15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Թող քեզ չհաղթի կնոջ գեղեցկության ցանկությունը

Որդյակ, եթե բարեկամիդ համար երաշխավոր լինես, դու քեզ կմատնես քո թշնամուն. քանզի մարդուս շրթունքները խիստ որոգայթ են իր համար, եւ մարդ բռնվում է իր բերանի խոսքով:

Արդ, որդյակ, վարվիր այնպես, ինչպես պատվիրում եմ քեզ, եւ դու կապրես, որովհետեւ բարեկամիդ համար չար մարդկանց ձեռքն ընկար:

Սրտապնդվիր եւ մի հուսալքվիր եւ նույնը հաղորդիր քո բարեկամին, որի համար երաշխավոր ես եղել: Աչքերիդ քուն մի տուր եւ թարթիչներիդ նինջ, որպեսզի փրկվես, ինչպես այծյամը թակարդից եւ թռչունը` ծուղակից:

Մրջյունի մոտ գնա, ով ծույլ, նախանձիր նրա գործերին եւ իմաստուն եղիր նրանից ավելի. քանզի նա ոչ հողագործ է, ոչ վերակացու եւ ոչ էլ գլխին տեր ունի, բայց ամռանը նա պատրաստում է իր ուտելիքը եւ հնձի ժամանակ ամբարում է իր առատ պաշարը:

Կամ մեղվի մոտ գնա, տես, թե ինչպես գործունյա է նա եւ թե ինչպիսի ջանասիրությամբ է գործում, որի վաստակը մատուցում են թագավորներին եւ տնանկներին` բժշկության համար:

Թեպետեւ թույլ է ուժով, բայց սիրելի է ու մեծարելի բոլորի համար, որովհետեւ ինքը հարգեց իմաստությունը եւ արժանի եղավ հարգանքի:

Մինչեւ երբ պիտի գամված մնաս, ով ծույլ, կամ երբ պիտի զարթնես քնից: Մի քիչ քնով ընկնես, մի քիչ նստես, մի քիչ ննջես, մի քիչ էլ ձեռքերդ հանգեչցնես կրծքիդ, եւ, ահա, աղքատությունը, ինչպես չար ուղեւոր, կհասնի քեզ, եւ կարիքը, իբրեւ ժիր սուրհանդակ, կկանգնի դռանդ:

Բայց եթե ծույլ չլինես, ապա քո ամառը պիտի հասնի աղբյուրի նման, եւ կարիքը, ինչպես ինքնահալած չարամիտ այր, պիտի փախչի հեռու:

Անօրեն եւ անզգամ մարդը ծուռ ճանապարհներով է գնում, որովհետեւ հենց ինքն է աչքերը թարթում, ոտքերով ցույց տալիս եւ նշանացի սովորեցնում մատներով:

Խոտորված սիրտը չարիքներ է նյութում եւ ամեն ժամանակ սերմանում է խռովություն քաղաքում: Այդ պատճառով էլ նրա կորուստը պիտի հանկարծակի գա, նա պիտի հաշմվի ու մաշվի առանց բուժումի: Նա ծիծաղում է այն ամենի վրա, ինչ ատում է Տերը, եւ իր հոգու պղծության երեսից էլ պիտի կործանվի:

Այն աչքերը, որ թշնամանքով են նայում, այն լեզուն, որ սուտ է խոսում, այն ձեռքերը, որ արդար արյուն են թափում, այն սիրտը, որ չար խորհուրդներ է նյութում, այն ոտքերը, որ շտապում են չարիքներ գործել, պիտի ոչնչանան:

Անիրավ վկան բորբոքում է ստությունը եւ գրգռություն է գցում եղբայրների միջեւ:

Որդյակ, պահիր հորդ օրենքը եւ մի մերժիր մորդ խրատը: Ընդունիր դրանք հոգուդ մեջ. մշտապես պահիր քո գլխում եւ, իբրեւ մանյակ, գցիր քո պարանոցին:

Երբ ճանապարհ գնաս, հետդ տար, եւ թող դրանք քեզ հետ լինեն. երբ քնած լինես, պիտի քեզ պահպանեն, երբ արթնանաս, պիտի զրուցակից լինեն քեզ:

Օրենքի պատվիրանը ճրագ է, հանդիմանությունը եւ խրատը լույս են եւ կյանքի ճանապարհ: Նրանք քեզ հեռու կպահեն ամուսնացած կնոջից եւ օտար կնոջ չար լեզվից.

Որդյակ, թող քեզ չհաղթի կնոջ գեղեցկության ցանկությունը, թող չբռնվեն քո աչքերը նրանով, մի հրապուրվիր նրա թարթիչներով, քանզի պոռնիկ կնոջ պատճառով կարող ես մի նկանակ հացի կարոտ մնալ, որովհետեւ չար կինը որսում է պատվական մարդկանց հոգին:

Հնարավոր է արդյոք, որ մեկը կրակը պահի իր գոգի մեջ եւ շորը չայրի, այդպես էլ անհնարին է որեւէ մեկին մտնել ամուսնացած կնոջ ծոցը եւ առանց պատժի մնալ, ով էլ որ մերձենա նրան, չի արդարացվելու:

Զարմանալու ոչինչ չկա, եթե մեկը բռնվի գողության մեջ. գողանում է, որպեսզի հագեցնի իր քաղցած անձը, բայց եթե բռնվեց, պիտի յոթնապատիկ տուժի եւ անձը փրկելու համար պիտի տա իր ողջ ունեցվածքը:

Իսկ եթե մեկը շնանում է խելքի պակասության պատճառով, նա կորստի է մատնում ինքն իրեն, նա ցավ ու անարգանք պիտի կրի եւ երբեք չի ջնջվելու նրա նախատինքը: Կնոջ ամուսինը պիտ բորբոքվի խանդով լցված եւ չի խնայելու վրեժխնդրության օրը, ոչ մի փրկագնի հետ չի փոխանակելու իր թշնամությունը, ոչ իսկ առատ կաշառքով:

Առակներ 6

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ