Ի՞նչ ուտել նախաճաշին: Խորհուրդներ դիետոլոգից
Նախաճաշը շատ կարևոր է մեր լավ ինքնազգացողության և առողջության համար, նույնիսկ, եթե աշխատում եք, ավելի ճիշտ, մանավանդ եթե աշխատում եք, պետք է անպայման ժամանակ տրամադրեք լավ նախաճաշին: Նախաճաշը բարձրացնում է մարդու մտավոր ունակությունները և տրամադրությունն ամբողջ օրվա ընթացքում, ինչպես նաև փաստ է, որ նպաստում է քաշի նվազեցմանը:
Մի քանի տարբերակներ
1. Ձու – սպիտակուցի և 9 հիմնական ամինաթթուների աղբյուր: Ներառում է իր մեջ այնպիսի միացություններ, որոնք խթանում են ուղեղի աշխատանքը, իսկ առավոտյան հենց սա էլ մեզ պետք է, չէ՞: Ձուն նպաստում է լավ տեսողությանը, ոսկորների ամրությանը, նվազեցնում է մկանային դեգեներացիայի ռիսկը, արյան մեջ թրոմբերի առաջացման հավանականությունը: Չնայած իր բոլոր արժանիքներին ձվի դեղնուցը հանդիսանում է խոլեստերինի մեծ աղբյուր, որը պետք է չափավոր օգտագործվի, սա է պատճառը, որ որպես նախաճաշ հիմնականում խորհուրդ եմ տալիս ձվի սպիտակուցը:
Հրաշալի տարբերակ կլինի բանջարեղեններով, կանաչիներով ձվածեղը առավոտյան:
2. Մրգեր, հատապտուղներ և բանջարեղեն: Բազմազան ընտրություն ունեք այս սեզոնին: Այս հնարավորությունը չօգտագործելը հանցագործություն է ընդդեմ ձեր օրգանիզմի:
3. Յոգուրտ , կեֆիր – անպայման վրան ավելացրեք մրգեր, հատապտուղներով, կարելի է ընկույզ
4. Ամբողջական հացահատիկներ – վարսակի փաթիլներ, հատապտուղներով կամ սև սալորով
5. Դառը շոկոլադ – այո՛, փոքրիկ կտոր, որը կբարելավի ձեր արյան ճնշումը:
6. Սուրճ և թեյ– Սուրճը մի չարաշահեք, օրական մեկ գավաթը շոգ օրերին բավարար է և նույնիսկ օգտակար: Ըստ ամերիկացի բժիշկների անցյալ տարվա հետազոտությունների կոֆեինը նվազեցնում է մաշկի քաղցկեղի և 20 տոկոսով էլ սրտի նոպայի հավանականությունը: Կանաչ թեյի 2-3 բաժակը սրտի նոպայի հավանականությունը նվազեցնում են 14 տոկոսով: Բայց պրիմիտիվ մաթեմաթիկական հաշվարկներ պետք չէ անել ու մտածել, որ կրկնապատկելով գավաթների քանակը կրկնապատկում եք նաև օգուտը, ճիշտ հակառակը: Խնդրում եմ չչարաշահել:
Խուսափեք աղից, քաղցր թեյերից, քաղցր գազավորված ըմպելիքներից: Սրանք կարող են ջրազրկել ձեզ, դառնալ քրոնիկ հիվանդությունների պատճառ /2րդ կարգի շաքարախտ, սրտային հիվանդություններ/:
Հուսամ, որ իմ ընթերցողներից նրանք, ովքեր մինչ այս չէին նախաճաշում, վաղն առավոտյան կանեն նախաճաշը այսուհետ սովորույթ դարձնելու առաջին քայլը:
Բարի վաղն առավոտյան ախորժակ 🙂
Վ.Պ.
Դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյան