Թինա Կանդելակին փոխվարչապե՞տ

Հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակիին առաջարկել են Վրաստանի փոխվարչապետի եւ կապի ու զանգվածային հաղորդակցման նախարարի պաշտոնը: Այդ մասին “РБК” կայքին հայտնել է Վրաստանի նախարարների նոր կաբինետի աղբյուրը:
Գործակալության զրուցակցի խոսքով` առաջիկայում հաղորդավարուհին եւ նորանշանակ վարչապետ Բիձինա Իվանիշվիլին բանակցություններ կվարեն այդ հարցի շուրջ:
Կանդելակիի մամլո ծառայությունում այս տեղեկությունը չեն հաստատել, բայց չեն էլ հերքել:
Հայտնի հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակին ծնվել է Թբիլիսիում: Նա Կանդելակի ազնվական տոհմից է, որը բնակվում է Վրաստանի Իմերեթիի պատմական շրջանում: Հարկ է նշել, որ այդ նույն շրջանից է նաեւ Բիձինա Իվանիշվիլիի տոհմը, ինչպես նաեւ` “Միլանի” նախկին ֆուտբոլիստ Կախա Կալաձեինը, ում եւս առաջարկվել է փոխվարչապետի պաշտոնը: Հայտնի է նաեւ, որ Կանդելակին եւ Կալաձեն վաղուց մտերիմ ընկերներ են: Նկատենք, որ Կանդելակին հայկական արմատներ ունի: