Հոգու խոքրում ամաչում է , թե ինչպես է “հացի փող” վաստակում. Առավոտ
“Ստեղ չի կարելի նկարել”` ինձ ուղղված այս արտահայտությունը ես առաջին անգամ լսեցի 1990 թվականի օգոստոսին: Մեսրոպ Մովսեսյանը եւ ես նկարահանում էինք ՀԱԲ-ի հետ կապված իրադարձությունները:
Տեխնիկայի տան մոտ հավաքվել էր զինված մարդկանց մի խումբ, իսկ “Էրեբունի” հյուրանոցի մոտ` զինված մարդկանց մեկ այլ խումբ, եւ երկու խմբերի ներկայացուցիչներն էլ ինքնաձիգը ձեռքներին մեզ “հորդորում էին” չնկարահանել:
Ինչպես այս դեպքում, այնպես էլ հետագայում, ինձ այնքան էլ չէր հետաքրքրում` այս կոնֆլիկտում եւ մնացած վեճերում ով է ճիշտ, ով` սխալ, մեզ պետք էր հավասարաչափ ներկայացնել երկու կողմերի տեսակետները, ինչը մենք ի վերջո արեցինք:
Վստահ եմ, որ նույնիսկ այսօր` 23 տարի անց, ՀՀՇ-ի եւ ՀԱԲ-ի “հետնորդները” կընդվզեն այդ հավասարակշոության դեմ եւ կասեն, որ ճիշտը հենց իրենք էին: Բայց լրագրողի համար կարեւորը իրադարձությունները լուսաբանելն է ` մնացածը համեմունքներ են:
Այդ պատմությունը հիշեցի նախորդ օրը իմ երիտասարդ գործընկեր Հակոբ Կարապետյանի դեմ կիրառված բռնության կապակցությամբ:
Բնականաբար, թաղի խուժանին, որը տվյալ դեպքում կազմակերպում էր Տարոն Մարգարյանի հանդիպումը բնակչության հետ, որեւէ մեկը չէր հասկացրել, որ նման պարագայում ոչ ոք իրավունք չունի լրագրողին արգելել նկարահանումներ կատարել: Չնայած ես հասկանում եմ, “Տուրբոն” [Աշոտ Պապայանը] եւ “տուրբոյատիպ” մնացած խաժամուժը վատ են զգում, երբ իրենց գործունեությունը հրապարակային է դառնում՝ հավանաբար, հոգու խորքում ամաչում են, թե ինչպես են վաստակում իրենց “հացի փողը”:
Բայց վստահ եմ` իրենց կուսակցությունում` ՀՀԿ-ում, կան մարդիկ, որոնք ի վիճակի են այդ ամենը բացատրել, որոնք գիտեն, որ համացանցի այսօրվա զարգացման պարագայում “տուրբոների” ոչ այնքան հաճելի, մեղմ ասած, դեմքերի պատկերները, միեւնույն է, կտարածվեն եւ կտիրաժավորվեն, գիտեն նաեւ, որ լրագրողի աշխատանքը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է:
Թե ինչու չեն բացատրում` չգիտեմ, հավանաբար` զլանում են: Ինձ համար բացարձակապես միեւնույն է` հարձակման ենթարկված լրագրողը ilur.am-ից է, թե slaq.am-ից, լուսաբանվող քարոզարշավը ՀՀԿ-ինն էր, թե, ասենք, ՀՅԴ-ինը`իշխանությունն ու ընդդիմությունը, հեղափոխականներն ու պահպանողականները այնքան հաճախ են փոխվում տեղերով, որ չես էլ հասցնում աչքդ թարթել:
Ինձ համար կարեւոր է, որ մենք` լրագրողներս, կարողանանք ֆիքսել իրականությունը եւ դա փախանել հասարակությանը, իսկ “համեմունքները” թող տան քաղաքական գործիչները կամ քաղաքականացված մարդիկ` կարեւոր չէ: Այդ աոումով ուզում եմ ուշադրություն դարձնել մի կարեւոր հանգամանքի վրա: Ի՜՛նչ է, այդ միջադեպի ժամանակ Հակոբը միա՜՛կ լրագրողն էր, ում ձեռքը տեսախցիկ կար:
Պատկերացրեք, ինչ կլիներ, եթե խուժանի գործողությունները նկարահանվեին 10 տեսախցիկներով եւ հետո եթեր տրվեին: Նրանբ կհամարձակվեի՞ն խլել 10 լրագրողի տեսախցիկները:
60-ական թվականների ամերիկյան կարճամետրաժ ֆիլմ կար` “Միջադեպ”` թե ինչպես երկու տականքներ ներխուժում են մետրոյի վագոն եւ սկսում հերթով ահաբեկել տասնյակից ավելի մարդու: Բայց ամեն մեկը փորձում է լուծել միայն իր խնդիրը:
Արամ Աբրահամյան