Անարժանապատվություն է սեփական մանդատը մուրալու համար այս կամ այն քաղաքական ուժի վրա մնալ. Ֆարմանյանը՝ Զուրաբյանին
Ազգային ժողովում ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, խոսելով Գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանի ընտրությանն, ուշադրություն հրավիրեց դատական-իրավական համակարգի նկատմամբ հասարակության ունեցած վերաբերմունքի, ունեցած վստահության վրա: «Այս առումով մենք անելիքներ ունենք, բայց նոր Սահմանադրությունն ու ձեր թեկնածությունը, կարծում եմ, հնարավորություն կտա սա իրականություն դարձնել»: Ս. Ֆարմանյանի խոսքով՝ նաև հասարակությանը պետք է ներկայացվեն տեղեկություններ բոլոր քրեական գործերի, հատկապես աղմկահարույց գործերի վերաբերյալ: 3-րդ կարևոր ուղղությունն, ըստ նրա, կոռուպցիոն ռիսկերն են: Նա ուշադրություն հրավիրեց այն համգամանքի վրա, որ Արթուր Դավթյանն անձնական աշխատասիրության շնորհիվ է հասել պաշտոնին:
ՀՀԿ պատգամավորն, անդրադառնալով ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի տված գնահատականներին նախկին դատախազ Գևորգ Կոստանյանի հրաժարականի վերաբերյալ, ասաց, որ դրանք ստահոդ են, և հարիր չէ նման հայտարարություններ անել «քաղաքական նոր մշակույթի» հայտով քաղաքական դաշտում սեփական պատկառելի դերակատարումն ունենալու նկրտումների հետ: «Այդ դեպքում ստացվում է՝ ապա ինչո՞ւ զարմանալ, որ այլ քաղաքական ուժեր, կրկին քաղաքական նպատակներից ելնելով, սեփական մամուլի միջոցներում տպագրում են նույնպսի լուրեր այս կամ այն քաղաքական գործչի նոր էլիտար տեսակի հաճախորդ լինելու մասին ու այս կամ այն ամբիոններից տարածում: Հնարավոր չէ քաղաքական նոր մշակույթի ջատագով լինել օրվա մի որոշ ժամերին և դրա հակառակն անել օրվա երկրորդ կեսին»:
Ինչ վերաբերում է ՏԻՄ ընտրություններին, ապա Ֆարմանյանն անդրադարձավ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի արած հայտարարություններից՝ Գյումրու ընտրությունների մասին: «Անդրադառնալով բուրժուադեմոկրատական հեղափոխության չստացված ու մանկամտորեն խաբված հաճախորդի կողմից Գյումրու ընտրությունների հետ կապված հնչեցրած տարբեր գնահատականներին՝ պետք է ասեմ, որ անարժանապատվության մարմնավորում է հաջորդ խորհրդարանում սեփական, ոչ թե թիմի, այլ սեփական մանդատը մուրալու գործը այս կամ այն քաղաքական գործչի, ուժի վրա մնալու եղանակով հանդես գալ ու այս ամբիոնից ներկայացնել Գյումրու ընտրությունների կամ թեկնածուների հետ կապված տեղեկություններ, որոնք իսպառ չեն համապատասխպանում իրականությանը»:
Ըստ նրա՝ Գյումրու գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի օրոք էական աշխատանք է կատարվել կոռոպցիոն ռիսկերի նվազեցման ուղղությամբ, կառուցվեն են մեծ թվով խաղաղհրապարակներ, պուրակներ, փողոցներ են ասֆալտապատվել և այլն:
Ապա ՀՀԿ-ական պատգամավորը հորդորեց գործընկերներին հիշել, որ խորհրդարանական ընտրություններից հետո մայիս ամիսն է դեռ գալու…