Հրաժարական կտա. Հայկական Ժամանակ

Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը 15 օրից հրաժարական կտա, եթե մինչ այդ «Վեդի Ալկո» ընկերությունը Աղավնաձոր համայնքի խաղողագործներին չվճարի նախորդ տարի մթերած խաղողի դիմաց մինչ օրս չվճարած պարտքը: Այս մասին մեր զրույցում ասաց Աղավնաձորի խաղողագործներից Հայկազ Ասատրյանը` նշելով, որ իրենց հայտարարության համաձայն, երեկ երեխաներին չեն ուղարկել դպրոց, փոխարենը հավաքվել են գյուղապետարանի բակում, որտեղ էլ ժամանել է մարզպետը «Վեդի Ալկո» ընկերության ղեկավար Մանվել Ղազարյանի հետ:
«Մարզպետն ասաց եթե 15 օրից հետո ես այդ հարցերը չլուծեմ, ես կարող եմ հրաժարական տալ, ժողովրդի առջեւ է ասել դա: Մենք էլ ասացինք դա էլ փորձենք, տեսնենք, թե ինչ է լինելու»,- ասաց Հայկազ Ասատրյանը նշելով, որ գյուղացիները հարց են բարձրացրել, թե ի՞նչ միջոցներով են ավելի քան 130 միլիոն դրամը վճարելու, որին ի պատասխան էլ տեղեկացել են, որ նշված ընկերության վարկավորման հարցերը կարգավորվում են, որից հետո էլ պարտքերը կմարեն:
«Մենք հարցրինք նաեւ, թե մեր այս տարվա խաղողն ինչ պետք է անենք, իրենք ասեցին, որ սպասենք, այս հարցերը լուծելուց հետո կանդրադառնան մթերմանը»,- ասաց Հայկազ Ասատրյանը: Նա ցավով նկատեց, որ այս տարի նախորդ տարվա համեմատ ավելի քիչ բերք են ակնկալում, քանի որ մթերած խաղողի գումարը չեն ստացել, չեն կարողացել ժամանակին ոռոգել այգիները, դեղամիջոցներ գնել եւ խնամել: Աղավնաձորցիներն այսօր իրենց երեխաներին դպրոց կուղարկեն: