Ի՞նչ էր անելու Սաակաշվիլին 44 ոչխարը, որոնց գնել էր
Վրաստանի խորհրդարանի գործընթացային հարցերի եւ կանոնակարգերի հանձնախմբի նախագահ Իրինա Իմերլիշվիլին Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ծախսերի մասին տվյալները “շոկային” է անվանել: Նախագահի “անձնական թիկնազորի կարիքներ”-ի հոդվածի ներքո “գաղտնի” հսկայական գումարներ են գրվել, գրում է “ohrana.ru”-ն:
Իմերլիշվիլիի խոսքով` այդ տվյալների հրապարակումը հնարավոր է դարձել միայն այն բանից հետո, երբ երկրի ղեկավարի անվտանգության վերահսկողությունն անցել է նոր կառավարությանը: Խորհրդարանականը պատմել է, որ անցյալ Նոր տարին Սաակաշվիլին հարազատների հետ դիմավորել է Արաբական Միացյալ Էմիրություններում, ինչի համար էլ “անձնական թիկնազորի կարիքներ”-ից ծախսվել է 145 հազար դոլար: Այնուհետեւ նախագահը` Թբիլիսիի քաղաքապետ Գեորգի Ուգուլավի հետ, որոշել է Ավստրիայում “քաշ գցել”` 70 հազար դոլարով:
Շքեղ նվերներ են մատուցվել ոչ միայն Սաակաշվիլիի ընտանիքի անդամներին, այլ նաեւ նրա ընկերներին, չինովնիկներին, հյուրերին: Օրինակ` նախագահը ոսկյա զարդ է նվիրել ռուս լրագրող Քսենիա Սոկոլովային, ով իրենից հարցազրույց է վերցրել: Նախագահի անձնական խոհարարը, ով հրավիրվել է Իսպանիայից, բյուջեի վրա 300 հազար դոլար է արժեցել: Անսպասելի է եղել 5 հազար դոլարի չափով գումարի ծախսը, որով 44 ոչխար է գնվել, որոնք ընտրություններից առաջ բնակչությանն են բաժանել:
Սաակաշվիլիի նախկին մամլո քարտուղար Պետրե Մամրաձեն այս տեղեկությունը “Известия”-ում մեկնաբանել է հետեւյալ կերպ. “Սաակաշվիլին միշտ էլ պաթոլոգիական սեր է տածել դեպի շքեղությունը: Նա փորձառու առեւտրականի նման “գլուխ է հանում” հագուստի, կոշիկի, մեքենաների, ժամացույցների գներից: Իսկ երկրի ղեկավար դառնալով` նա կարողացավ այդ որլորտի իր երազանքներն իրականություն դարձնել”: