիորեն շողշողուն, իսկ մագաղաթի միջի, ոսկեգեղմ գրից հեռու, երեւում էին մի քանի տող եղծյալ գրեր` ջնջվածի պես, որոնց ո՛չ ձեւերն էրն երեւում, ո՛չ գրատեսակը։ Եվ միայն մագաղաթի վերջում, ջնջագիր տողերից հեռու դարձյալ տեսնում էի մեկ ու կես տող գրված ոսկենախշ տառերով, առավել սքանչելի, մագաղաթի առաջին տողերի գրերի նման։ Եվ մինչեւ այն կիսատ տողի մեջտեղը դարձյալ ոսկեգույն էր, նրանից դենը՝ կարմրադեղով։ Եվ սկուտեղի շուրթերի մոտ կային արու մանուկների բազմություններ։ Բոլորն էլ պայծառ եւ լուսազգեստ էին։

Բայց նրանց պատմուճանների փայլատակումների ճառագայթները, պատահում էր, կարմրագույն շողեր էին արձակում, եւ պատահում էր, որ գույնգույն եւ տարբերտարբեր երանգներով էին երեւում: Եվ բոլորը դեմքերը դարձրել էին դեպի սուրբ սեղանը` բնավ իրենց հայացքները փրկության խորհրդի սեղանից չհեռացնելով։

«Հանկարծ աթոռն սկսեց շարժվել սաստիկ դղրդյունով։ Եվ այն տղաները, որոնք երեւում էին մանկահասակ, հանկարծ արագորեն փոխվելով դարձան երիտասարդ, կատարյալ մարդիկ եւ թեւեր առնելով` թռան, տեղավորվեցին սուրբ սեղանի վրա, որ ընդելուզված էր բազմերանգ ակներով, եւ Սուրբ Աստված երգեցին։

Ապա սուրբ սեղանը, նրանց իր հետ առած, համբառնալով` երկնքի բարձրությունից էլ վեր, ծածկվեց։ Եվ այսպես աներեւութանալով` տեսիլքը փակվեց, եւ ես մեծ զարհուրանքի մեջ մնացի ապշած։
«Եվ ահա հանկարծակի երկնքից ինձ երեւաց մի մարդու լուսեղեն կերպարանք, որի դեմքի վառ լույսից մռայլվելով ծածկվեց լույսն արեգական։ Եվ այն մարդը սլանալով հասավ այնտեղ, ուր ես էի կանգնած։ Եվ ես, առավել եւս հիացած ու ապշած այն մարդու փայլակնացայտ երեւույթից, դողալով վաղվաղակի երեսնիվայր ընկա գետնին։

Եվ նա բռնելով վեր կացրեց ինձ ու հաստատուն կանգնեցնելով ոտքի վրա, ասաց ինձ. «Քաջալերվի՛ր, զորացի՛ր եւ մի՛ երկնչիր, այլ սիրտդ ամրացրու հանուն այն Հզորի, որ ամեն ինչ ստեղծեց եւ քեզ էլ ցույց տվեց Իր արարչության կանխատես ու մեծ խորհուրդը»։ Եվ ես ուշքի գալով` զորացա նրա խոսքից եւ կանգնած մնացի ոտքերիս վրա։ Նա ինձ ասաց. «Ինչի՞ ես տրտում եւ կամ ինչո՞ւ չարչար ցնորքները պղտորում են քո միտքն ու մաքուր խորհուրդները։

Որովհետեւ անօգուտ տրտմությամբ միտքդ զբաղեցնելով` անհանգստանում էիր արու զավակ չունենալու պատճառով, երբ քաջ ծանոթ էիր Ամենազորի կամքին, որ հասկանալով բաշխում է ամեն բարիք եւ երբեք չի արգելում որեւէ մեկին հասնելու արժանիին։ Եվ արդ, գթալով քո վրա եւ քեզ սիրելով` Բարձրյալը կամեցավ հեռացնել քեզանից այդօրինակ ընդունայն մտածումները եւ քեզ մխիթարեց այդ տեսիլքով, որը քեզ ցույց տվեց մեծ հայտնություն ո՛չ միայն առաջիկայի, այլեւ ապագայի բոլո՜ր իրողությունների, որ լինելու են մինչեւ վախճանն աշխարհի, ծանոթացրեց քեզ եւ Նրա խոսքի բոլոր հավատացողներին, ինչպես քո արդար նախնի սուրբ Գրիգորին։

Բայց քեզ ցույց տվեց այն ամենը, որ լինելու է մինչեւ կատարածն աշխարհի։ Եվ արդ, լսի՛ր եւ կպատմեմ քեզ այդ մեծ հայտնության մեկնությունը, ինչպես ի՛նձ է հրամայված Վերին Զորությունի՛ց, որ քեզ բացատրեմ ամեն ինչ։ Եվ դու խիստ զգուշությամբ ունկնդրելով` գրիր քո անմոռաց սրտի տախտակի վրա, որը մագաղաթի վրա դրոշմելով կթողնես հավատացյալ ժողովրդին՝ ի զգուշություն անսխալ մինչեւ աշխարհի վախճանը։

Սուրբ Սահակի տեսիլքի մեկնությունը Աստծո հրեշտակի կողմից, որ պարզորեն ցույց տվեց
ըստ յուրաքանչյուր գլխի եւ առանձին տների` մարդկային կյանքի եւ աշխարհի վերջի մասին «Երկնքի բացվելը, որ տեսար, եւ պայծառ լույսի տարածվելն ամբողջ աշխարհի վրա` Աստծո կենսարար Որդու գալստյանից ի վեր` Նրա ողորմության դռան բացվելն է այն բոլորի համար, որոնք սիրում են Նրան եւ պահում են Նրա հրամանի խոսքը, որի մեջ ծագելով` ճառագում է Նրա վարդապետության փառքի լույսը։ Եվ կանգնած քառանկյունի բեմը՝ բարձր երկնքից մինչեւ երկիր, որ քեզ երեւաց, ճշմարիտ հավատն է, որով արդարները վերանում են աշխարհիս կյանքի ծանրությունից` երկնքում հանգիստ բնակվելու համար։

Բեմն էլ ամպեղեն գույնով երեւաց, որովհետեւ Նա, որ ամպով վերացավ, նորից գալու է արդարներին իր հետ բարձրացնելու այնտեղ, ուր Հոր արքայության տան բազում օթեւաններն են։ Եվ դու էլ դրան տեղեկանալով, սովորեցիր Սուրբ Հոգուց, որ ընտիր այր Պողոսի բերանով ասաց. «Ամպով պետք է հափշտակվենք, Տիրոջն ընդառաջ` օդի միջով»:

Եվ բեմի վրա դրված ոսկի հենարանը, որի վրա ձգված էր բարակ ու մաքուր կտավը, որով սուրբ սեղանն էր ծածկված, հետն էլ խորհուրդը, իմացի՛ր ու ճանաչի՛ր, որ ծածուկ ու անհայտ է խորհուրդն աստվածային գիտության, ազնիվ ու մաքուր, ազնվությամբ մաքուր ոսկու եւ լուսափայլ մաքրությամբ կտավի։ Նրա վրայի կենդանարար խաչի նշանը, որ երեւում էր, մեջքով ցած գլորված բոլոր մարդկանց կենդանացած վեր ելնելն է, որ առաջինն ինքն վերստին պիտի երեւա Քրիստոսի գալստյան ժամանակ, ապա` հայտնվի խորհուրդը դատաստանի եւ յուրաքանչյուրի հատուցումն ըստ իր գործերի։

«Իսկ քաղցրաշունչ օդը, որ կտավի մի մասը բացեց, հիշի՛ր, Սուրբ Հոգուց քեզ երեւացած քաղցր խաղն է, որ հայտնում է Իր սրբերի եւ Իր աստվածության ծածուկ խորհուրդը։ Նրա տակը կար պատվական քարերով ընդելուզված ոսկի սեղան, որը ցույց է տալիս Սուրբ Երրորդության միասնականությունը, որ սրբերի վարքն ու ճգնությունը, որպես պատվական քարերի տարբերություններ իր վրա առնելով` ուրախացնում է։ Եվ սրբերը, բազմած սուրբ սեղանի շուրջ, ճշմարիտ արժանավորությամբ ճաշակում են Փրկչի Մարմինն ու Արյունը։ Քեզ երեւացած սեղանի վրայի հացն ու ողկույզը ցույց է տալիս Տիրոջ կենարար չարչարանքների Մարմնի եւ Արյան օրինակը։

«Իսկ քեզ երեւացած սքանչատեսիլ ձիթենին, որ կիպ գտնվում է Տերունական Խորհրդի մոտ, բարձր ու սաղարթախիտ, բազմաբերք ու պտղալից, քեզ ցույց տվեց մարդկանց ընծայաբերությունները, ողորմածությունը եւ սերը միմյանց նկատմամբ, քանզի ամեն տեսակ բարեգործություններից Աստծուն ավելի մոտ ու պատվական է աղքատասիրությունը, որով եւ առաջին սրբերը` Աբրահամը, Իսահակը եւ Հակոբը, ընտիր երեւացին։ Առանց նրան եւ կույսերի կուսության, չարչարանքները արհամարհվելով հարսանիքից դուրս ձգվեցին։ Սրանով է երեւում Քրիստոսի քարոզության կնիքը մարդկանց վրա։

Նա ասաց, թե «Ամենքն էլ սրանով ձեզ կճանաչեն որպես Իմ աշակերտների, թե որ սիրեք միմյանց», եւ մանավանդ` ով առատ զվարթամտությամբ, կամովին կկատարի սիրո պատվիրանը ոչ միայն աղքատների, այլեւ ընկերների, եղբայրների եւ ամենքի նկատմամբ, որով հաստատվում Է աշխարհի խաղաղությունը, եւ փառքերի Տերն է բնակվում նրանց մեջ` շնորհելով հանգիստ եւ երկրի առատաբերություն, ինչպես տեսար բարձր ձիթենին` լիապտուղ եւ թանձրասաղարթ։

«Եվ ձիթենու չորս ոստերը, որ խոնարհված էին կամ երեւում էին դեպի գետնի կողմը ձգվելիս, երեք ոստերը միատեսակ` չափով, ձեւով ու պտուղներով, իսկ չորրորդը, որ երեքի համեմատությամբ ավելի կարճ ու նրանից ավելի սակավաբերք տեսար, այդ չորսի պտուղներն էլ վտիտ էին, թառամած, բերքը պակաս ու ոչ նման ձիթենու մնացած փարթամ պտուղներին։ Այժմ սեւեռի՛ր քո աչքն ու միտքը, լսի՛ր, եւ քեզ կասեմ, թե Բարձրյալն ի՛նչ սահմանեց։

Այսուհետեւ, մինչեւ աշխարհի վախճանը, տարիների երեք տասներյակներ ու կես տասներյակ պիտի համառոտվի ամբողջ աշխարհի վրա, մինչեւ անապատի պիղծի երեւալը, որը Սուրբ Հոգին է հայտնել Դանիել մարգարեին, եւ որոնք պարզապես լինում են երեք հարյուր հիսուն տարի` երեք եւ կես ոստերի միահավասար պտուղների հաշվով։ Եվ քանի որ տեսար ոստերի պտուղները թառամած, խեղճացած ու բոլորովին ո՛չ նման ձիթենու մնացած պտուղներին, ճշգրտորեն տե՛ս ու ճանաչի՛ր, որ սերն ու արդարությունը վերացել են բոլոր մարդկանցից, որոնք սրով ու խաբեությամբ իրենց ձեւացնում են գեղեցիկ ու պատվիրանապահ։ Այդ պարզ գրված եւ կնքված պահվում է գրքում ամենագետ Աստծո, Որը ներում է համբերատարությամբ եւ հատուցում անաչառությամբ։

«Իսկ բեմի ձախակողմը քեզ երեւացած ծովագույն ու սառնակերպ, քառակողմ աթոռը ցույց է տալիս քահանայության ու թագավորության գահի անկումը, որն իսկապես Բանն Աստված է հաստատում։ Նրա վրա կար արծաթե սկուտեղ, քանի որ, իբրեւ ընտիր արծաթ եւ փորձ, լուսափայլ տարածվեց Աստծո խոսքը բոլոր հավատացյալ ազգերի մեջ, որ եւ սաղմոսերգուն է քարոզում Սուրբ Հոգու շնորհիվ ասելով.

«Տիրոջ խոսքերն արծաթի պես ընտրված ու փորձված են երկրից»։ Եվ պետք է հասկանալ, որ «երկրից» ասելով մարգարեն հայտնում Է Աստծո Որդու մարմնով երեւալը Սուրբ Կույսից։ Եվ որ քեզ երեւաց ծովագույն ու սառնակերպ աթոռ, այդ էլ նշանակում է Հայոց աշխարհի ալեկոծությունները։ Իսկ թխագույն թանձր կտավով ծածկելը` թանձրամած սգի օրինակն է, որ ամբողջ աշխարհն Է ունենալու, եւ տեսիլքն էլ վերջն Է։

Եվ բեհեզյա նափորտն էլ, որ ծալած եւ սկուտեղի վրա դրած տեսար, եւ ոսկե գունդը, որ կար նափորտի կողքին, մեկը քահանայությունն է նշանակում, մյուսը` թագավորությունը։ Եվ քանի ոչ ոք իր վրա չէր առել նափորտը, եւ ոչ ոք ձեռքում չուներ գունդը, լսի՛ր եւ ճշմարտապես իմացի՛ր, որ շատ շուտով պետք է լռեն Արշակունյաց տոհմի թագավորությունը եւ քահանայնությունը արժա՛նավոր քահանայապետ Գրիգորի տոհմից։

«Եվ մագաղաթը հատվածաձեւ, որ քեզ երեւաց` սկզբում մի քանի տող գրած ոսկեղեն գրերով, նշանակում է Սուրբ Հոգու շնորհած արժանավոր այն մարդկանց ձեռնադրությունը, որոնք երանելի Գրիգորի տոհմից, արժանապես պիտի հաջորդեն քեզ քահանայապետության աթոռին։

Նրանք ընտիր մարդիկ են, կյանքի գրքի մեջ գրանցված ոսկեշող գրով։ Եվ քանի որ երեւացին մագաղաթի մեջտեղում, ոսկեգիր տողերից հեռու խանգարված մի քանի տող ջնջված գրերով, իմացիր, որ սուրբ Գրիգորի աթոռին ոմանք քահանայապետ են նստելու ո՛չ ըստ հրամանի սուրբ առաքյալների եւ ո՛չ ըստ երեքհարյուր տասնեւութի ժողովի կանոնի են ձեռնադրվելու այդ երկնային պատվի համար, այլ այս աշխարհական փառքի համար այդ պատվին են ձգտում հանդգնությամբ։

Նրանք առավելապես արծաթասեր են, քան աստվածասեր։ Եվ քանի որ այդ քահանայությունն անպետք է ու Բարձրյալին ո՛չ հաճելի, ուստի նրանք ջնջված են երկնքի բարության մատյանից եւ տրված դատաստանի, իրենց անձանց եւ ժողովրդին՝ այրվելու գեհենում եւ մատնվելու կորստյան։ Իսկ մյուս մեկ ու կես տողը, որ քեզ երեւաց սքանչելի ու ոսկեգիր մագաղաթի ստորին եզրին, հաստատ իմացի՛ր, որ անապատի պիղծի երեւալուն մոտ դարձյալ պետք է թագավոր ելնի Արշակունյաց տոհմից, եւ պիտի նորոգվի հայրապետության աթոռը սուրբ Գրիգորի շառավղի կողմից։

Եվ քանի որ նրանք արհամարհված ու գետնին ընկած չէին կոխկրտվելու համար, այլ պարզ տեսքով էր գունդը, եւ ծալված պատվականությամբ՝ նափորտը, որ առավել եւս հաստատ երեւաց քեզ, եւ սքանչելատեսիլ ոսկեգիր տողով ու կիսատողով ծանոթացրեց վերին այն ազդեցությունը, որ արդարության գոռոզացած թշնամու ժամանակում արդար քահանայապետ է նստելու սուրբ Գրիգորի տոհմից, եւ քահանայացած առաջինը մեռնելու է կրելով բազում չարչարանքներ կորստյան իշխանի սուտ առաքյալներից եւ վախճանվելու է խաղաղությամբ, ոչ թե սրով։ Եվ նրա մյուս զավակը, հաջորդելով քահանայապետության աթոռին եւ երկար ժամանակ դիմանալով տանջահարությունների ու հարվածների, սովի, հալածանքների ու դառն նեղության, անօրեն իշխանի դահիճների սրով է ընդունելու մարտիրոսական մահը։ Այն, որ գրածի մի մասը քեզ երեւաց կարմրադեղով, ստույգ ճշգրտությամբ հաստատեց մարտիրոսական վախճանը, որ սրբերին է պատահելու։

«Եվ որ արծաթե սկուտեղի վրա շրջան կազմած տղաների բազմություն երեւաց, զվարճացի՛ր ցնծալից ուրախությամբ, որովհետեւ Արարչից քեզ տրված զավակիդ արգանդից պիտի ելնեն բազում շառավիղներ` զորությամբ ընտիր տղամարղիկ, որոնց հետ միաբանելով Հայոց նախարարական տոհմերի քաջ մարդկանց ուրիշ բազմություններ` որոնք զորացած Աստծո սուրբ խոսքով եւ ոչինչ համարելով թագավորների զայրույթներն ու իշխանների սպառնալիքները, իրենց անձերը պիտի միացնեն երկնավոր կոչման բաղձալի հույսին, աչք չդնելով ո՛չ սնոտի մեծություններին, ո՛չ էլ ժամանակավոր փառքերին։

Ընդ որում, ոմանք անեղծ Աստծո փառքերը փոխելով աշխարհիս կյանքի սնոտիի ու ապականացուի հետ, ուրացողներ դարձան. բայց արդեն դռան մոտ է հասել թուլակամների կորուստը եւ, զորացյալների փրկության օգնությունն է հասվեհաս։ Ինչպես որ դու նայելով տեսար, աստվածային սեղանի շուրջ պարող տղաները բնավ չէին նայում սնոտի հեթանոսական պաշտաման խոտորումներին։ Նրանցից ոմանք, կատարելության հասնելով, արժանանալու են մարտիրոսական պսակին։ Իսկ ուրիշները տղամարդկանց բազմություններից, եւ ո՛չ միայն տղամարդկանցից, այլեւ կանանց մեջ կան այնպիսիները, որոնք թեպետեւ ո՛չ սրով, այլ Սուրբ Հոգու շնորհներով զորացած, բազում բարեգործություններով վախճանվեցին։

Ինչպես որ քեզ երեւում էին այն մանուկներից արձակված լուսափայլ ճառագայթները, որոնց մի մասը կարմրագույն էր երփնավառ, գուշակում է նահատակությունը արյամբ վախճանվածների, իսկ ուրիշների բազմերանգ ճառագայթներով շողալը` առաքինի մարդկանց լուսավորության գույները բազմափայլ։ Չէ՞ որ անթիվ-անհամար են սուրբ մարդկանց ճգնություններն ու վաստակները։

«Դու տեսա՞ր այն աթոռը, որ շարժվեց սաստիկ դղրդալով, եւ երբեմն մանուկներն էին երեւում հասունանալով ու կատարելության հասնելով եւ երկրից դեպի երկինք թոչելով համբարձվելիս։ Դա էլ սրբերի երկրային կյանքն է բովանդակում եւ երկնքում նրանց հրեշտականման փոփոխությունը քեզ ցույց տվեց բարյաց պարգեւատուն։ Քանզի աշխարհում մանկական անմեղությամբ ապրեցին արդարները, երբեք իրենց ուշքը չդարձնելով դատարկ զբաղմունքների վրա, այլ ուշադրությամբ սպասում էին միայն երկնային կոչման ուրախալից հրավերին։

Քանի որ այսուհետեւ բազում եւ խիստ դղրդյուններ են լինելու աշխարհում, թագավորների հարձակումներ միմյանց վրա, սովեր ու սասանություններ, բազում նեղություններ, որոնք կորստյան որդու գալուստն են նշանակում, որը գալու եւ նստելու է, ըստ գրվածի՝ սուրբ տեղում` իրեն ձեւացնելով աստված, որը հալ ու մաշ է լինում վերին զորությունից։

Եվ Տեր Հիսուսը նրան պետք Է սատակեցնի Իր բերանի շնչով։ Եվ այն Ժամանակ արդարները կատարյալ վարքով ու առաքինությամբ թռչելու են դեպի Հավիտենության կացարանները եւ այնպես միշտ լինելու են Տիրոջ հետ։ Այդ ժամանակ էլ կատարվում է Տիրոջ խոսքը` ուղղված նրանց, որ ասում է. «Ուր որ Ես եմ, այնտեղ էլ Իմ պաշտոնյան պիտի լինի»։

«Եվ դու գրի՛ առ այդ տեսիլքը, որ քեզ հայտնվեց բարձրերից, որովհետեւ դրանից ոչ մի խոսք չպետք Է վրիպի, մինչեւ որ ամեն ինչ կատարվի»։

«Եվ ես որպես քնից արթնացած այն տեսիլքով, որ ինձ ցույց տվեց Բարձրյալը` որպես արթնությամբ հայտնապես եւ սաստիկ զարմանալով, փառք տվի մարդասեր Աստծուն, որ անարժանիս արժանացրեց այսպիսի ահավոր տեսիլքի։ Եվ լռեցի ու ոչ ոքի չպատմեցի մինչեւ այսօր։ Եվ արդ ձեզ պատմեցի ոչ թե սրտնեղությանս պատճառով, այլ թաքցնելու մեղքի գիտակցությամբ, որ չլինի թե երբեւէ իբրեւ ապերախտ պատժվեմ այս հայտնությունը ցույց տվողից, որ ինձ հրամայեց նույնիսկ գրով այս ավանդը թողնել աշխարհին»։

Հայոց ավագների, տանուտերների ու սեպուհների եւ առհասարակ ժողովրդի միահամուռ բազմությունները, սուրբ հայրապետ Սահակի այս խոսքերը լսելով, արտասվաթոր զարհուրեցին։ Եվ այնուհետեւ ոչ ոք չհամարձակվեց այս բաների մասին որեւէ բառ ասել այն սրբին եւ կամ խոսել։

«Տեսիլքներ Հայոց մասին»

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ