Մենք ուզո՞ւմ ենք` վարչապետը հաջողի
Նորանշանակ վարչապետներից մեկը հրավիրեց առանձնազրույցի: Խնդրեց քաղաքական դաշտի իրական պատկերը ներկայացնել: Սպիտակ թուղթ խնդրեցի, կենտրոնում մի փոքր շրջանագիծ գծեցի:
– Սա Դուք եք,- ասացի:
Հետո ավելի մեծ շրջանագիծ գծեցի, այնպես, որ փոքրը լիներ մեծի կենտրոնում:
– Սա քաղաքական դաշտն է,- ասացի:
Հետո մեծ շրջանագծի վրա երկար մի ուղղանկյուն պատկերեցի:
– Սա մեծահարուստներն են,- ասացի;- Եթե փորձեք թեկուզ Ձեր անունի համար բարեփոխումներ անել, ապա կպնելու եք նրանց շահերին ու նրանք բացահատ կամ անբացահայտ պայքարելու են Ձեր դեմ:
Ու այդ ուղղանկյունուց մի հարվածային սլաք տարա դեպի կենտրոն:
Մեկ այլ, շատ ավելի երկարուն ուղղանկյուն գծեցի մեծ շրջանագծի վրա:
– Սա ընդդիմությունն է ՝ իր տարատեսակներով: Եթե դուք բարեփոխումներ անեք, ապա իշխանությունների վարկանիշը կբարձրանա, իսկ դա մահացու է ընդդիմության համար, և նրանք բացահատ և անբացահայտ պայքարելու են Ձեր դեմ:
ԵՎս մի ուղղանկյուն գծեցի:
– Սա Ձեր նախորդն է, ով հասկանալի պատճառներով ձգտելու է հասնել այն բանին, որ Դուք ձախողեք:
Եվս մի շրջանակ:
– Սա իշխանական համակարգն է: Այստեղ կան թաքնված դժգոհություններ, թե ինչու հենց Դուք նշանակվեցիք, կա իներտություն, ճահճասիրություն, որոնք սաբոդաժի լավ հիմքեր են:
Էլի մի քանի փոքր ուղղանկյուններ գծեցի ու սլաքներ ուղղեցի դեպի կենտրոն:
Շրջանը փակվեց:
– Ահա, – ասացի,- սա է վիճակը՝ բոլորը Ձեր ձախողումն են ուզում:
Տրտում նայեց գծագրին:
-Իմ հույսը մնում է երկրի նախագահը,- ասաց:
ես բազմանշանակ նայեցի նրա աչքերի մեջ ու ոչինչ չասացի:
Վերլուծաբան Արծրուն Պեպանյանի ֆեյսբուքյան գրառումը