Արմեն Մուրադյանը մանրամասնեց ՊՊԾ գնդում գտնվողներին օգնություն տրամադրելու կարգը
«Նախօրեին Խորենացի փողոցում քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ բախումից հետո բոլոր վիրավորվածներին ցուցաբերվել է պատշաճ բուժօգնություն»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
«Առավոտյան ժամը 9-ի դրությամբ բուժհաստատություներ է դիմել 51 քաղաքացի, որից 29-ը՝ ոստիկան: Բոլորին ցուցաբերվել է պատշաճ բուժօգնություն: Այս պահին ծայրահեղ ծանր կամ կյանքին վտանգ սպառնացող դեպքեր չունենք»,-նշեց նախարարը:
Անդրադառնալով հուլիսի 17-ին ոստիկանության պահակապարեկային ծառայության գունդը գրոհելու ժամանակ վիրավորվածներին, նախարարն ասաց. «Կիրակի օրվա դեպքերի հետ կապված Գագիկ Մկրտչյանի վիճակն էր մնում ծանր, բայց այսօր կարծես դրական միտում կա եւ հնարավոր է, օրվա մեջ արհեստական շրչառական ապարատից անջատեն»:
Նախարարը ընդգծեց, որ այսօր էլ շտապօգնության մեքենաները ՊՊԾ գնդի շրջակայքում են եւ եթե անհրաժեշտությունը լինի կարող են օգնություն ցույց տալ:
Հիշեցնենք, որ նախօրեին ժամը 21.30-ի սահմաններում բախում է տեղի ունեցել Խորենացի փողոցում ոստիկանների ու ցուցարարների միջեւ:
Ոստիկանները սկսել են աղմկարար նռնակներ նետել, հատուկ միջոցներ կիրառել՝ ցուցարարներին ցրելու համար։ Իրավապահները նաեւ արցունքաբեր գազ են կիրառել։
Վաղ առավոտյան ժամը 4-ի սահմաններում, ոստիկանությունը սկսել է զանգվածաբար բերման ենթարկել ցուցարարներին: Քաղաքացիներից մի քանիսի նկատմամբ ուժ է կիրառվել, տուժել են նաեւ լրագրողներ: Բերման ենթարկվել նաեւ ցուցարարներ Տիգրան Մեծի պողոտայից, Նար-Դոսի փողոցից։
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք Էրեբունիում գրոհով վերցրել են ՊՊԾ գունդը եւ պատանդ են վերցրել ոստիկանության սահմանափակ թվով ծառայողների: Մեկ ոստիկան՝ նույն գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանը զոհվել է: Վիրավորվել են եւս չորս ոստիկաններ եւ ՊՊԾ գնդի գրոհին մասնակցած անձանցից մեկը: Այս պահին պատանդների թիվը 4 է: