ՀԱԿ ակտիվիստների բողոքի դատական նիստը հետաձգվեց (լրացված)
ՀՀ վերաքննիչ դատարանում շարունակվում է ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Դավիթ Քիրամիջյանի և Սարգիս Գևորգյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը: Վերջիններիս փաստաբանները պահանջում են արդարացնել երիտասարդներին, ովքեր մեղադրվում են ոստիկանների հանդեպ բռնություն գործադրելու մեջ:
Այսօրվա նիստում դատախազ Հակոբ Մարտիրոսյանը ներկայացրեց միջնորդության վերաբերյալ իր դիտարկումները: Ըստ դատախազի` ամբաստանյալները ինքնապաշտպանության նպատակով չեն դիմադրություն ցույց տվել ոստիկաններին, ակտիվիստների ցուցմունքները ցույց են տալիս, որ խոսք անգամ չի կարող լինել ինքնապաշտպանության մասին: Դատախազն անդրադարձավ նաև փաստաբանների ներկայացրած մեղմացուցիչ հանգամանքներին: Հակոբ Մարտիրոսյանի խոսքերով` ինքը նշել է, որ Արտակ Կարապետյանն անչափաահս երեխաների խնամակալ է, սակայն դատարանը հաշվի չի առել այդ հանգամանքը:
Նշենք, որ նիստն սկսվելուն պես նախագահող դատավոր Արմեն Դանիելյանը ԶԼՄ-ների ներկայացուցիչներին զգուշացրեց, որ տեսաձայնագրում կարող է կատարվել միայն առաջին 10 րոպեների ընթացքում: Տիգրան Առաքելյանի փաստաբանը` Վահե Գրիգորյանը խնդրեց ներկայացնել տեսաձայնագրումն արգելելու պատճառները: Դատավոր հարցրեց, թե արդյոք փաստաբանը հարց է ուղղում իրեն: Ստանալով դրական պատասխան` Արմեն Դանիելյանը չպարզաբանեց արգելքը՝ պատճառաբանելով, թե փաստաբանն իրավունք չունի հարց ուղղել դատավորին:
Հավելենք, որ այս պահին դատարանը հեռացել է խորհրդակցության:
Ինչպես ավելի վաղ էինք տեղեկացրել, ընդհանուր իրավասության դատարանը Տիգրան Առաքելյանին մեղավոր է ճանաչվել և ազատազրկման է դատապարտվել վեց տարի ժամկետով: Մյուս ամբաստանյալները ևս դատապարտվել են ազատազրման. Արտակ Կարապետյանը դատապարտվել է երեք տարի , Սարգիս Գևորգյանը՝ երկու տարի,Դավիթ Կիրամինջյանը երկու տարի ժամկետներով ազատազրկման:
17: 51
Փաստաբան Վահե Գրիգորյանը միջնորդեց, որպեսզի նիստը հետաձգվի, քանի որ նա պետք է մասնակցեր մեկ այլ դատական նիստի: Դատավորը բավարարեց միջնորդությունը և նիստ նշանակեց նոյեմբերի 2-ին:
Հաջորդ նիստում Վահե Գրիգորյանը կներկայացնի իր պատասխանը մեղադրող կողմի նկատառումներին: